Բաղանիս, Տավուշի մարզ, հուլիսի 13: Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղն իր անունը ստացել է հնում տարածաշրջանի միակ գետով գյուղը լինելու համար. «բաղանիսը» «բաղնիք» բառի հոմանիշն է։ Ժամանակին ջրի խորհրդանիշ եղած գյուղը մինչև վերջերս ոռոգման ջրամատակարարման պատշաճ համակարգ չուներ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքսերճիէան և Շիմշիրօղլու ընտանիքների ֆինանսավորմամբ շուրջ 27 կմ հեռու գտնվող ակունքի ջուրը այսուհետ կհասնի նաև գյուղին։
Ադրբեջանական կրակոցների ներքո ապրող գյուղի գյուղապետ Նարեկ Սահակյանը ոռոգման համակարգի բացման արարողությանը նշեց՝ բաղանիսցին հպարտությամբ է մնում գյուղում։ «Սահմանամերձ գյուղում ապրելը հեշտ բան չէ, բայց մենք ուժեղ ենք մեր թիկունքով, մեր աջակիցներով։ Շնորհակալ ենք արգենտինահայ համայնքին, որոնք տասնյակ հազարավոր կիլոմետրեր մեզնից հեռու լինելով, մեր ամուր և վստահելի թիկունքն են»։ Արգենտինահայ բարերար Քիրքոր Շիմշիրօղլուն, որն առաջինը լվացվեց նորակառույց համակարգի հոսող ջրով, ասաց, որ Սփյուռքի համար կարևոր է, որ հայաստանցին իր հողի վրա իրեն ապահով զգա։ «Ջուրը գյուղի զարգացման կարևոր կենսապայմաններից է, և մենք շատ ուրախ ենք, որ աջակցեցինք այս կարևոր ծրագրին»։
«Հայաստան» համահայկական հիմնադրամն արգենտինահայերի ֆինանսավորմամբ վերակառուցել է համայնքի 2.4 կմ երկարությամբ ոռոգման ցանցը, ինչը 20-ից 25 հա-ով կընդլայնի գյուղի մշակելի հողատարածքները։ Գյուղի 823 բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը այգեգործությունն ու անասնապահությունն են։
«Հայաստան» համահայկական հիմնադրամ