Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետության կառավարության պատմական դահլիճում տեղի է ունեցել Արցախի վերածննդի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն, որին հրավիրված էին Արցախյան շարժման վետերաններ, պետական պաշտոնյաներ, պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաներ, քաղաքական շրջանակների եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներ, հյուրեր:
Իր ողջույնի խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ սերունդները միշտ հպարտանալու են 1988-ին հրապարակ ելած մեր ժողովրդի քաջությամբ ու սխրանքով, ընդգծելով, որ այդ տոնը հանդիսանում է հայրենասիրության, անձնվիրության, միասնականության, սեփական ուժերին ապավինելու, անսասան կամքի եւ հավատքի խորհրդանիշ:
«Մայր Հայաստանի եւ համայն հայության հետ միասին մենք արդեն 30 տարի է ընթանում ենք այս ճանապարհով եւ կշարունակենք մեր անկասելի ուղին՝ ամուր պահելով մեր ժողովրդի հաղթական ոգին, կամքն ու միասնականությունը»,- շեշտել է Արցախի Հանրապետության Նախագահը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախյան շարժման վետերաններ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի եւ սփյուռքի ներկայացուցիչներ: