Ի՞նչ անճշտությունների մասին է ակնարկում նախարար Նալբանդյանը. 2 հարցազրույց՝ 1 օրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի երեկվա հայտարարությունը այսօր փոթորկել է ՀՀ իշխանական համակարգը:

Երեկ երեկոյան տարածված 6 կետերից բաղկացած հայտարարությունն, իհարկե, առանձնապես նորություն չէր, քանի որ բխում էր տարիներ ի վեր Արցախի հիմնահարցի շուրջ ընթացող բանակցային սեղանին դրված Մադրիդյան սկզբունքներից:

Բայց հետաքրքիր էր, որ այն հրապարակվեց Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Սոչիում կայացած հանդիպումից հետո՝ այդպիսով ցույց տալով, որ հռչակված նորմերից շեղված որեւէ լուծում չի ընդունվելու գոնե ամերիկացիների կողմից:

Բայց մյուս կողմից, Հոգլանդի հայտարարությունը գուցե ընդամենը հեռացող համանախագահի՝ իրեն հիշեցնելու մի ձեւ էր, բայց այն չափից շատ մեծ ուշադրության արժանացավ:

Նախ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հոգլանդի խոսքերը նորություն չէին:

Այնուհետեւ խոսեց Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը՝ Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարելով, թե ասվածը Մադրիդյան սկզբունքների բառափոխումն է:

Բայց պետական ապարատը սրանով չբավարարվեց: Օրվա վերջում Էդուարդ Նալբանդյանը 2 հարցից բաղկացած մի հարցազրույց էլ տվեց News.am-ին, որը պաշտոնական խողովակով տարածվեց բոլոր լրատվամիջոցներին: Այս անգամ էլ Նալբանդյանի ասելիքն այն է, թե Հոգլանդն «իր մեկնաբանության մեջ փորձել է հավատարիմ մնալ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ ընդունված հինգ հայտնի հայտարարությունների դրույթներին, սակայն թույլ է տվել որոշ անճշտություններ ու բացթողումներ»:

Թե որոնք են այդ անճշտությունները, այդպես էլ Նալբանդյանը չբացատրեց: Ու անհասկանալի մնաց, թե ինչու նախարար Նալբանդյանը օրվա մեջ երկու անգամ խոսելով նույն թեմայի մասին, այդպես էլ էական ոչինչ չասաց:

Թամարա Միքայելյան




Լրահոս