Մարտի 1-ի դեպքերի 10-րդ տարելիցին ընդառաջ կրկին ակտիվացել են այս թեմայով քննարկումները: Ու որպես մարտի 1-ի առաջնային պատասխանատու` առաջին մեղավոր մատնանշվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը: Նախօրեի խորհրդարանական լսումների ժամանակ նրա ուղղությամբ մեղադրանքի սլաքներ ուղղեց անգամ ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը, երեկ էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ընդգծեց, թե Քոչարյանը որեւէ կերպ պետք է արձագանքի այդ մեղադրանքներին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից պարզել, թե ի՞նչ է այդ ամենի մասին մտածում երկրորդ նախագահը: Վերջինս, սակայն, լսելով հարցը` ասաց, թե հարցազրույց չի տալիս եւ հրաժարվում է որեւէ հարցի պատասխանել, անգամ նման հարցերի: