Բանակցությունները կարող են փրկվել միայն Արցախի մասնակցության պարագայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար տարիներ ի վեր Հայաստանում իշխանությունը քաղաքական տեքստերով չէր խոսում, եւ նորընտիր վարչապետի արցախյան ասուլիսը շատերի համար դարձավ տպավորիչ նորարարություն: Նիկոլ Փաշինյանը մի շարք առանցքային մտքեր հայտնեց արտաքին քաղաքականության մասին, որոնցից ամենակարեւորը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հարցում վարվելիք քաղաքականությանը: Քանի որ ԼՂ հարցը Հայաստանի գերխնդիրն է, այդ ոլորտում նախորդ երկու ռեժիմների ինքնանպատակ քաղաքականությանը օր առաջ պետք է վերջ տալ:

Վարչապետի հայտարարությունը, թե պատրաստ է Ադրբեջանի նախագահի հետ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից իսկապես նշանակալից է: Ռոբերտ Քոչարյանի թեթեւ ձեռքով, իսկ իրականում որպես արտաքին ուժային կենտրոններից պալատական հեղաշրջման հարցում ստացած համաձայնության պարգեւավճար, Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից: Դա մեծագույն նվեր էր առաջին հերթին Ադրբեջանին, որը հակամարտության սկզբնավորումից ի վեր ձգտում էր ոչնչացնել Արցախը որպես գործոն: Սերժ Սարգսյանին բաժին հասած այս ժառանգությունը նրա լեգիտիմության դեֆիցիտի պայմաններում հնարավոր չեղավ վերանայել: Չունենալով ներքին հենարան` Սարգսյանը չէր կարող լուրջ քայլեր ձեռնարկել նման պատասխանատու գործում, ինչպիսին Արցախը բանակցային գործընթացի մասնակից դարձնելն էր:

Թեեւ հանուն արդարության պետք է նկատել, որ նրա նախագահության շրջանում գոնե երկու անգամ Հայաստանը նման հնարավորություն ստացավ: Այսպես, նախ` Հայաստանը կարող էր բանակցություններն առկախել ու որպես դրանց շարունակություն առաջ մղել ԼՂ-ի մասնակցության պայմանը այն ժամանակ, երբ Ադրբեջանը վերադարձրեց Ռամիլ Սաֆարովին ու ազատ արձակելով` բարձր զինվորական կոչումների ու պատվի արժանացրեց: Սարգսյանի վարչակազմը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու փոխարեն պետք է հաշվենկատորեն մտածեր գործնական քաղաքական օգուտի մասին: Սակայն Սարգսյանն իրեն, բնականաբար, չէր կարող դավաճանել` Հայաստանի շահը վեր դասելով անձնական փիառից:

Երկրորդ եւ առավել իրական առիթը 2016թ. ապրիլյան պատերազմն էր: Այսժամ Ադրբեջանը խախտեց Մայնդորֆյան հռչակագիրը, ամբողջ աշխարհի առաջ ցուցադրեց բանակցային գործող ձեւաչափի ձախողումը եւ փորձեց ռազմական ճանապարհով գրավել Արցախը: Պատերազմական ձախողված գործողություններից հետո Ադրբեջանը Մոսկվայից մինչեւ Վաշինգտոն խնդրում էր բանակցությունների վերականգնումը: Եվ այդժամ Սարգսյանը ոչ թե պետք է կրկին իր խոսքերից հետ կանգնելով աճապարեր Վիեննա, այլ գործնական քայլեր ձեռնարկեր բանակցություններում ԼՂ-ի ներգրավման ուղղությամբ: Հատկապես արեւմտյան շրջանակները դրան հազիվ թե դեմ լինեին, քանի որ քաջ գիտակցում են, որ հակամարտության կարգավորումը գտնվում է փակուղում եւ շրջադարձ հնարավոր է միայն Արցախի ներգրավմամբ: Անշուշտ, այստեղ բարձրանում էր ռուսական գործոնը, որին իրապես ձեռնատու չէ(ր) բանակցային ձեւաչափի փոփոխությունը: Այսժամ արդեն պետք է գործի դրվեր դիավանագիտական հմտությունը ռուսական շահերը հակելու այս ուղղությամբ: Բայց ՌԴ ղեկավարությանը արեւոտ եղանակի համար երախտապարտ ՀՀ արդեն նախկին իշխանությունները հազիվ թե նման հանդգնություն ցուցաբերեին:

Այսպիսով` Արցախի հակամարտության կարգավորման ուղղությամբ վարված 20-ամյա քաղաքականության էջը կարծես թե կարելի է փակված համարել: Արցախյան հակամարտության կարգավորման հայաստանյան մեթոդաբանությունը վերադառնում է Արցախը որպես գործոն ընկալելուն: Այսժամ իրական խնդիր է դառնում համոզել միջազգային հանրությանը, որ հաշվի նստի այդ գործոնի հետ: Քոչարյանի, Սարգսյանի եւ հայր ու որդի Ալիեւների 20-ամյա համատեղ ջանքերի արդյունքում հակամարտությունը չի լուծվել առաջին հերթին հենց մեթոդաբանական այս պարզ խնդիրը չընկալելու համար. երբ հակամարտությանը չի մասնակցում այդ հակամարտության հիմնական կողմը, այն չի կարող լուծվել հիմնարար իմաստով: Անշուշտ, առավել հիմնավոր է կարծել, որ վերոնշյալ անձինք առաջնահերթ չէին համարում հակամարտության կարգավորումը` ստատուս-քվոն դիտարկելով սեփական իշխանավարության անընդհատ շարունակման իրական աղբյուր:

Դժբախտաբար, այս պահին միասնականություն չկա միջնորդների մոտ` հատկապես հաշվի առնելով ԱՄՆ-ի վարած վայրիվերո արտաքին քաղաքականությունը, ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների լարված բնույթը, ԱՄՆ-Եվրոպա ներդաշնակության բացակայությունը:

Այդ միասնականությունը կարող էր օգնել հակամարտության կարգավորումն էականորեն արագացնելու առումով: Եթե նախկինում այդ միասնականությունը կարող էր մտահոգիչ լինել Հայաստանի համար, ապա միայն այն պատճառով, որ վերջինիս դիրքերը թույլ էին բանակցային սեղանի շուրջ: Այսօր Հայաստանում գոնե գործադիր իշխանության թիկունքին կանգնած է հասարակության ճնշող մեծամասնությունը: Սա հսկայական ֆորա է ոչ-ժողովրդավարական Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելուց առաջ, ինչը չեն կարող հաշվի չառնել ո՛չ միջնորդները, ո՛չ էլ Ալիեւը: Եվ հաշվի առնելով, որ լեգիտիմ իշխանությունն արդեն իսկ հոգեբանորեն կաշկանդված է իր լիազորությունների սահմանից դուրս գալու հարցում, լիովին օրինաչափ է ԼՂ-ը բանակցություններում չներկայացնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: Ավելին` ստատուս-քվոյի միջոցով իշխանությունը պահպանելու հոգսի տակ կքած «միապետները» այդ բանակցությունները լիովին վերածել են ձեւականության:

Ուստի այսօր բանակցությունները կարող են փրկվել միայն ԼՂ-ի մասնակցության պարագայում: Հայաստանի ժողովրդավարական բնույթը լրջագույն խնդիրներ է ստեղծել Ադրբեջանի համար 1990-ական թվականներին, ինչը սպառնում է կրկնվել ներկայումս Հայաստանի նոր իշխանությունների սթափ, դանդաղ շտապելու ու հավասարակշիռ քաղաքականության պարագայում: Հիշում եք` 90-ականներին Հայաստանը համարվում էր ժողովրդավարական կղզյակ, հիմա եւս, ի տարբերություն Ադրբեջանի, այն ժողովրդավարական ուղի է բռնել:

Ն. Հովսեփյան




Լրահոս