Երեւանի Դավիթաշեն թաղամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի արկեր:
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, նախնական տվյալներով, օգոստոսի 2-ի երեկոյան Դավիթաշենի տներից մեկի բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ, 20-ամյա Ա.Եփրեմյանը եւ 32-ամյա Ն.Եփրեմյանը։ Վերջինս բժշկական կենտրոնում մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է հրետանային արկ՝ 620 մմ երկարությամբ 120 մմ տրամաչափի, ևս մեկ արկ՝ մասնատված երկու կտորի, էլեկտրական սարքի փաթույթ պղինձե գալարներով:
Վերցվել են փորձանմուշներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական-հետքաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: