Ես սիրում եմ իմ աշխատանքը. Հրայր Թովմասյանը՝ Կիմ Բալայանին փոխարինելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից, ըստ էության, դադարել են ՍԴ անդամ Կիմ Բալայանի լիազորությունները: Այս պաշտոնի համար որպես հավանական թեկնածու մշտապես քննարկվել է ԱԺ ՀՀԿ պատգամավոր, պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի անունը: Ընդ որում, ըստ շրջանառվող լուրերի` Թովմասյանը չի բավարարվում միայն ՍԴ անդամությամբ. նա ցանկանում է դառնալ ՍԴ նախագահ. այս տարվա մարտին կլրանա ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, որից հետո նա վայր կդնի լիազորությունները:

Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Թովմասյանին, որը, սակայն, ասաց. «Ես արդեն հոգնել եմ այդ մեկնաբանությունները տալուց: Եթե երկրում նման ցանկացած պաշտոնի ազատ լինելու դեպքում պետք է նման ձեւ քննարկվի…. ես պարզապես ասում եմ՝ ես չեմ մեկնաբանում այդ հարցերը, չեմ պատասխանի այդ հարցին: Ես ընդամենն ասում եմ՝ ինձ հետ ոչ ոք իմ աշխատանքի փոփոխման հարց չի քննարկել: Ես սիրում եմ իմ աշխատանքը, իմ աշխատանքը կատարում եմ»,- նշեց նա:

Ի դեպ, ՍԴ նոր անդամը նշանակվելու է 2005թ. ընդունված Սահմանադրության շրջանակներում: Սա նշանակում է, որ ՍԴ նոր անդամը պաշտոնավարելու է մինչեւ 65 տարին լրանալը, մինչդեռ նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ անդամները նշանակվելու են 12 տարի պաշտոնավարման ժամկետով:




Լրահոս