ԻՍԿ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՇՎԻ ԱՌԵ՞Լ ԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«2017 թվականին ՀՀ-ում պետք է կատարվեր շուրջ 490 մլն դոլարի ներդրում եւ ստեղծվեր 7300 նոր աշխատատեղ: Տարվա արդյունքներով իրականացվել է շուրջ 506 մլն դոլարի ներդրում, սակայն ստեղծվել է շուրջ 5200 նոր աշխատատեղ»,- սա մեջբերում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության՝ «Ժողովուրդ» օրաթերթին տրամադրած տեղեկանքից: Առաջին հայացքից բավական պատկառելի թվեր են. 506 մլն դոլարի ներդրում, 5200 նոր աշխատատեղեր: Բայց սա միայն առաջին հայացքից: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո օպտիմալացումների շարք սկսեց՝ լուծարելով ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները, արդյունքում՝ գործազուրկ թողնելով հարյուրավոր մարդկանց: Կառավարության ձեւավորման մեկամյակի հաշվետվության մեջ, թեեւ, նշված չէ օպտիմալացման արդյունքում աշխատանքից ազատվածների քանակը, սակայն թվարկված են օպտիմալացված հիմնարկությունները: Եւ այսպես` վերակազմակերպվել են Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցը, Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոցը, Զովաշենի հիմնական դպրոցը, Փարաքարի հիմնական դպրոցը: Բացի այդ` օպտիմալացվել են Աշտարակի, Ծաղկահովիտի բժշկական կենտրոնները, Մեծ Պարնիի առողջության կենտրոնը, դադարեցվել Ուշիի առողջության պահպանման կենտրոնը: Միայն 2017թ. նախագահի աշխատակազմում կրճատվել է 54 հաստիք, եւս 159 հաստիք կկրճատվի այս տարվա ապրիլից: Օպտիմալացումների շարք սպասվում է նաեւ պետական մյուս կառույցներում: Այնպես որ, իշխանությունները նոր աշխատատեղեր ստեղծելու մասին հայտարարությունից առաջ ճիշտ կանեին, եթե հիշեին օպտիմալացման արդյունքում գործազուրկ դարձածներին:

 

 

Սերժ Սարգսյանը նոր Սահմանադրության պայմաններում վարչապետի լիազորությունները ստանձնելուց առաջ փորձում է իր ձեռքում կենտրոնացնել ողջ իշխանությունը, անգամ իրեն ենթարկեցնել մեծ կարեւորություն չունեցող մարմիններին: Դրանցից մեկն էլ հանրային խորհուրդն է: Եւ հանրային խորհրդի մասին ԱԺ ներկայացված նախագծում նախատեսված է, որ այն լինելու է կառավարության խորհրդակցական մարմին: Նշենք, որ այն այժմ նախագահականին կից կառույց է համարվում: Երեկ` հանրային նախագծի քննարկումների ժամանակ, ԱԺ պատգամավորներից շատերը պնդում էին՝ հանրային խորհրդի ՕԳԳ-ն շատ ցածր է, այն անիմաստ կառույց է: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հակառակն է պնդել. « Իսկ իրենք ինչպե՞ս են գնահատում դա: Ես չեմ հասկանում: Ինձ թվում է` պատգամավորների մի զգալի մասը ծանոթ չէ մեր գործունեությանը: Եթե հույսը դրել են, որ Ազգային ժողովը չաշխատի, հանրային խորհուրդն ամեն ինչ անի, ապա մենք այդպիսի լիազորություններ չունենք: Ազգային ժողովն է այդպիսի մեծ լիազորություններով օժտված»:

 

 

Իրավապահները հունվարի 18-ին ձերբակալեցին քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու փաստի առթիվ: Այդ գործի շրջանակներում ԱԱԾ-ն գաղտնալսել էր Աբգարյանին եւ պարզել, որ նա կապի մեջ է եղել մի շարք պաշտոնատար անձանց հետ, նույնիսկ խոսել իր պլանների մասին: Ըստ շրջանառվող լուրերի` Աբգարյանը կապի մեջ է եղել նաեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, քանի որ նրանք մանկության ընկերներ են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Շարմազանովը, անդրադառնալով այդ խնդրին, հայտարարել է. «Եթե քրեական գործի հետ կապված եք ասում, ես Վահագն Աբգարյանին տեսել եմ մեկ տարի առաջ, մենք հատուկ կապ չենք ունեցել: Ալավերդին փոքր քաղաք է, ես իմ քաղաքում մարդկանց, բացի իրար բարիշացնելուց, այլ գործունեությամբ չեմ զբաղվում: …Ուրեմն լսե՛ք, ինձ որեւէ մեկի պլանները հետաքրքիր չեն, ես պետական պաշտոնյա եմ, ես ԱԺ նախագահի տեղակալն եմ, Ձեզ շատ հարգում եմ, բայց իմացեք` ում ինչ հարց եք տալիս: Ես Էդուարդ Շարմազանովն եմ, որն Ալավերդի քաղաքում ունի շատ բարձր հեղինակություն»:

 

 

Կարագի գները միջազգային շուկայում կրկին բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում փետրվարի 6-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 5.2 դոլարով: Իսկ Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ. երեկվա դրությամբ նոր զելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 4580 դրամով, իսկ «Անքոր» տեսակի կարագը` 4600 դրամով: Ստացվում է, որ Հայաստանում կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 9.5 դոլարը, միջազգային շուկայում սահմանված գնից 4.3 դոլարով ավելի: Հուսանք, որ կարագի միջազգային գներին րոպեական չի արձագանքի հայկական շուկան եւ էլ ավելի չի թանկացնի այն: Առավել եւս, երբ ներքին շուկան չարձագանքեց մոտ երկու շաբաթ առաջ կարագի շուկայում գնանկմանը եւ չնվազեցրեց գները: Իսկ բարձր գնի պատճառով Հայաստանում շարունակում են նվազել կարագի սպառման ծավալները:

 

 

ԱՌԱՋԻՆ ՋՈՒԹԱԿԻ ԱԿՆԱՐԿՆԵՐ
Արմեն Սարգսյանը, ում թեկնածությունը Սերժ Սարգսյանը ՀՀԿ անունից առաջադրել է ՀՀ նախագահի պաշտոնում, դեռ չի տվել վերջնական համաձայնությունը` այս օրերին շարունակելով հանդիպումները հասարակական-քաղաքական շրջանակների հետ: Սակայն ՀՀԿ-ականներն արդեն սկսել են նախագահի իրենց թեկնածուի հետ «պրոֆիլակտիկ» բացատրական աշխատանքներ տանել` հասկացնելով, որ նոր Սահմանադրության պայմաններում, միեւնույն է, երկրի ղեկավարը լինելու է վարչապետի պաշտոնի հավակնորդ Սերժ Սարգյանը: «Սխալ է ասել` ինչու պետության գլուխը համարվող նախագահը չկա անվտանգության խորհրդում: Պետության գլուխ չի նշանակում, որ նա առաջին ջութակն է: Բոլոր խորհրդարանական համակարգերում նախագահն ակտիվ քաղաքական առաջին ջութակ չէ: Նա Սահմանադրության երաշխավորն է եւ ունի Սահմանադրությամբ իր վրա դրված ֆունկցիաները, որը պետք է հանգիստ իրականացնի: Այո, առաջին խաղացողը դառնում է գործադիրի ղեկավարը»,- երեկ հայտարարել է ՀՀԿ խոսնակը:
ՀՀԿ-ից նման հայտարարությունը կարելի է սպասելի համարել. Արմեն Սարգսյանն այս օրերին հանդիպումներ է ունենում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ սփյուռքում, հավանաբար ոգեւորվել է իր հանդեպ վերաբերմունքից: Ու ընտրվելուց հետո չի բացառվում, որ, այնուամենայնիվ, փորձի ամբիցիաներն առաջ տանել` լիարժեքորեն օգտվելով Սահմանադրությամբ նախագահին տրված լիազորություններից: Առավել եւս, երբ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա չէր համաձայնել տարածված տեսակետի հետ, որ նոր Սահմանադրությամբ նախագահն ընդամենը արարողակարգային պաշտոն է եւ ունի սահմանափակ լիազորություններ: Այսինքն՝ Արմեն Սարգսյանն ակնարկել էր, որ ինքը միգուցե չհամակերպվի անգլիական թագուհու դերում:
Բնականաբար, այս ամենը դուր չի եկել Սերժ Սարգսյանին: Ու հիմա Սերժ Սարգսյանը ՀՀԿ խոսնակի միջոցով հասկացնում է, որ նոր Սահմանադրության պայմաններում նախագահը, որքան էլ համարվի պետության գլուխը, միեւնույն է` երկրի ղեկավարը, ասել է, թե որոշողը, ինքն է լինելու: Ըստ այդմ, որքան էլ Արմեն Սարգսյանը ոգեւորվի «պետության գլուխը» համարվող նոր պաշտոնով, ստիպված է լինելու համակերպվել վարչապետ Սերժ Սարգսյանի ղեկավարության ներքո անգլիական թագուհու դերի հետ:
Միան թե, նկատենք, ՀՀԿ-ականների այս պահվածքն այնքան էլ գեղեցիկ չէ. Արմեն Սարգսյանն առաջադրման վերաբերյալ դեռ չի տվել իր վերջնական համաձայնությունը, բայց հանրապետականներն արդեն սկսել են հարձակվել նրա վրա, մամուլի միջոցով ակնարկներ անել ու «տեղը ցույց տալ»:




Լրահոս