Սերժ Սարգսյանին 15 դատապարտյալի անուն է ներկայացվել. ովքեր են նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ամենատարբեր քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող դատապարտյալների շրջանում սպասողական վիճակ է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` Սերժ Սարգսյանին ներման խնդրանքով 15 դատապարտյալների անուններ են ներկայացվել, որոնցից երեքը ցմահ դատապարտյալներ են: Ու բոլորը սպասում են նրա պատասխանին:

Հիշեցնենք՝ 2017 թվականի դեկտեմբերի 23-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ մի շարք քրեակատարողական հիմնարկներում տեղեկություններ են տարածվել, որ Ամանորին ընդառաջ` Սերժ Սարգսյանը պատրաստվում է երեք ցմահ դատապարտյալների ներում շնորհել: Ավելին՝ մեզ հայտնի էր դարձել, որ քրեակատարողական հիմնարկներից համապատասխան փաստաթղթեր են պահանջել, որպեսզի հասկանան, թե որ ցմահ դատապարտյալի դեպքում հնարավոր կլինի ներում շնորհել` հաշվի առնելով նրա` ազատազրկման մեջ գտնվելու տարիների վարքագիծը եւ մի շարք այլ գործոններ:

Եւ ահա Սերժ Սարգսյանի կողմից ներման գործընթացի մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ» օրաթերթին: Ըստ այդմ, 2017 թվականի տարեվերջին Սերժ Սարգսյանին են ներկայացվել 15 դատապարտյալների անուններ, որոնցից 3-ը ցմահ դատապարտյալներն են, որոնց նա պետք է ներում շնորհի:

Իսկ ովքե՞ր են այն ցմահ դատապարտյալներ, որոնք հնարավոր է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանի կողմից ներման արժանանան:

Խոսքը դաշնակցական Արմենակ Մնջոյանի մասին է, որը 90-ականներին` Սերժ Սարգսյանի` ԱԱԾ նախարար եղած ժամանակ, կալանավորվել էր` բանդիտիզմի, երկու եւ ավելի հոգու սպանության, զինված պետական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով:

Մասնավորապես 1992 թվականին բացահայտվել էր, որ ՀՅԴ-ի ներսում գործել է «Դրո» ահաբեկչական կառույցը, որը երկու խոշոր գործողություն է իրականացրել` «Քերոբ» եւ «Թոփ-1» անուններով: «Քերոբ» գործողության հետեւանքով 1993թ. հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը «Դրո» կառույցի անդամների կողմից սպանվել էին ՀՀ քաղաքացիներ Աշոտ Ներսիսյանն ու նրա կինը` Նունե Մարուքյանը, իսկ 1994թ. մայիսի 2-ին «Թոփ-1» գործողության արդյունքում սպանվել էր դաշնակցական Գագիկ Սահակյանը:
Այս գործով մեղադրյալներն են եղել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, որը դատապարտվել է, սակայն 1998 թվականին մի քանի գործիչների հետ ազատ է արձակվել: Իսկ այս գործով անցնող մյուս հիմնական մեղադրյալները` Արսեն Արծրունին եւ Արմենակ Մնջոյանը, ովքեր դատապարտվել են ցմահ ազատազրկման, շարունակում են իրենց պատիժը կրել մինչ օրս:

Մյուս ցմահ դատապարտյալը , որին ամենայն հավանականությամբ ներում կշնորհվի, ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանն է: Վերջինս ցմահ ազատազրկման մեջ է գտնվում այն բանի համար, որ ըստ մեղադրանքի` ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը 1992թ. առմանը Արմեն Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ` բանդա, որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում եւ զինել տարբեր տեսակի հրազենով ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային եւ պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները: Քրեական գործում նշված է, թե Վանո Սիրադեղյանի ցուցումով 1992թ. հուլիսի 24-ին Արմեն Տեր-Սահակյանի բանդայի անդամները ձեւականորեն հրամանագրվել են ՀՀ ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատում` որպես միլիցիոներներ, եւ օգոստոսի 11-ին նրանց տրամադրվել է «Մակարով» տեսակի հինգ ատրճանակ:

1992թ. օգոստոսի կեսերին Վանո Սիրադեղյանը Արմեն Տեր-Սահակյանին հանձնարարել է բանդայի միջոցով իրագործել Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի սպանությունը: Նկատենք, որ քրեական գործով Վանո Սիրադեղյանի եւ Արմեն Տեր-Սահակյանի դեմ ցուցմունքներ էր տվել մեղադրյալներից ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանը, որը դատապարտվեց կարճատեւ բանտարկության, հետո ազատ արձակվեց եւ 2003թ. նախագահական ընտրություններում գլխավորում էր այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբերից մեկը: Իսկ Սերժ Սարգսյանն էլ 2014թ. Հարությունյանին պարգեւատրել էր «Մարտական ծառայության» մեդալով: Ըստ այն ժամանակվա մամուլի հրապարակումների, Արմեն Տեր-Սահակյանին եւս առաջարկվել է ցուցմունքներ տալ Վանո Սիրադեղյանի դեմ, խոստանալով ազատ արձակել: Սակայն նա հրաժարվել էր ու Քոչարյանի օրոք դատապարտվել ցմահ ազատազրկման:

Սերժ Սարգսյանից ներում խնդրած մյուս ցմահ դատապարտյալը Ստեփան Գրիգորյանն է, որը 1997թ. դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի՝ սպանությանը մասնակից լինելու համար: Այնուհետեւ մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ, եւ նա 23 տարի անազատության մեջ է գտնվում: Ի դեպ, վերոնշյալ ցմահ դատապարտյալները վերջին 10 տարիների ընթացքում բազմաթիվ ներման դիմումներ են ներկայացրել ՀՀ տարբեր նախագահներին, սակայն դրանք մնացել են օդից կախված:

Չի բացառվում, որ ցմահ դատապարտյալների շրջանում ներում ստանալու խոսակցությունները ակտիվացել են այն բանից հետո, երբ ՔԿ վարչությունը նրանցից պահանջել է իրենց վարքագծի մասով ՔԿՀ ղեկավարության նկարագրերը եւ ներման խնդրագրերը: Տեսնենք, թե այս անգամ խնդրագրերն ինչ ճակատագրի կարժանանան: Համենայնդեպս «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց ճշտել ներկայացված 15 անուններից միայն 3-ի տվյալները:

Քնար Մանուկյան




Լրահոս