ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեզ տանում են դեպի հարցի չլուծում. Լևոն Շիրինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 24-ին հայտարարություն տարածեցին Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին:

Հայտարարությունում նշված է, որ համանախագահները հուսով են, որ երկու երկրների ղեկավարների բարձր մակարդակով հանդիպումը կնպաստի ԼՂ հակամարտության կարգավորման մնացած առանցքային հարցերում փոխզիջումների որոնման համար վստահության և քաղաքական կամքի ամրապնդմանը:

Տարածված հայտարարություններից հետո որոշ փորձագետներ տարօրինակ համարեցին հանգամանքը, որ այս հայտարարության մեջ չխոսվեց Սանկտ-Պետերբուրգում և Վիեննայում կայացած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ այս հանգամանքը մեկ բանի մասին է վկայում.

«Միանշանակ է, որ նոր ցիկլ է սկսվում կամ էլ վերադառնում են ի շրջանս յուր: Սա նշանակում է, որ անարդյունավետ բանակցային գործընթացը շարունակվում է անընդմեջ: Այս բոլոր հանդիպումները, հայտարարությունները հայկական կողմին հուշում են օբյեկտիվ մեկ բան. թողնել գործընթացի այդ ձևաչափը: Բայց տեսնում եք, որ պարոն Նալբանդյանը համառորեն մնում է Մինսկի խմբի ձևակերպման երեք սկզբունքների՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման և խաղաղության շրջանակում, որը պատերազմ ծնելուց բացի ոչինչ չի անում», – նշում է քաղաքագետը:

Վերջինիս կարծիքով, ստեղծված իրավիճակում հայկական կողմը մեկ քայլ պետք է անի.

«Որպեսզի բանակցային գործընթացի մեջ մենք հաջողություն ունենանք և մեր ժողովրդի հարցերը լուծվեն, բանակցային այս ֆորմատից պետք է հրաժարվենք և իրական բովանդակությանը վերադառնանք: 1960 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունել է հայտնի՝ «Գաղութացված պետություններին և ժողովուրդներին ազատություն տալու մասին» որոշումը: Դա այն ճանապարհն է, որով Արցախի նման խնդիր ունեցող ժողովուրդները, ինքնորոշման իրավունքը ապահովելով, հասել են անկախության և ազատության, ինչպես նաև բարգավաճման: Այս անկախության բանաձևով բազմաթիվ ժողովուրդներ ստացան անկախություն:

1961 թվականին ՄԱԿ-ը այս հարցի վերաբերյալ լրացուցիչ որոշում է կայացրել: Հայկական կողմն այժմ ևս պետք է գա դեպի ՄԱԿ-ի այս բանաձևերը, բայց չի գալիս: Ես չգիտեմ, թե ինչո՞ւ: Ես դա մշտապես ասում եմ, որովհետև Արցախի ժողովրդի հարցն ունի իր լուծումը, իսկ բանակցային ներկա ֆորմատում՝ չունի:

Ի՞նչ ունի նա. այն, որ արտաքին ուժերը փայլուն կերպով կառավարում են քաղաքական գործընթացը», – ընդգծում է ArmLur.am-ի զրուցակիցը:

Ինչ վերաբերում է եռանախագահների նախկին պայմանավորվածություններին, քաղաքագետը հավելում է, որ Մինսկի խմբի եռանախագահները մի ժամանակ պայմանավորվել են մեկ բան, իսկ հիմա դա չեն հիշում, հետո հաջորդ անգամ նորից հանդիպում են կազմակերպում, այլ պայմանավորվածություն են ձեռք բերում, և մենք ուղղորդվում ենք իրենց բանաձևերով: Համանախագահները մեզ տանում են դեպի հարցի չլուծում», – նշում է Լևոն Շիրինյանը:

Նրա խոսքերով՝ ԼՂ կոնֆլիկտը կառավարվում է: Սրա նպատակը կարգավորումն է, որը սակայն հարցի լուծում չի ենթադրում:

«Կա նաև խնդրի երկրորդ կողմը. ռուս-ամերիկյան հարաբերություններն անընդհատ լարվում են և ես կարծում եմ՝ նրանց մեջ համախոհություն չկա: Ռուսները փորձում են Անդրկովկասը՝ գոնե հայաստանյան և ադրբեջանական հատվածով, ռուսական ազդեցության գոտում պահել և ենթադրվում է, որ ամերիկացիները դրան կտրուկ դեմ են: Մենք նույնպես պետք է դրան դեմ լինենք: Ֆրանսիացիներն էլ լուռ են, որովհետև Եվրոպան խրվել է հարցերի մեջ, ակտիվություն չունի», կարծիք է հայտնում ArmLur.am-ի զրուցակիցը:

Նա համակարծիք չէ այն տեսակետների հետ, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբից, ապա պատերազմ կսկսվի:

«Ես պատերազմից մեկ տարի առաջ պնդում էի, որ մենք պետք է պատերազմ սկսենք: Մենք եթե սկսեինք, ավելի դրական վիճակ կլինե՞ր, թե՞ չէ: Պատերազմ եղավ, չէ՞ և մեզ համար ծանրագույն կորուստներով: Ընդհանրապես սպասողականությունը մեզ ոչինչ չի տալու: Արտաքին գործերի նախարարությունը պետք է հայտարարությունով հանդես գա, որ ԼՂ կոնֆլիկտը Հայաստանի և Ադրբեջանի մեջ չէ, ինչն Ադրբեջանը լավագույն կերպով օգտագործում է: Խնդիրը մետրոպոլիայից Արցախի անկախության մասին է, որը նաև խորհրդային օրենսդրությամբ մինչև Ադրբեջանը կանկախանար, ԼՂ-ն անկախացրել էր, այսինքն Ադրբեջանից շուտ էր ինքնորոշման իրավունքը կիրառել: Հիշեցնելով, որ 1921 թվականի հունիսի 5-ին սովետական իշխանության պարտադրանքով Արցախը ռուսների կամքով հանձնվել է Ադրբեջանին: Այս բոլոր հարցերը ներառում են փաթեթի մեջ, որով հայկական կողմը հայտարարում է, որ դուրս է գալիս բանակցային գործընթացից, իսկ եթե ուզում են մեջը մնալ, ապա ԱԳՆ-ն կհայտարարի, որ իրենք ներկայացնում են արցախյան կողմին:

Բայց այստեղ մեկ ուրիշ հարց կա. որոշները կասեն, այս ի՞նչ եք անում, հարցի լուծմա՞ն եք գնում, բա մենք ո՞նց կառավարենք կոնֆլիկտը», – ասաց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանը Արցախի խնդրի կարգավորման միայն մեկ ուղի է տեսնում.

«Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և հայ ժողովուրդը կարող է ծառայել միայն սեփական շահերին և պաշտպանել բացառապես իր պետական շահերը: Երկիրն արդիականացրեք, որ խնդիր լուծենք: Երբ արդիական, մոդեռնիզացված Հայաստան կունենանք, կմոտենանք նաև ԼՂ հարցի լուծմանը, ինչքան կկախվենք օտարի ասեղից ու թելից, հարցի լուծումը կհեռանա, իսկ պատերազմը քթներիս տակ կլինի: Գործնական տեսական առումով պատրաստ եղեք պատերազմի և պատերազմ չեք ունենա: Ուրիշ ճանապարհ չկա», – եզրափակեց Լևոն Շիրինյանը:

Լուսինե Առաքելյան




Լրահոս