«Սլավմեդ» բժշկական կենտրոնի էնդոկրին վիրաբույժներ Արա Թորոսյանի եւ Արամ Չոմոյանի կողմից վիրահատված տարեց կնոջ մոտ առկա հինգերորդ աստիճանի բազմահանգուցավոր հսկայական ուռուցքը, որը գոյացել էր նրա պարանոցի շրջանում, այլեւս նրա կյանքին չի սպառնում: Հեռացված գոյացությունն իր տեսակով հազվադեպ հանդիպող ուռուցք էր, որը տարեց կնոջ կյանքը վերածել էր դժոխքի: Նման անսովոր ուռուցքի պատճառը հիվանդանոցներից մեկում կատարված ոչ արմատական հանգուցավոր խպիպի՝ «զոբի» վիրահատությունն էր: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմել են բուժկենտրոնի էնդոկրին վիրաբույժները:
Ինչպես տարեց կինն է պատմում` որոշ ժամանակ առաջ հանգուցավոր խպիպի՝«զոբի» խնդրով դիմել է մեկ այլ բուժհաստատություն` վիրահատական բուժում ստանալու նպատակով եւ կարճ ժամանակ անց նկատել արտահայտված այտուցվածություն պարանոցի հատվածում ու առողջական վիճակի կտրուկ վատթարացում: Կինն անմիջապես դիմել է վիրահատող բժշկին եւ անցնել նախնական բուժզննում, սակայն լսել է չհուսադրող պատասխան` կրկնակի վիրահատությունը կարող է ռիսկային լինել կյանքի համար: Մեկ այլ բժշկի հորդորով ուռուցքի պատճառահետեւանքային կապն ու ծագումնաբանությունը պարզելու նպատակով հուսալքված կինն իրականացրել է անհրաժեշտ բոլոր ախտորոշիչ եւ լաբորատոր հետազոտությունները, որոնց արդյունքում պարզվել է, որ նախկինում կատարված վիրահատության ժամանակ վահանաձեւ գեղձն ամբողջությամբ չի հեռացվել, որն էլ նպաստել է ի սկզբանե եղած չարորակ ուռուցքի զարգացմանը:
«Գնալով վիճակս վատանում էր. ուռուցքն արագ մեծանում էր: Պարանոցի հատվածում առաջացան բաց խոցեր եւ սկսվեցին հաճախակի արնահոսություններ: Ամեն ինչ այնքան վատ էր, որ դիմեցի այլ վիրաբույժների օգնությանը, սակայն, տեսնելով խնդիրը, բոլորը հրաժարվում էին որեւէ օգնություն ցուցաբերել՝ պարզաբանելով, որ գոյացությունը անոթի վրա է փաթաթված եւ տվյալ պարագայում վիրահատելը կարող է վտանգավոր լինել կյանքիս համար, սակայն ամեն ինչ այնքան վատ էր, որ թվում էր, թե մի օր պարզապես կխեղդվեմ,- հիշում է կինը: -Լսեցի «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մասին, եկա էնդոկրին վիրաբույժների մոտ եւ խնդրեցի ինձ վիրահատել՝ անկախ վիրահատության արդյունքից, քանի որ այլեւս կորցնելու բան չունեի»:
Ինչպես նշում են «Սլավմեդ» բժշկական կենտրոնի էնդոկրին վիրաբույժներ Արա Թորոսյանն ու Արամ Չոմոյանը` ուռուցքն այնքան կարծրացած էր, որ անհրաժեշտ էր նախավիրահատական բուժում իրականացնել, քանի որ անմիջապես վիրաբուժական միջամտություն հնարավոր չէր իրականացնել` հաշվի առնելով գոյացության կարծրությունը:
«Չնայած մեծ ռիսկայնությանը` որոշեցինք վիրահատել հիվանդին, քանի որ կոսմետիկ դեֆեկտից բացի առկա էր նաեւ չարորակ գոյացություն, ինչպես նաեւ արյան կորուստ, որն արդեն իսկ վտանգ էր ներկայացնում կնոջ կյանքի համար: Համապատասխան բուժօգնության արդյունքում բուժայցելուի վիճակը բարելավեցինք, եւ իրականացվեց վիրահատական միջամտություն: Մի քանի ժամ տեւած վիրահատության ընթացքում հեռացվեց ուռուցքը, վահանաձեւ գեղձի ողջ ձախակողմյան հատվածն ու հարակից ավշային հանգույցները: Վիրահատությունը ստիպված էինք կատարել հեմոգլոբինի անբավարար քանակի պայմաններում, քանի որ հիվանդության ընթացքում բաց վերքերի պատճառով կինը բավականին արյուն էր կորցրել:
Բուժայցելուի մոտ առկա էին նաեւ ուղեկցող այլ քրոնիկ հիվանդություններ, որոնք եւս ռիսկի գործոն էին հանդիսանում նման ծավալի վիրահատության իրականացման համար, սակայն, հուրախություն մեզ, ամեն ինչ հարթ ընթացավ, եւ այսօր արդեն կնոջ կյանքին վտանք չի սպառնում»,-նշեցին կենտրոնի մասնագետները:
«Վիրահատությունից հետո արդեն ինձ լավ եմ զգում. այն, ինչ տեղի ունեցավ, հրաշք է։ Իմ կյանքը փրկեցին»,- ասում է տարեց կինը։
Էնդոկրին վիրաբույժների խոսքով` մեր երկիրը համարվում է վահանաձեւ գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի՝ բարձր լեռնային դիրք, արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվություն, յոդի անհրաժեշտ քանակի պակաս, լարված առօրյա: Այս գործոնները նպաստում են վահանաձեւ գեղձի հիվանդության՝ «զոբի» առաջացմանը: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ժամանակին այցելել բժշկի` ախտորոշելու կամ բացառելու հիվանդությունը եւ իհարկե, անհրաժեշտության դեպքում բուժել վահանաձեւ գեղձի հիվանդությունները` անցանկալի հետեւանքներից խուսափելու համար: