ԿՈՄՊԱԿՏ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կա գործող կուսակցություն, որը չունի գրասենյակ, հիմնական հասցե, բայց քաղաքական գործունեություն է ծավալում. խոսքը ՀԱՍԿ-ի մասին է:Կուսակցության ղեկավար Մովսես Շահվերդյանի հետ հանդիպեցինք ոչ թե կուսակցության գրասենյակում, այլ դրսում: Պատճառն այն է, որ կուսակցությունը հիմնական գրասենյակ չունի: Այն գրանցված է Հ. Հակոբյան փողոցի, 12 բնակարանում: Պարոն Շահվերդյանն ասաց. «Գրանցման պահից սկսած մենք մի քանի անգամ դիմել ենք իշխանություններին` կուսակցությանը գրասենյակային տարածք հատկացնելու խնդրանքով: Ճիշտն ասած, մի քանի տեղ առաջարկել են, բայց քանի որ քաղաքի կենտրոնից բավականին հեռու է, մենք չհամաձայնեցինք: Մենք փոքր տարածք ենք ուզում, բայց գոնե փոքր կենտրոնում, սակայն պետականորեն մինչեւ այսօր ոչ մի տարածք չունենք: Մենք հիմնականում տարածք կա՛մ վարձակալում ենք, կա՛մ մեր ընկերներից մեկը մեզ համար գրասենյակ է տրամադրում, երբ կուսակցությունը սկսում է ակտիվ գործունեություն»: Բայց այնուամենայնիվ, Շահվերդյանը վճռական է տրամադրված. «Գրասենյակի հարցը մենք արդեն սկսել ենք քննարկել, ճիշտն ասած, Տիգրան Կարապետյանն է առաջարկել գրասենյակային տարածք, ինքը բավականին լավ տարածք ունի, որը գտնվում է Կոմիտասի տարածքում, միգուցե եւ օգտվենք այդ առաջարկից»: Մեր այն հարցին, թե ՀԱՍԿ-ը ինչպե՞ս է պահվում, ի՞նչ ֆինանսական միջոցներով, պարոն Շահվերդյանն ասաց. «Ճիշտն ասած մեր կուսակցությունը երեւի ամենաքիչ ծախս անող կուսակցություններից  է, դե մեծ ֆինանսի կարիք էլ չունենք, ծախսելու տեղ էլ չկա, ֆինանսավորող չունենք, քանի որ դրա առիթը չի եղել»: Առաջիկա ԱԺ ընտրությունների վերաբերյալ կուսակցությունը հետեւյալ կարծիքն է արտահայտում. «Հայաստանում էսօր էնքան բարդ ու լուրջ խնդիրներ կան, ես չեմ տեսնում մի ուժ, անգամ էս իշխող Հանրապետական կուսակցությանը, որ միայնակ  կարող է իշխանության գալ եւ լուծել առկա խնդիրները, դաշինքը դա ուղղակի ժամանակի  հարկադրանք է, բայց երեւի մեր հայկական մենտալիտետն է, որ չի ստացվում: Մենք ինքներս տրամադրված ենք համագործակցության, գտնում ենք, որ էս լրջագույն հարցերը համատեղ ուժը կարող է լուծել:  Մենք տրամադրված ենք մասնակցելու ընտրություններին, իրավիճակը ցույց կտա»: «Մեր  կուսակցության անունը ինքը ցույց ա տալիս, որ մենք պարտավոր ենք լինել ընդդիմադիր, մենք գաղափարական ընդդիմություն ենք»:Կուսակցության ղեկավարի խոսքերով. իրենք այսօր ունեն 2.5-3 հազար անդամ, որից ակտիվ են իրականում 500-700-ը: Նրանք ավելանալու ցանկություն էլ չունեն, քանի որ «կուսակցության կորիզը որոշել էր, որ կուսակցությունը լինի կոմպակտ ու կառավարելի»:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս