Մշակվում է միգրացիոն հոսքերի կառավարման պլան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ ԱԻ նախարարությունում կայացել է աշխատանքային քննարկում՝ նվիրված խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլանի մշակմանը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ կառավարման տարբեր պետական մարմինների պատասխանատու ներկայացուցիչներ:

Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլանի մշակման և ներդրման անհրաժեշտությունը բխում է ներկայումս տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, որին մեր երկիրը պետք է պատրաստ լինի դիմակայելու: Այս փաստաթղթի մշակումը նախատեսված է ՀՀ կառավարության 2017 թ. մարտի 23-ի նիստի թիվ 12 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրում:

Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու և հետագա միջոցառումներն իրականացնելու համար անհրաժեշտ է կանոնակարգել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների խնդիրները, գործողություններն ու դրանց իրականացման կարգը: Պլանի մշակմամբ և ներդրմամբ կանոնակարգվելու են՝

• ՀՀ տարբեր գերատեսչությունների գործառույթները սահմանային անցակետերում,
• միգրացիոն հոսքի կառավարմանն ուղղված գործողություններն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով առկա օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգերը,
• սահմանային անցակետերի ընթացակարգերն ու միգրացիոն ճամբարի ծավալումը,
• մարզի ղեկավար կազմի (համայնքի) գործառույթնները միգրացիոն հոսքի ՀՀ տարածք ներթափանցելու դեպքում:

Պլանի մշակման համար ՀՀ ԱԻ նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված են շահագրգիռ գերատեսչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նշենք, որ ՀՀ ԱԻ նախարարությունը, ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նաև ներգրավելով շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին՝ այս տարվա օգոստոսին Գոգավանի սահմանային անցակետում անցկացրել է «Խոշոր աղետի կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարում» թեմայով վարժանք:




Լրահոս