Մարտ-ի 1-ի գործով ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնի դարձավ, որ 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը, որը վերնագրված է «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին», ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն՝ ուսումնասիրության:
ԱԺ-ում Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ իրականացված լսումների արդյունքում պարզվել էր, որ գործը քննող քննչական խումբն այդպես էլ գործին չի կցել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը, որը վերնագրված է «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին»: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այդ հարցով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ միջնորդելով այդ զեկույցը կցել գործին, եւ նա նշել էր, որ այդ փաստական նյութը չի ուսումնասիրվել, եւ սա մեծ բացթողում է. «Որովհետեւ այս փաստական նյութի ուսումնասիրության արդյունքում շատ լուրջ պատճառահետեւանքային կապեր կարող են բացահայտվել»:
Մի քանի մեջբերում փաստահավաք խմբի անդամների զեկույցից. «Մեր տրամադրության տակ բազմաթիվ փաստաթղթեր, լուսանկարներ, տեսաձայնագրություններ եւ այլ ապացույցներ կան, որոնք հիմք են տալիս պնդելու, որ մինչ արտակարգ դրություն հայտարարելու մասին 01.03.2008թ. ՀՀ նախագահի հրամանագիրը, ՀՀ զինված ուժերի կառավարման մարմիններն ու ստորաբաժանումները արդեն իսկ նախապատրաստված ու ներգրավված են եղել հետընտրական քաղաքական զարգացումներին ու նաեւ մարտի 1-ի ցերեկվա ու երեկոյան իրադարձություններին:
… ՀՀ պաշտպանության նախարարը 23.02.2008թ.-ին ստորագրել է հույժ գաղտնի 0038 հրամանը (հրամանի քաղվածքը հրապարակվել է մամուլում): Ըստ այդ հրամանի` սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին, ժամը 18.00-ից տեղափոխվել է զորանոցային վիճակի, ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով:
… Հիշեցնենք` 0038 հրամանը ստորագրելու ժամանակ` 2008թ. փետրվարի 23-ին, Երեւանի Ազատության հրապարակում 3 օր շարունակ ընթանում էին բազմահազարանոց խաղաղ հանրահավաքներ, որոնց մասնակիցները պահանջում էին քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարել:
Փաստորեն մինչեւ ՀՀ նախագահի 01.03.2008թ. «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հակասահմանադրական հրամանագրի ընդունումը ՀՀ պաշտպանության նախարարի վերը նշված ապօրինի հրամանով` բանակն արդեն կազմ ու պատրաստ ներգրավված էր քաղաքական իրադարձություններին: Զինված ուժերի բազմաթիվ ստորաբաժանումներ դուրս էին բերվել տեղակայման հիմնական վայրերից եւ տեղափոխվել մայրաքաղաք կամ հարակից բնակավայրեր: Սահմանային զորամիավորումներից ստեղծվել-կազմավորվել էին առանձին ստորաբաժանումներ ու խմբեր, տեղափոխվել ու տեղակայվել Երեւանում կամ նրա մերձակայքում (Չարբախի զորահավաքակայան, բանակի սպորտային բազա, Բալահովիտի զորամաս եւ այլն):
… Որ մինչեւ արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հակասահմանադրական հրամանագրի հրապարակումը, բանակն արդեն ներգրավված էր ու մասնակցում էր ներքաղաքական գործընթացներին, վկայում են մի շարք փաստեր.
ա. Մարտի 1-ին` ժամը 16.09-ին, ՊՆ ստորաբաժանումներն իրենց տեխնիկայով տեղակայվում են Հանրապետության հրապարակում: Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար:
բ. Մարտի 1-ին` ժամը 16.11-ին, ՊՆ համազգեստներով բանակի ստորաբաժանումները Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող շուկայի դիմաց են տեղակայված: Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար:
գ. Մարտի 1-ին` ժամը 16.27-ին, Մելիք-Ադամյան փողոցում բանակի ստորաբաժանումները զինվում են ինքնաձիգներով: Երեւանի կայազորի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի ծառայողական ավտոմեքենան նույնպես այդտեղ է: Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար:
դ. Մարտի 1-ին` ժամը 18.14-ին, Հանրապետության հրապարակ են բերվում ՊՆ նոր ստորաբաժանումներ՝ ավտոտեխնիկայով: Վկայակոչվածը հաստատվում է տեսաժապավեններով եւ լուսանկարներով»:
Իսկ ուր մնաց հայտնի զեկույցը
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ է պատրաստվում անել ՀՀ գլխավոր դատախազությունը 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցի հետ, որը վերնագրված է «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը իր դիմումում նշել էր, որ զեկույցը կցվի քրեական գործին եւ զեկույցում նշված փաստերն օրենքով սահմանված ուսումնասիրվեն, ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց. «2008թ. մարտի 1-ի եւ 2-ի իրադարձություններն ուսումնասիրող փորձագետների փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի՝ «Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին եւ Մարտի 1-2-ի իրադարձություններին» վերտառությամբ զեկույցն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում արծարծված հանգամանքները 2008թ. մարտի մեկի դեպքերի եւ սպանությունների հետ կապված քննվող քրեական գործերով քննության առարկային վերաբերելիության եւ ըստ անհրաժեշտության համապատասխան քննչական եւ այլ դատավարական գործողություններ կատարելու հարցը քննարկելու համար»:
Ըստ էության 10 տարի անց Մարտի 1-ի գործով իրավիճակ է փոխվում, եւ չի բացառվում, որ ՀՔԾ-ում համապատասխան քննարկման արդյունքում որոշում կայացվի, ըստ անհրաժեշտության համապատասխան քննչական եւ այլ դատավարական գործողություններ իրականացվեն, որոնք նոր բացահայտումների հիմք կդառնան: Ավելին` պարզ է, որ դատախազության այս քայլը՝ փաստահավաք խմբի անդամների զեկույցն ուսումնասիրելը, չէր կարող տեղի ունենալ առանց Սերժ Սարգսյանի իմացության ու համաձայնության: Ու անկախ նրանից, թե հետագայում ՀՔԾ-ն այս հարցում ինչ որոշում կկայացնի /ընդ որում, այդ որոշումն էլ կլինի Սերժ Սարգսյանի համաձայնությամբ/, ինքնին փաստ է, որ նախաքննական մարմինը կասկածի տակ է դրել 2008թ. հայտնի իրադարձությունների ժամանակ իշխանությունների գործողությունների սահմանադրականությունը, օրինականություն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀՐԱԶԴԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԾԵԾՎԱԾԻՆ ՉԵ՞Ն ԾԵԾԵԼ
Արդեն ծեծված քաղաքացուն Հրազդան քաղաքում ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու գործը բավակին մեծ աղմուկ բարձրացրեց: Բանն այն է, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Է. Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2018թ.-ի հունվարի 1-ին Հրազդան քաղաքում անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու քրոջը: Նույն օրը ոստիկանության աշխատակիցներն իրենց բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին` պահանջելով հայտնել, թե ովքեր են իրենց ծեծի ենթարկել: Երբ Է. Ա.-ն ասել է, որ նրանց չի ճանաչում, ոստիկանները, չհավատալով վերջինիս, հայհոյանքներ են տվել եւ ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ: Արդյունքում հատուկ քննչական ծառայությունում կալանավորի հաղորդման հիման վրա նախաքննություն է ընթանում: Դատելով Է.Ա-ի հայտարարությունից` հերիք չէ իրենն ու քրոջը անծանոթ մարդիկ են ծեծել, իսկ ոստիկանները օգնելու փոխարեն եւ, առհասարակ, պարզելու համար, թե ով է քաղաքացուն ու նրա քրոջը ծեծել, մի բան էլ կրակի վրա յուղ են լցրել ու երկրորդ անգամ են քաղաքացուն ծեծել:
«Ժողովուրդ» օրաթերթը Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանից փորձեց պարզել, թե ինչպես կբացատրի իր ենթակայությամբ գործող ոստիկանների վարքը, ոստիկանապետը նշեց, որ նման բան չկա:
-Պարո՛ն Գրիգորյան, քաղաքացին կոնկրետ հաղորդում է տվել հանցագործության մասին եւ ՀՔԾ-ում ասել, որ Ձեր ենթակաները ինչպես են իրեն ծեծել, այսպե՞ս եք օգնում քաղաքացիներին:
-Չկա նման բան, այդ անձը կալանավորված է, քանի որ ոստիկանի քթին է խփել եւ այն կոտրել է: Ինքը դիմադրության հատկանիշներով հարուցված քրեական գործով կալանավորվել է: Իսկ այն, որ ինքը հաղորդում է տվել, թե ոստիկանները իրեն ծեծել են, դա շինծու է, նման բան չկա:
-Վստա՞հ եք:
-Ոչ թե վստահ եմ, այլ համոզված եմ 300 հազար տոկոսով, որ նմանատիպ բան չի եղել եւ չի էլ կարող լինել:
-Եթե նախաքննության ընթացքում այլ բան բացահայտվի՞:
-Հաղորդման հիման վրա այդ մասը ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն, որտեղ ամեն ինչ կերեւա:
-Փաստ է մեկ բան. մարդը ասում է` ինձ անծանոթները ծեծել են, ու գոնե ոստիկանները օգնեն, մի բան էլ իրենք են ծեծում:
-Ուրեմն Ձեզ ասեմ` ինչպես է եղել. ահազանգ է եղել ոստիկանություն, որ մարդ ու կին կռիվ են արել, գնացել են դեպքի վայր եւ տեսել են` երկու հոգի ծեծում են, ու լինում է իր քույրը: Այդ ժամանակ, երբ նրան բերում են բաժին, հարցնում են, թե ինչ է եղել, տալիս է, ոստիկանի քիթը ջարդում է: Ինքը օրինական պահանջներին չի ենթարկվել, դրա համար կալանավորվել է` ՀՀ քննչական կոմիտեում դիմադրության հատկանիշներով հարուցված քրեական գործով:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեւանի «Նաիրի» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով երկու քաղաքացի տեղափոխվել է բուժօգնության: Դեպքի առթիվ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրգործ` 112-րդ հոդվածի հատկանիշներով (ծանր մարմնական վնասվածք պատճառելու): Դեռ պարզվում են նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքները: Մարմնական վնասվածք հասցնելու իրական դեպքի վայրը հստակեցնելու ուղղությամբ եւս քննություն է տարվում: Նշենք, որ երկու անձանց դանակահարության դեպքը տեղի է ունեցել մարտի 14-ին Երեւանի Հանրապետության փողոցում:
Հ1-Ի ԲԱՑԹՈՂՈՒՄԸ
Կանանց քրեակատարողական հիմնարկում նկարահանված «Լավ երեկո» հաղորդման աղմուկ հանած ռեպորտաժը մտահոգություն է առաջացրել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի մոտ: «Կարծում եմ, որ դա անթույլատրելի է, ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով եւ շատ լուրջ քննարկում եմ ունենալու Հ1-ի ղեկավարության հետ, որովհետեւ սա առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի է ունեցել Հ1-ի կողմից: Մենք դա քննարկման առարկա կդարձնենք»,-ասել է Դ. Հարությունյանը: Դիտարկմանը, թե 2000թ., երբ ինքն արդարադատության նախարար էր, ՔԿՀ-ներ մուտքը լրագրողների համար ավելի ազատ էր, իսկ այժմ խոչընդոտներ են ստեղծվում, նախարարն արձագանքել է. «Որովհետեւ այն ժամանակ սահմանափակ էր այն անձանց թիվը, ովքեր ներկայանում էին լրագրող, եթե հիշում եք, այն ժամանակ գործում էր այլ կանոնակարգ»: Հիշեցնենք, որ մարտի 8-ին Հ1-ի «Լավ երեկո» հաղորդման լրագրողը հնարավորություն էր ունեցել մուտք գործել ՔԿՀ եւ զրուցել ամենախոցելի խավի` ազատազրկված կանանց հետ: Կանանց իրավունքների պաշտպանության օրը դատապարտված կանայք ծաղրի առարկա էին դարձել: