Կկարողանա՞ Էմանուել Մակրոնը գրավել Թրամփի «սուրբ» տեղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ շաբաթվա վերջին հանդես եկավ հերթական աղմկահարույց հայտարարությամբ, որով իր երկիրը դուրս էր բերում գլոբալ ջերմացման դեմ պայքարի Փարիզի համաձայնագրից: Իր քայլը բացատրելով ամերիկյան շահերով` ԱՄՆ նախագահը բավականին տխուր փաստի առաջ է կանգնեցրել համաշխարհային գործընկերներին, որոնց արձագանքը, իհարկե, չի ուշացել, մասնավորապես՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի:
Նախընտրական քարոզչության շրջափուլում Թրամփը բազմիցս քննադատել է Օբամայի վարչակազմին` գլոբալ ջերմացման դեմ պայքարում չափից ավելի ակտիվ լինելու համար: Ըստ Թրամփի` ջերմացման դեմ պայքարում ԱՄՆ-ն ինքն իրեն զրկում էր բազմաթիվ ճոխություններից, որից օգտվում էին մրցակիցները: Նրա կարծիքով` այդ պայքարը կաշկանդում էր ԱՄՆ-ի տնտեսական հաջողությունները: Ի դեպ, Թրամփը նախընտրական շրջանում քանիցս հայտարարել էր, որ գլոբալ ջերմացումը միֆ էր, այնուհետեւ պնդել էր, որ հավատում է դրա իսկությանը եւ այլն: Հաշվի առնելով Թրամփի բնավորությունը` զարմանալի չէ, որ նա քանիցս փոփոխել է իր կարծիքը մի հարցի վերաբերյալ:

Համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ մասնագետներ մեկ անգամ չէ, որ ապացուցել են գլոբալ ջերմացման փաստն ու վտանգավոր միտումները: Այսօր էլ բազմաթիվ փաստեր են հրապարակվում, թե ինչպես են հալչում բեւեռային սառույցները` մոլորակն առաջիկայում աղետների առաջ կանգնեցնելու սպառնալիքով: Այդօրինակ խորհրդածությունների ու քննարկումների արդյունքում էլ 2015թ. Փարիզում կնքվեց մի աննախադեպ համաձայնագիր, որով հստակ օրակարգ սահմանվեց համաշխարհային ջերմացման դեմ պայքարի հարցում: Պայմանագիրն ուներ հստակ առանձնահատկություն, քանզի դրա կնքմանը համաձայնել էին աշխարհի առաջատար բոլոր պետությունները, որոնց ցանկության դեպքում միայն այն ուժի մեջ կմտներ ու գործնական ընթացք կստանար: Խոսքը մասնավորապես վերաբերում է ԱՄՆ-ին ու Չինաստանին, որոնք միշտ չէ, որ համագործակցում են միմյանց հետ, բայց կլիմայի փոփոխության հարցում ի վիճակի էին եղել մոտեցնել դիրքորոշումները եւ կոնկրետ լուծման հանգել: Այս հարցում առանձնապես մեծ տարակույսներ ուներ Չինաստանը, որը մեծագույնս նպաստում է մոլորակի էկոլոգիական աղետին` վնասակար նյութերի իր արտանետումներով: Չինաստանը օգտագործում է էներգիայի ստացման ամենաէժան աղբյուրները, մասնավորապես ածուխը, ինչը օգտակար է նրա տնտեսության արագ աճի համար, բայց միեւնույն ժամանակ խիստ բացասական հետեւանքներ է ունենում մոլորակի էկոդաշտի վրա: Եվ ահա Օբամայի վարչակազմը կարողացել էր փոխզիջումային տարբերակներով Չինաստանին բերել կառուցողական դաշտ եւ հասնել Փարիզի համաձայնագրի կնքմանը: Այսօր, սակայն, երբ համաձայնագրից հեռանում է Թրամփը, Չինաստանի համար հրաշալի առիթ է հանդես գալ բնության ու շրջակա միջավայրի պաշտպանության հարցում իբրեւ ավելի կառուցողական ու կոմպրոմիսային պետություն:

Համաձայնագիրը լքելու ԱՄՆ նախագահի քայլը առանձնապես լուրջ քննադատության է արժանացել Եվրոպայում: Եվրոպական տերությունները, մասնավորապես` Ֆրանսիան ու Գերմանիան, հաջողությամբ գործակցում էին Օբամայի վարչակազմի հետ եւ միասնական ջանքերով առաջ մղում գլոբալ ջերմացման դեմ պայքարի քաղաքականությունը: Այդ համատեքստում Չինաստանի ու մերձավոր պետությունների համար բավականին դժվար էր հակառակվել միացյալ Արեւմուտքին: Մինչդեռ այժմ արեւմուտքը իսկապես տրոհված է, ինչի վկայությունն է Թրամփի հայտարարությանը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հապճեպ արձագանքը: Աննախադեպության կարգով Ֆրանսիայի նախագահը հանդես եկավ անգլերեն ելույթով` շեշտելով, որ Ֆրանսիան հավատարիմ է գտնվելու իր ստորագրությանն ու գործնականում առաջ է մղելու մոլորակի ջերմացման դեմ քաղաքականությունը: Առանց ԱՄՆ-ի կամ նրա նախագահի անվան հիշատակման` Մակրոնը հասկացրել է, որ իր ելույթը Թրամփի հայտարարության պատասխանն է: Ակնարկելով Թրամփի` «Ամերիկան կրկին հզոր դարձնելու» նախընտրական կարգախոսը` Մակրոնը խոստացել է «կրկին հզորացնել մոլորակը»` առանձին պետությունների շահերը ստորադասելով համամոլորակային խնդիրների լուծմանը: Ի դեպ, հարցին անդրադարձել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը հրաժարվել է քննադատել Թրամփին` նկատելով, որ համաձայնագիրը ուժի մեջ է մտնելու միայն 2021թ. եւ մինչ այդ գուցե հնարավոր լինի ինչ-ինչ տեղաշարժեր արձանագրել: Պուտինը լավ հոգեբան է եւ որսացել է պահը` հրաժարվելով որեւէ բացասական խոսք ասել Թրամփի հասցեին, որը ցանկացած քննադատություն թշնամաբար է ընդունում: Այդուհանդերձ, ՌԴ նախագահը ընդգծել է, որ Փարիզի համաձայնագիրը կնքելու համար մեծ ջանքեր են գործադրված եղել եւ լուրջ փոխզիջումներ կատարվել:

Ֆրանսիայի նախագահի անգլերենով ելույթն ու անուղղակի ակնարկները Թրամփի ուղղությամբ թույլ են տալիս վերլուծաբաններին պնդել, որ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ տարաձայնությունները արդեն իսկ սպրդել են փակ դռների ետեւից: ԱՄՆ-ի ու Եվրոպայի առաջնորդները կարծես թե անկարող են միմյանց հետ համաձայնությունների հանգել, ինչից շահելու են Ռուսաստանն ու Չինաստանը: Այս տեսանկյունից թե՛ Պուտինի արձագանքն է տեղին, թե՛ Չինաստանի ինքնավստահությունը: Ետպատերազմյան շրջանում ԱՄՆ-ի ու Եվրոպայի դաշնակցությունը խիստ նեղացնում էր ԽՍՀՄ-ի հնարավորությունները: Իրավիճակը դժոխային կերպով կրկնվեց ՌԴ-ի համար Ուկրաինայում ինքնագործունեությամբ զբաղվելու շրջանում, մինչդեռ այսօր արդեն ՌԴ-ն ու Չինաստանը կարող են հանգիստ շունչ քաշել: ԵՄ-ում առկա ներքին խնդիրներն ու Թրամփի քաղաքականությունը պարզապես ջլատել են ամերիկա-եվրոպական միասնությունը, որ ցցուն դարձավ ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում: Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը նահանջում է համաշխարհային առաջատարությունից, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը փորձում է դատարկ չթողնել «սուրբ» տեղը: Հարց է, սակայն, արդյո՞ք ԱՄՆ-ն կարող է իր հսկայական ռեսուրսներով պարփակվել միայն իր ներսում, իսկ Ֆրանսիան էլ՝ համեմատաբար սակավ հնարավորություններով ստանձնել առնվազն եվրոպական հեգեմոնի դերը:

Ն. Հովսեփյան




Լրահոս