ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 26-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները։
Փետրվարի 23-ին` Ժամը 10:50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, քննչական-օպերատիվ խումբը։
Փրկարար-ջրասուզակը Հրազդան գետից դուրս է բերել արական սեռի դի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժածի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է, ծնված՝ 1992 թ.։ Երիտասարդի գտնվելու վայրն անհայտ էր համարվում հունվարի 30-ից։
Երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դիահերձման արդյունքներով՝ մահվան պատճառ են հանդիսացել կյանքի հետ անհամատեղելի կոտրվածքները՝ համակցված գանգուղեղի, կրծքավանդակի, որովայնի փակ բութ վնասվածքներով։ Նախնական տվյալներով՝ երիտասարդի մահը վրա է հասել 48 ժամ և ավելի առաջ, առկա է նեխման գործընթաց։