Ինչու Վրաստանը չի հանձնում Հայաստանի կողմից հետախուզվող կասկածյալներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ իրավապահներին այդպես էլ չի հաջողվում Հայաստան տեղափոխել Երեւանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող երկու անձանց, որոնք Վրաստանում կալանավորվել են:

Բանն այն է, որ քրեական հեղինակության ընկեր Գագիկ Մոսինյանին սպանողներին Հայաստանի իրավապահներին հանձնելու գործընթացը անընդհատ ձգձգվում է: Կալանավորվածներին արտահանձնելու համար անհրաժեշտ է Վրաստանի ղեկավարության համաձայնությունը, բայց ՀՀ իրավապահները դեռեւս չեն կարողանում դրական արդյունքի հասնել:

Ինչպես հայտնի է` 2017 թվականի սեպտեմբերի 14-ին «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ «Մակարով» ատրճանակից եւ «ԱԿ» տեսակի ինքնաձիգից կրակոցներ էին արձակվել Ալավերդի քաղաքի բնակիչ, 43-ամյա Գագիկ Մոսինյանի եւ նրա ընկերոջ՝ 39-ամյա Վահագն Աբգարյանի ուղղությամբ: Արդյունքում Գագիկ Մոսինյանը տեղում սպանվել էր, իսկ Վահագն Աբգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Սպանությունը կատարելու կասկածանքով հետախուզում հայտարարվեց Ալբերտ Բլբուլյանի, Արմեն Կարադավիդովի եւ Ռաֆիկ Խաչատրյանի նկատմամբ: Կարճ ժամանակ անց Ռաֆիկ Խաչատրյանին ՀՀ իրավապահները հայտնաբերեցին Կոտայքի մարզում: Այնուհետեւ` հոկտեմբերի 29-ին, Վրաստանում հայտնաբերվեցին Ալբերտ Բլբուլյանը եւ Արմեն Կարադավիդովը, ու ՀՀ իրավապահների կողմից հայտարարված հետախուզման հիմքով կալանավորվեցին:
Նոյեմբերի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունն առերեւույթ կատարելու համար հետախուզվող երկու անձանց Վրաստանից Հայաստան տեղափոխելու եւ ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություններ է ուղարկել Վրաստանի դատախազություն»:

Վերը նշված միջնորդությունից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն Ալբերտ Բլբուլյանի եւ Արմեն Կարադավիդովի` Հայաստան տեղափոխելու միջնորդության պատասխանը Վրաստանի գլխավոր դատախազությունից այդպես էլ չի հաջողվում ստանալ:

«Ժողովուրդ» օրաթերթին որոշ տվյալներ են հայտնի դարձել այն մասին, թե ինչու է ուշանում սպանության մեջ կասկածվողների Հայաստան տեղափոխելու գործընթացը: Պարզվում է՝ մինչեւ սպանության տեղի ունենալը Ալբերտ Բլբուլյանը եւ Արմեն Կարադավիդովը իրենց մտերիմների շրջապատում հայտնել են, որ Վրաստանի Հանրապետությունում իրենք շատ լավ կապեր ունեն եւ ցանկացած հարցով նրանց դիմելու դեպքում իրենք խնդիրներ չեն ունենա:

Ալբերտ Բլբուլյանի եւ Արմեն Կարադավիդովի մտերիմ շրջապատում շրջանառվող լուրերի համաձայն` ՀՀ իրավապահներին դժվար թե հաջողվի նրանց տեղափոխել Հայաստան, քանի որ Վրաստանում նրանց խնդրով հետաքրքրված են այդ երկրում հայտնի քաղաքական գործիչներ, որոնց հետ կալանավորված անձինք բավական մտերիմ կապերի մեջ են:

Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ Ալբերտ Բլբուլյանի եւ Արմեն Կարադավիդովի մտերիմները իրենց շրջապատում ասել են, թե դեպքից հետո նրանք պատահական չեն հատկապես Վրաստան փախել: Նրանք շատ լավ գիտակցել են, որ դեպքից հետո իրավապահները անմիջապես իրենց հետքի վրա են դուրս գալու: Ուստի ի սկզբանե նահանջի ուղիներ են ծրագրել եւ սպանությունից հետո մինչ Հայաստանի իրավապահները փորձում էին կրակոցների հեղինակներին պարզել, պոտենցիալ կասկածյալները հատել են հայ-վրացական սահմանը:

Ի դեպ, նշենք, որ այս օրերին ՀՀ իրավապահները ստանում են վերոնշյալ քրեական գործով նշանակված փորձաքննությունների պատասխանները: Ինչպես հայտնի է` դեպքից հետո նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, այդ թվում նաեւ սպանված Գագիկ Մոսինյանի, հյուրանոցի ուղղությամբ արձակված կրակոցների հետ կապված: Արդյունքում` նշանակված փորձաքննություններով հաստատվել է, որ հյուրանոցի ուղղությամբ եւ Գագիկ Մոսինյանի սպանության պատճառ դարձած կրակոցները նույն զենքերից են արձակվել:

Ինչեւէ, թե ինչպես կհարթվի ՀՀ իրավապահների եւ Վրաստանի իրավապահների միջեւ շուրջ 1,5 ամիս ստեղծված «անդունդը», ցույց կտա ժամանակը: Այս պահին պետք է արձանագրենք, որ քրեական գործի քննությունը «տեղում դոփում է», քանի որ չնայած Հայաստանի իրավապահներին հայտնի է, թե ովքեր են սպանության առերեւույթ կատարողները, որտեղ են նրանք, բայց միեւնույն է` չեն կարողանում նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել:

Քնար Մանուկյան




Լրահոս