Ամեն ինչ կախված է հայկական դիվանագիտությունից. քարոզչական պատերազմ` Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման նախաշեմին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման օրը: Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում կհանդիպեն դեկտեմբերի 6-ին Վիեննայում:

Երեկ Մամեդյարովը, խոսելով այդ հանդիպման մասին, տեսակետ է հայտնել. «Մենք միշտ ասում ենք, որ բանակցությունները պետք է լինեն բանական եւ սուբստանտիվ: Մոսկովյան հանդիպման ընթացքում մենք համանախագահների հետ խորը եւ մանրամասն քննարկումներ ենք ունեցել: Համանախագահները թերեւս կշարունակեն բանակցություններն այս ուղղությամբ»:

Հետաքրքիրն այն է, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման նախաշեմին կողմերը հրապարակային դաշտում փորձում են միմյանց դեմ դիվիդենտներ շահել:

Ինչպես հայտնի է՝ նախօրեին Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հռչակագրում վերջին պահին ԼՂ խնդրի վերաբերյալ հակահայկական ձեւակերպումներ են մտցվել, եւ 12 երկրներից 9-ը կողմ է քվեարկել այդ փաստաթղթին: Մեծ հաշվով, այս փաստաթուղթը որեւէ լուրջ ազդեցություն չի կարող ունենալ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա:

Ի վերջո, հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները հայտնի են, համաձայնեցված են, եւ կողմերը բանակցում են այդ սկզբունքների շրջանակներում:

Բայց Ադրբեջանը կարող է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հռչակագրի դրույթներն օգտագործել քարոզչական դաշտում, ոչինչ ավելի:

Նաեւ Հայաստանն է փորձում որպես հակակշիռ իր քայլերն անել: Մասնավորապես երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովի հաստատմանն է ներկայացրել Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի հայտարարության նախագիծը։

Տեքստը, սակայն, չի հրապարակվել: Եւ դեռ պարզ չէ` նախագիծն առաջիկայում ինչ ճակատագրի կարժանանա: Ի վերջո, ՀԱՊԿ անդամ երկրների մեջ նաեւ Ադրբեջանի բարեկամ երկրներն են, որոնք հազիվ թե համաձայնեն: Ամեն ինչ կախված է հայկական դիվանագիտությունից: Ու մնում է հուսալ` ՀՀ իշխանություններն այս քայլին գնացել են ոչ ցուցադրական PR-ի համար:

Մեկ փաստ էլ. ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցում է նաեւ Սերժ Սարգսյանը, այնպես որ` ներկայացված փաստաթղթի ճակատագրի պատասխանատուն առաջին հերթին ինքն է, հետեւաբար պետք է ամեն ինչ արվի՝ այն իրագործելու համար: Իսկ մինչ այդ, նկատենք, որ երկու կողմն էլ խնդրի լուծման ուղղությամբ իրական ջանքեր չեն ներդնում, այլ ընդամենը զբաղված է քարոզչական պատերազմով:




Լրահոս