«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագիծը դարձել է արդարադատության նախարարության ներքին խմորումների պատճառ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ նախարարության ներսում մեկը մյուսին պարզաբանման է կանչում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագծի շուրջ կարծիքներ հայտնելու համար:
Հիշեցնենք՝ օրերս «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» քննարկում էր կազմակերպել, որտեղ կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Դոյդոյանն ասաց, թե նախարարությունն այն ուղարկել է իրենց կազմակերպությանը` ծանոթանալու եւ կարծիք հայտնելու համար: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը Դավիթ Հարությունյանը «անհայտ ծագումնաբանությամբ» որակեց այդ փաստաթուղթը:
Ավելին՝ նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով լրատվամիջոցների մտահոգություններին, հայտնեց, որ Տեղեկատվության ազատության մասին օրենքի բարելավման ուղղությամբ աշխատանքներ են տարվում. «Հենց մոտեցումները պատրաստ լինեն, դրանք կներկայացվեն հանրությանը, հատկապես լրատվամիջոցներին, որոնք տեղեկատվության վերաբերյալ հարցերի առաջին պահանջատերն են»:
«Ժողովուրդ»-ը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց նաեւ օրերս վարչապետի կողմից տրված հանձնարարականի մասին: Ի՞նչ փուլում են դրանք:
-Պարո՛ն Հարությունյան, Օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձել էր դատական համակարգում առկա խնդիրներին: Մասնավորապես վարչապետը հանձնարարել էր Ձեզ երկամսյա ժամկետում ուսումնասիրել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել դատական ոլորտում առկա ծանրաբեռնվածությունը նիստերի հետաձգումների պատճառաբանման ապահովման, դատավորների միջեւ դատական գործերի բաշխման ընթացակարգերի հայեցողության սահմանափակման առաջարկություններ: Ձեր տեղակալ Արթուր Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ դատարանների բեռը թեթեւացնելու համար առաջարկում եք բանկ-քաղաքացու պայմանագրերը վավերացնի նոտարը: Հետագայում, եթե քաղաքացին իր պարտավորությունը չկատարի, արդեն բանկը միանգամից նոտարի կատարողական մակագրությունը կվերցնի եւ կգնա ԴԱՀԿ:
-Ձեզ պետք է հայտնեմ, որ օրենքի նախագիծը մշակված է եւ արդեն կառավարությունում է:
-Ինչպես հայտնի է՝ ՀՀ սահմանադրության փոփոխություններից հետո ՀՀ կառավարության առընթեր մարմինները` ազգային անվտանգության ծառայությունը, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, ՀՀ ոստիկանությունը, միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն, պետական գույքի կառավարման վարչությունը, պետական եկամուտների կոմիտեն, քաղաքաշինության պետական կոմիտեն, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պետք է կա՛մ միանան ինչ-որ գերատեսչության, կա՛մ լուծարվեն: Ի՞նչ ճակատագիր է սպասվում այս գերատեսչություններին:
-Կառավարության մասին օրենքը մշակվում է եւ այն շուտով կներկայացնենք:
-Առընթեր մարմինների մասով Ձեր տեսլականը ո՞րն է, օրինակ՝ ոստիկանությունը կմիանա արտակարգ իրավիճակների նախարարությա՞նը, տեսակետ կա, որ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն էլ միանալու է պետական գույքի կառավարման վարչությանը:
-Ամենեւին պատրադիր չէ միանալ, այն կարող է դառնալ կառավարության ենթակա մարմին:
-Ձեր եւ Մարդու իրավունքների պաշտպանի միջեւ լուրջ բախում է հասունանում: ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Գործարարների շահերի պաշտպանի մասին» օրենքի նախագիծ, համաձայն որի՝ Հայաստանում կառավարությունը մտադիր է ստեղծել բիզնես-օմբուդսմենի ինստիտուտ: Սակայն այդ նոր օմբուդսմենի ինստիտուտին դեմ է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` նշելով, որ այն հակասահմանադրական է:
-Ես չեմ համարում նախագիծը հակասահմանադրական, համարում եմ, որ նա ամենեւին չի հատվում պաշտպանի գործառույթների հետ:
Հ. Գ. Նախարար Դավիթ Հարությունյանը բավականին ժլատ էր իր պատասխաններում:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԵՐԿՐՈՐԴ ԴԱՏԱՎՈՐՆ Է ՀՐԱԺԱՐՎՈՒՄ
Այս տարվա օգոստոսի 15-ին ՀՔԾ-ում ավարտվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւան Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն բացահայտել էր պաշտոնատար անձանց կողմից կաշառք վերցնելու դեպք, ինչի արդյունքում կալանավորվել էին դատախազ Սեւակ Շհոյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը, Վարդենիսի պետական քոլեջի տնօրենի եղբայրը` Հայկ Կարապետյանը, եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդը: Այսինքն՝ կաշառքի գործով այս օրերին կալանավորված է 5 անձ, իսկ 8 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: Նկատենք, որ պաշտոնատար անձանցից որեւէ մեկը ցուցմունք չի տվել եւ չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
Սեպտեմբերի 12-ին այս գործը ընդունվել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, եւ գործը մակագրվել էր դատավոր Վահագն Մելիքյանին, սակայն դատավոր Մելիքյանը ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ «դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ…:
Վերը նշված իրավակարգավորումը կիրառելով՝ նշված փաստական տվյալների նկատմամբ գտնում եմ, որ տվյալ պարագայում առկա է ինքնաբացարկ հայտնելու հիմք, մասնավորապես վերը նշված փաստական տվյալները կարող են կողմերի եւ անաչառ դիտորդի մոտ ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով իմ անկողմնակալության մեջ, եւ տվյալ դեպքում պետք է հայտնել ինքնաբացարկ»:
Գործը մակագրվեց մեկ այլ դատավորի՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա եւս ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ Աղվան Պետրոսյանը իր ընկերն է:
Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանն այն դատավորն է, որի հետ Աղվան Վարդանյանը խոսել էր դատական համակարգում առկա խնդիրներից՝ մասնավորապես ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու կողմից արված բեկանումներին, եւ նրան բնորոշել էին «ինքնահավան, քիթը տնկած գյադա»:
Եվ այսպես՝ գործը մակագրվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանին, իսկ թե ինչ կորոշի այս դատավորը, ժամանակը ցույց կտա:
Բայց հետաքրքիր է, որ ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ դատավորները հրաժարվում են քննել իրենց գործընկերների քրեական գործերը: Գործընկերային համերաշխության դրսեւորումներ են:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԳՈՐԾԸ ԿԻՍՎԵԼ Է
«Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործը կիսվեց. Երեւանի էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակել է որոշում, ըստ որի՝ «Սասնա ծռերի» 18 անդամներից միայն մի մասի դատաքննությունն է ինքն իրականացնելու: Թե գործն ով է քննելու, նա չի հայտնել: Նշենք, որ լուրեր կան, որ այս գործով քննությունն իրականացնելու է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Մեսրոպ Մակյանը, որը 6 ամիս ժամանակով Կենտրոնի դատարանից ուղարկվել է էրեբունու դատարան: Դատական նիստը հետաձգվել է:
ՏՐՈԼԵՅԲՈՒՍ Է ՇՐՋՎԵԼ
Երեկ Միասնիկյան պողոտայում` «Բելլաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, վթար է տեղի ունեցել: Տրոլեյբուս է վթարի ենթարկվել, որի հետեւանքով եղել են վիրավորներ: Դեպքի վայրում են եղել նաեւ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդեւան Գրիգորյանը, որոնք փորձել են օգնություն ցույց տալ վիրավորներին: ArmLur.am-ը տեղեկացել է, որ տրոլեյբուսի լարերը դուրս են եկել գծերից, որից հետո վարորդն իջել է տրոլեյբուսից, որպեսզի լարերը ուղղի, սակայն այդ ընթացքում տրոլեյբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին եւ մասամբ կողաշրջվել: Վիրավորներից վեցը տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նրանք գտնվում են ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակներում:
ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Սեպտեմբերի 27-ին Լենինգրադյան փողոցի «Հին թոնրատուն» արագ սննդի տարածքից բերման է ենթարկվել Լենինգրադյան փողոցի բնակիչ, 43-ամյա Հրաչյա Առաքելյանը, որը նշված սննդի կետի տնօրենն է, կասկածվում է սեպտեմբերի 26-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր աշխատավայրում գազային ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ արձակելու, ինչպես նաեւ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու մեջ: ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Հրաչյա Առաքելյանը երգչուհի Լիդուշիկի` Լիդա Առաքելյանի հայրն է: Նա հայտնի է որպես քրեական հեղինակություն` Ղզղզ մականունով:
ԶԻՆՎՈՐ Է ԶՈՀՎԵԼ
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: