ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔԻ ԿԱՐԵՎՈՐ ՕՂԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն արհամարհում է վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները: Նախորդ տարվա մարտի 23-ին վարչապետ Կարապետյանը, անդրադառնալով Երեւանում բազմաբնակարան շենքերի համատիրությունների գործունեությանը, խիստ դժգոհություն էր հայտնել` շեշտելով. «Հիմնական խնդիրը կայանում է համապատասխան շենքերի համատիրությունների կողմից ոչ արդյունավետ կառավարման կամ, առհասարակ, դրա բացակայության մեջ, ինչը հանգեցնում է շենքային պայմանների, մասնավորապես շենքերի տանիքների ոչ բարվոք վիճակի վերաբերյալ մեր համաքաղաքացիների հիմնավոր բազմաթիվ բողոքների առկայությանը»: Միաժամանակ վարչապետը հանձնարարել երկամսյա ժամկետում ուսումնասիրել խնդիրը, ներկայացնել լուծումներ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս մեկ տարվա ընթացքում այդպես էլ առարկայական որեւէ քայլ չի արվել վարչապետի հանձնարարականը կատարելու ուղղությամբ, միայն փորձ է արվել համատիրությունների մասին նոր օրենք մշակելու հարցում եւ վերջ, իսկ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում շարունակում են թագավորել մկներն ու առնետները, աղբն ու գարշահոտությունը, անսարք վերելակները, որոնցով երթեւեկելն ամեն անգամ կենաց մահու կռվի է նմանվում, էլ չենք խոսում մյուս խնդիրների մասին: Մեկ փաստ էլ` իշխանություններին այս համատիրությունները պետք են մեկ առումով. դրանք ընտրակեղծիքի կարեւոր օղակներից են. համատիրությունների նախագահները մեկ առ մեկ գիտեն, թե որ բնակարանում քանի հոգի է բնակվում, սոցիալապես ի՞նչ վիճակում են գտնվում: Ըստ այդմ, իրենք են հաճախ աշխատում ընտրակաշառքի 10 հազարական դրամները նպատակային «տեղ հասցնելու» ուղղությամբ` իրենց մոտ եղած ցուցակների համաձայն:

 

 

Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի վերջին օրերի կադրային նշանակումները սյուրռեալիզմի ժանրից էին. նրանց պաշտոնավարման ավարտին մնացել է մեկ ամիս, բայց սա չի խանգարել, որպեսզի երկուսն էլ համալրեն իրենց խորհրդականների` առանց այն էլ մեծ բանակը: Սերժ Սարգսյանն իրեն խորհդական է նշանակել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին, իսկ Կարեն Կարապետյանը՝ ԼՂՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արամ Մխոյանին: Թե պաշտոնավարման վերջին ամսում ի՞նչն է նախագահին ու վարչապետին դրդել նման քայլի, ի՞նչ արժեքավոր խորհուրդներ պետք է տան նորանշանակ պաշտոնյաները, որ չեն կարող Սերժ Սարգսյանի 7 եւ Կարեն Կարապետյանի 13 գործող խորհրդականները, պարզ չէ: Փոխարենը պետք է արձանագրենք, որ իշխանությունները շարունակում են այսկերպ շռայլել ՀՀ պետական բյուջեի միջոցները. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` խորհրդականների` այդքան մեծ բանակը խիստ ծախսատար է, եւ ըստ էության կարելի է համարել պետական միջոցների վատնում:

 

 

Որքան էլ «Ելք» խմբակցության ներսում փորձում են թաքցնել տարաձայնությունները, այնուամենայնիվ, դրանք պարբերաբար ի հայտ են գալիս: Մասնավորապես անհամաձայնություններ կան Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի դեմ պայքարի հարցում: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ազատության հրապարակ վերադառնալու մասին` ընդ որում, նշելով, որ ինքն այդ որոշումը կայացրել է ընտանիքի անդամների հետ խորհրդակցելով: Իսկ ահա նրա գործընկեր, «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` հաստատել է, որ դաշինքում բանավեճեր առկա են: «Բնականաբար տարբեր կարծիքներ կան նշված հարցի շուրջ, եւ հիմնական մտահոգությունը, քննարկումն այն մասին է, թե ինչ անել, որ դաշինքն ունենա արդյունավետ պայքարի միջոց», – ասել է նա` հավելելով, որ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի անընդունելիության հարցում կա կոնսենսուս, պայքարի ձեւերի հարցում կա տարաձայնություն:

 

 

 

Դատական համակարգի վերաբերյալ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի՝ 2013թ. զեկույցը մեծ աղմուկ բարձրացրեց. ՄԻՊ-ը հստակ ներկայացրել էր դատական համակարգում կոռուպցիոն մեխանիզմները` նշելով, թե կաշառքի ինչ սակագներ են գործում: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է, թե այդ զեկույցն անլուրջ հայտարարություն էր: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը, թե կաշառք վերցնելու գործով այս ընթացքում մի քանի դատավոր է կալանավորվել, այդ թվում՝ Երեւանից, Վարդազարյանը նշել է. «Ես սակագինը չեմ հիշում, բայց այս դեպքերը մասնավոր դեպքեր էին, որոնցով չի կարելի ողջ դատական համակարգի վերաբերյալ կարծիք կազմել, չի կարելի»: Իսկ թե ինքը` որպես դատարանի նախագահ, ի՞նչ է անելու, որ դատավորները կաշառք չվերցնեն, Վարդազարյանն արդարացել է. «Դատարանի նախագահը զրո իրավունք ունի` միջամտի դատավորի գործունեությանը, միջամտի նրա գործ քննելու պրոցեսին, դա քրեական պատասխանատվություն է առաջացնում… Պրակտիկորեն ես հնարավորություն չունեմ բոլորին վերահսկելու, բայց եթե ինֆորմացիա ստանամ, դրա դեմը կառնեմ միանշանակ»:

 

 

ԽԱԽՈՒՏ ՀԻՄՔԵՐՈՎ
Երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթում երեկ հետաքրքիր ակնարկներ կային:
«Ես կարծում եմ, որ մոտակա մի քանի շաբաթների ընթացքում մենք ավարտին կհասցնենք մինչեւ 2030 թվականը Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացման ռազմավարությունը: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ կառավարությունը 2017 թվականին լավ արդյունքների է հասել, չեմ կարծում, որ շեղումները շատ մեծ կլինեն, մենք թերեւս կունենանք 7,4-7,7 տոկոսի միջակայքում տնտեսական աճ: Սա, անշուշտ, լավ ցուցանիշ է: Բայց մենք նաեւ պետք է հաշվի առնենք, որ մեկ տարվա լավ տնտեսական աճը չի կարող ազդեցություն ունենալ մեր հասարակության լայն շրջանակների վրա: Եվս երկու-երեք տարի այսպիսի աճ, ես կարծում եմ, որ սրանով մենք կարող ենք ստեղծել շատ լավ հիմքեր` մեր ժողովրդագրական ծրագրերն իրականացնելու համար»,- հայտարարել է Ս. Սարգսյանն ու մի քանի անգամ շեշտել, թե տնտեսական աճի արդյունքները պետք է հասանելի լինեն հանրության բոլոր շերտերի եւ հատկապես սոցիալապես խոցելի խավերի համար:
Թեեւ Ս. Սարգսյանն արտաքուստ գոհունակություն է հայտնել 2017թ. արձանագրված տնտեսական ցուցանիշների առնչությամբ, բայց եւ անհարմար դրության մեջ է դրել վարչապետ Կարեն Կարապետյանին` հասկացնելով, որ չնայած պաշտոնական թվերին` ՀՀ քաղաքացին իր մաշկի վրա չի զգում այդ աճի հետեւանքները: Այսինքն՝ նա, այնուամենայնիվ, դժգոհություն է հայտնել կառավարության գործունեությունից:
Մյուս կողմից` խոսելով իր ժողովրդագրական վիճակը բարելավելու ծրագրի մասին (հիշում եք՝ Ս. Սարգսյանը խոստացել է 2040 թվականին ՀՀ բնակչությունը հասցնել 4 միլիոնի)` նա ըստ էության իրականանալի է համարել դա:
Ու մինչ Ս. Սարգսյանը փորձում է համոզել, թե տնտեսական աճի արդյունքում իրենք «շատ լավ հիմքեր» են դրել ժողովրդագրական ծրագրերն իրականացնելու հարցում, շտապենք հիասթափեցնել. Հայաստանում ժողովրդագրական վիճակը գնալով ավելի ու ավելի է վատթարանում. ասվածի ապացույցը ավելի քան 7 տոկոս տնտեսական աճի պայմաններում 2017թ. ցուցանիշներն են. նախորդ տարի ծնելիությունը կտրուկ նվազել է` գրանցելով վերջին տասը տարվա ամենացածր ցուցանիշը՝ 37.6 հազար երեխա, երբ 2016թ. 40.6 հազար էր: Բնական հավելաճը եւս սարսափելի փոքր է՝ 10.3 հազար, մինչդեռ 2016թ 12.3 հազար էր, նվազել է նաեւ մշտական բնակչության թիվը՝ մեկ տարվա ընթացքում 13.2 հազարով եւ այսպես շարունակ: Այնպես որ, չնայած Ս. Սարգսյանի հայտարարություններին` իրավիճակը ողբերգական է:




Լրահոս