Հուլիսի 31-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի և մյուսների գործով առաջին դատական նիստը, որը, սակայն, հետաձգվեց պաշտպաններից մեկի բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ Բաբայանը ձերբակալվեր էր ապրիլի 2-ին կանայալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, եւ շատերն այս ձերբակալությունը քաղաքական համարեցին՝ կապված «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին սատարելու եւ, առհասարակ, քաղաքական հավակնությունների պատճառով: Նման տեսակետ ունի նաեւ «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ, Սամվել Բաբայանի ընկեր Գագիկ Մելքոնյանը, ում հետ զրուցել ենք Բաբայանի, դաշինքի գործունեության եւ, առհասարակ, սպասվող քաղաքական զարգացումների շուրջ:
-Պարո՛ն Մելքոնյան, օրեր առաջ տեղի ունեցավ Բաբայանի գործով առաջին դատական նիստը: Բաբայանի մարտական ընկերներին չտեսանք այնտեղ: Ո՞րն էր պատճառը որ ներկա չէիք դատական նիստին:
-Մենք ներկա ենք եղել, բոլոր անդամներն էլ եկել էին, բայց դրսում ենք եղել, քանի որ ներս չէին թողնում: Սահմանափակ քանակությամբ մարդ թողեցին ներս, մենք մնացինք դրսում: Ասացին՝ ամեն կողմից 5-ական մարդ կարող է ներս մտնել, եւ այդ պատճառով ներս մտան միայն հարազատները, մենք մնացինք դրսում: Սակայն դատարանում տեղի ունեցած իրադարձություններից տեղյակ ենք, գիտենք, որ դատական նիստը հետաձգվել է:
-Շարունակո՞ւմ եք պարոն Բաբայանի հետ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում համարել:
-Միանշանակ: Դատավարությունը ցույց կտա, թե ինչն ինչոց է: Ոչ միայն դաշինքի հետ է կապված եղել, այլ, առհասարակ, քաղաքական հայացքների: Նա ցանկանում էր, որ այս երկիրը կարգավորվի:
-Պարո՛ն Մելքոնյան, ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո այժմ ինչով է զբաղվում «Ազատամարտիկների դաշինքը»: Առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան:
-Մենք հիմնականում զբաղվում ենք մեր տղաների սոցիալական հարցերով: Այս է մեր անելիքն առայժմ: Քաղաքական զարգացումներ այժմ չեն նշմարվում, որին կձգտեինք մաս կազմել:
-Օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է ընդդիմության միավորման, թավշյա հեղափոխության մասին: Դիտարկո՞ւմ եք նրանց միանալու տարբերակը:
-Մենք արդեն փորձել ենք, մի միության հետ միավորվել ենք եւ տեսել ենք, թե ինչ է եղել: Դրա համար պետք է համոզված լինենք, թե մարդիկ ինչ նպատակ ունեն, որ միանանք:
-Այսինքն՝ հենց ՕՐՕ դաշինքին միանա՞լն է պատճառը, որ չհաջողեցիք: Հնարավո՞ր է, օրինակ, «Ծառուկյան» դաշինքում հաջողեիք:
-Ուրիշ ի՞նչ դաշինք: «Ծառուկյան» դաշինքին մենք մի անգամ արդեն միացել ենք, տեսանք, թե ինչ զարգացումներ եղան: Այդ փուլում մենք միայն ՕՐՕ դաշինքի հետ էինք պատկերացնում մեր համագործակցությունը:
-Պարո՛ն Մելքոնյան, իսկ ընտրություններից հետո վերլուծե՞լ եք, թե ինչու այդպես ստացվեց, եւ ինչու հետընտրական ոչ մի զարգացում չեղավ, եւ ժողովուրդը փողոց դուրս չեկավ:
-Այն եզրակացության եկանք, որ մեր ժողովուրդը պատրաստ չէ ոչ մի բանի, եւ ոչ մի բան չի հետաքրքրում: Փողոց դուրս եկողը ժողովուրդն է, եթե ժողովուրդը չի ուզում փողոց դուրս գալ, մենք ո՞ւմ համար ենք դուրս գալիս փողոց: Այդ նույն ժողովուրդը մեր հետեւից փողոց դուրս չեկավ: Ինքն իր ապագան, իր ձայնը ծախեց 10-ը հազար դրամով, հիմա հանգիստ վայելում է, մինչեւ հիմա կուշտ ուտում է այդ փողերը:
-Իսկ առաջիկայում ի՞նչ քաղաքական զարգացումներ եք ակնկալում: Օրինակ՝ բոլորին հետաքրքրում է, թե 2018-ին, ի վերջո, ով է լինելու ՀՀ վարչապետը: Ձեզ այդ հարցը մտահոգո՞ւմ է:
-Մինչեւ 2018 թվականը զարգացումներ չեն լինի, միայն դրանից հետո կարող ենք ակնկալել: Իհարկե, ինձ համար կարեւոր է, թե ով կլինի երկրի վարչապետը, սակայն ով էլ ուզում է՝ վարչապետ դառնա, միեւնույնն է՝ այս երկիրը ղեկավարելու է Սերժ Սարգսյանը: Երկիրը մի մարդ է ղեկավարելու, ով հիմա էլ է դա անում: Առհասարակ, ամեն ինչ պարզ կլինի 2018-ին, բայց միեւնույն է՝ ՀՀԿ-ն է ղեկավարելու: Մենք քանի վարչապետ փոխեցինք, էլի երկիրը ղեկավարում է ՀՀԿ-ն:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը