Գեղարքունիքի մարզի կաշառքի գործը բացահայտվել է ուշագրավ գործողությունների արդյունքում. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթին մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի մարզային դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի եւ նույն դատարանի դատավորի՝ Վանիկ Վարդանյանի կողմից կաշառք վերցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործից: Բանն այն է, որ դատավորների՝ կաշառք վերցնելու գործը բացահայտվել է իրավապահների կողմից իրականացված ուշագրավ գործողությունների արդյունքում:

Նշենք, որ վերոնշյալ պաշտոնատար անձինք կալանավորվել էին հունիսի 9-ին: Ըստ նախաքննության տվյալների՝ Վարդենիս քաղաքի բնակիչ Գոռ Գալստյանի ծնողները ցանկացել էին ազատ արձակել իրենց որդուն եւ դրա համար գումար են տվել վերոնշյալ պաշտոնատար անձանց մտերիմներին, որպեսզի հարցը լուծվի: Սակայն այդպես էլ գումարը տեղ չէր հասել, եւ մեղադրյալ Գոռ Գալստյանը մնացել էր կալանքի տակ: Ի սկզբանե հայտնի դարձավ, որ մեղադրյալ Գոռ Գալստյանի ծնողները իրավապահներին որեւէ բողոք չեն ներկայացրել, եւ այս դեպքը իրավապահները բացահայտել էին նրանց հեռախոսազանգերը գաղտնալսելու արդյունքում: Բայց պարզվում է, որ ԱԱԾ-ն կաշառակերության այս դեպքը բացահայտելու համար այլ գործողությունների էլ է գնացել:

Այսպիսով՝ «Ժողովուրդ» թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահները հատուկ սարքեր են կիրառել: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի աշխատասենյակի էլեկտրալարերի միջոցով դրսից հետեւել եմ աշխատասենյակի անցուդարձին: Եվ ահա այդ թանկարժեք գաղտնալսման արդյունքում էլ, ըստ լուրերի, արձանագրվել է, թե ինչպես է դատավոր Վանիկ Վարդանյանը գումարը կիսում դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի հետ:

Նկատենք, սակայն, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դեռ որեւէ անհերքելի փաստ, տեսանյութ չի հրապարակել, որը կարող էր վստահություն ներշնչել հասարակության մոտ, որ իսկապես դատավորները կաշառք են վերցրել: Ու քանի դեռ իրավապահների կողմից վերոնշյալ պաշտոնատար անձանց կաշառքի գործով ապացույցներ չեն ներկայացվել, այլ լուրեր են տարածվում այս կամ այն փաստի գոյության մասին, նրանց կալանքի տակ պահելը մի շարք կասկածների տեղիք է տալիս: Արդյո՞ք նրանք կաշառք են վերցրել, թե՞ պարզապես դարձան քավության նոխազ՝ հանուն Եվրոպայի գումարների:

Քնար Մանուկյան




Լրահոս