Ինչո՞ւ են Տավուշի մարզում կիսատ-պռատ ասֆալտապատում անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղում կառուցվել է ասֆալտապատ ավտոճանապարհ: Այն ձգվում է գյուղի տարածքով համայնքային նշանակության ավտոճանապարհի խաչմերուկից եւ պետք է հասներ մինչեւ գյուղի մանկապարտեզի եւ բժշկական ամբուլատորիայի շենքերի մոտ: Սակայն պետբյուջեից հատկացված 19 միլիոն դրամով ճանապարհը կիսատ է ասֆալտապատվել: Եւս 200 մետր ասֆալտապատում պետք է արվի, որպեսզի ասֆալտապատ ուղին հասնի 2015թ. գործարկված մանկապարտեզի շենքի մոտ:

Ոսկեվանի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհություն են հայտնել, որ ճանապարհի ողջ երկարությամբ ասֆալտի շերտը նեղ է սարքվել, ու բացի այդ՝ գյուղի մեծ աղբյուրի ոլորանի ասֆալտի նեղ շերտը կարող է ավտովթարների պատճառ դառնալ: Բայց ճանապարհաշինության այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ ինչպես հայտնում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Ոսկեվանում ասֆալտապատումն իրականացրած երեւանյան շինարարական կազմակերպությունը ասֆալտը սահմանամերձ Ոսկեվան է տեղափոխել Երեւանից, շուրջ 180 կմ հեռավորությունից, իսկ ասֆալտի համար պահանջվող խիճը՝ Իջեւանից, շուրջ 50 կմ հեռավորությունից:

Ստացվում է, որ ծրագրի համար հատկացված գումարը բավարարել է հեռու տարածություններից ասֆալտ եւ խիճ ներկրելու համար, սակայն բավարար չէր ասֆալտապատ ուղին Ոսկեվանի կենտրոն հասցնելու համար, որ աշխատանքը երեւար:




Լրահոս