Մինչ Սերժ Սարգսյանը Հայաստանում լուծում է իր իշխանավարության շարունակության հարցը, հարեւան Ադրբեջանում նույնպիսի զբաղվածություն ունի Իլհամ Ալիեւը: Երկու պետություններում էլ սկզբունքային տեսանկյունից ընթանում է նույն գործընթացը, պարզապես տարբեր են ձեւերը: Այս իրավիճակում զարմանալի էլ չէ միջազգային հանրության անտարբերությունը Հայաստանի ու Ադրբեջանի ավտորիտարացման գործընթացների նկատմամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, թե արտաքին կենտրոնների համար որքան կարեւոր է պահպանել հավասարակշռությունը այս երկու պետությունների միջեւ:
Իլհամ Ալիեւը Ադրբեջանի նախագահ ընտրվեց արդեն չորրորդ անգամ: Այս ընտրություններում Ալիեւը ստացավ շուրջ 86 տոկոս ձայն՝ մրցակցության մեջ հաղթելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: 15 տարի կառավարելուց հետո Ալիեւը ստացավ նոր 7-ամյա ժամկետի հնարավորություն: Հաշվի առնելով Ադրբեջանում հաստատված դրությունը՝ կարելի է չկասկածել, որ նա նվազագույնը երկու-երեք 7-ամյա ժամկետներ դեռ կարող է սպառել, եթե, իհարկե, զոհ չգնա իր ընտանիքի պալատական դավադրություններին: Խնդիրն այն է, որ Ալիեւը իր ընտանիքի ներկայացուցիչներին է նշանակել պետական բարձրագույն պաշտոններում՝ Ադրբեջանը վերածելով ընտանեկան կազմակերպության:
Իսկ ահա ընդդիմության դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում զրոյական է: Թեեւ Ալիեւն ուներ 7 մրցակիցներ, սակայն թե՛ նրանց լուսանցքային, թե՛ ռեսուրսներից զրկված լինելը միտված է միայն այլընտրանքայնության պատրանք ստեղծելուն: Ընդդիմադիր հիմնական կազմակերպությունները բոյկոտել էին ընտրությունները՝ նկատի ունենալով, որ անհնար կլինի ընտրությունների միջոցով որեւէ բան փոխել: Ընդդիմությունը քվեարկությունից հետո հայտարարեց, որ գործընթացին ընտրողների մասնակցությունը 15 տոկոսից չի անցել, սակայն Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարել է 75 տոկոս մասնակցության մասին: Ադրբեջանում նույնպես լայն տարածում ունի կրկնաքվեարկությունների պարսավելի պրակտիկան:
Ընդդիմադիր շրջանակներից հնչող բողոքներն ու ընտրախախտումների մասին ահազանգերը չափազանց ծանոթ կարող են լինել հայ հանրության համար, որը ամեն ընտրությանը լսում է այդ մասին՝ ծեծուջարդ, բռնարարքներ, լցոնումներ, ընտրողների կուտակումներ, կրկնաքվեարկություններ եւ այլն: Այսպիսով` գոնե ընտրական գործընթացի կազմակերպման ու անցկացման հարցում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չի կարելի խոսել հավասարակշռության խախտման մասին:
Այդուհանդերձ, հետաքրքիր է, որ Ադրբեջանում հերթական ընտրությունները պետք է տեղի ունենային աշնանը, մինչդեռ Ալիեւը որոշեց դրանք արտահերթ կազմակերպել՝ իշխանության ամրապնդման հարցը օրակարգից շուտափույթ հանելու համար: Այնպիսի տպավորություն է, որ Ալիեւը փորձում է ապահովագրվել թիկունքի հարվածներից՝ ամրապնդելու համար իր դիրքերը: Որքան էլ ընտրությունները կեղծված են, իշխանության զավթումը ապօրինի, ընտրական այդօրինակ գործընթացը թույլ կտա Ալիեւին ավելի վստահ զգալ իրեն թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին հարաբերություններում:
Ավելին՝ Ալիեւը միաժամանակ հաջողությամբ խուսափեց աշնանը ընտրական գործընթացի մեջ ներքաշվելուց: Թվում է` Ալիեւը ավելի կարեւոր գործ ունի աշնանը, քան ընտրությունները կարող են լինել: Զարմանալի զուգադիպությամբ գարնանը անցումային շրջանում է հայտնվել նաեւ Հայաստանը, որտեղ փաստացի իր երրորդ ժամկետին, բայց այս անգամ` անժամկետ, գնում է նաեւ Սերժ Սարգսյանը: Սակայն եթե Ալիեւի իշխանավարության շարունակականությունն ավելի դյուրին ստացվեց, ապա Սերժ Սարգսյանի դեպքում որոշակի ձեւական արարողակարգային հարցեր, այդուհանդերձ, դեռ պահպանվում էին: Գարնան-ամառ ժամանակահատվածն օգտագործելով իշխանության ներսում վարչապետի կարգավիճակով ամրանալու համար՝ Սերժ Սարգսյանը նույնպես աշնանը ազատված կլինի իշխանության հարցի որոշման գլխացավանքից:
Իրերի դրությունը, արդ, հուշում է, որ ներկայումս կիսապատերազմական դրության մեջ գտնվող Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկա աշնանը Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվելու համար հարմար պահ կունենան: Անցած տարիներին ԼՂ-ի բանակցային գործընթացն արագացել է այն ժամանակ, երբ երկու երկրներում էլ ընտրություններն արդեն անցյալում էին, եւ իշխանություններն ազատ էին ներքին ճնշումներից: Հաշվի առնելով վերջին շրջանի հարաբերական խաղաղությունը սահմանին, ինչպես նաեւ արտաքին կենտրոնների պասիվությունը ԼՂ հարցում՝ կարելի է պնդել, որ առաջիկա աշնանը գործընթացը շեշտակի թափ է հավաքելու: Այս կարծիքի հաստատմանն է գալիս նաեւ Սերժ Սարգսյանի փաստացի երրորդ ժամկետի հանդեպ արտաքին ուժային կենտրոնների համախմբված անտարբերությունը եւ ինչ-որ տեղ անգամ ջատագովությունը:
Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ ԵՄ-ն, թե՛ առավել եւս Ռուսաստանը ոչ միայն չդժգոհեցին Սարգսյանի երրորդ ժամկետի առթիվ, այլեւ անգամ աջակցեցին նրան: Երկու ամիս առաջ Փարիզում Սերժ Սարգսյանի ստացած ընդունելությունը ոչ այլ ինչ էր, քան արեւմտյան «դաբրո» նրա վարչապետությանը: Իսկ Սերժ Սարգսյանի հանդեպ արտաքին նման գուրգուրանքը կարող է միմիայն կախված լինել նրանից, թե ինչ է խոստացել Սարգսյանը Արեւմուտքին Ղարաբաղյան ճակատում, քանի որ մնացած հարցերում այլեւս խոստանալու բան էլ չի մնացել: 2008թ. նա խոստանում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում պատմաբանների հանձնաժողովի գնով, 2013թ. ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքում: Իսկ երրորդ ժամկետին համաձայնելու համար թերեւս արտաքին կենտրոնները ավելի մեծ ախորժակ պետք է ունենային:
Բայց հիմա Սարգսյանի վերջին հույսը գերտերությունների միջեւ մրցակցությունն է, որի արդյունքում նա կկարողանա խուսափել խոստումներն իրագործելուց: Նույն կերպ է մտածում նաեւ Իլհամ Ալիեւը: Եւ արդեն տեւական ժամանակ է` նրանք այսպես խուսանավում են խնդրի լուծման գնալուց:
Ն.ՀՈՎՍԵՓՅԱՆ