«Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմից հայտնի դարձած դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը, ով աշխատում է Հ. Թումանյանի անվան Երեւանի պետական տիկնիկային թատրոնում, մշտապես կանգնած է Սերժ Սարգսյանի, ապա նաեւ Հանրապետական կուսակցության դեմ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժման մասնակիցների կողքին։ Նա մեզ հետ զրուցել է անհատների դեմ պայքարից համակարգի դեմ պայքարի անցնելու, մշակութային հեղափոխության եւ որպես քաղաքացի իր հստակ դիրքորոշումն ունենալու մասին։
-Տաթե՛ւ, Դուք շարժման հենց սկզբից ցուցարարների թվում եք, հիմա բողոքի ակցիան, ըստ Ձեզ, ի՞նչ ընթացք է ստացել, ի՞նչ փուլ է թեւակոխել։
-Չհաշված այն անշնորհքություններն ու անկարգությունները, որոնք կապ չունեն պայքարի հետ, ամեն բան իր նորմալ հունով ընթանում է։ Ես պայքարում եմ նաեւ հենց այդ անօրինականությունների դեմ, օրինակ՝ փակ համարանիշներով ավտոմեքենաների։ Մենք պետք է ռեժիմի դեմ քաղաքակիրթ պայքար մղենք, ինչպես որ դա արեցինք Սերժ Սարգսյանի դեպքում, եւ, ինչպես տեսաք, հաղթեցինք։ Հիմա հանրապետականների ռեժիմի դեմ պայքարում կհաղթենք այն ժամանակ, երբ այդ խուլիգանությունները չլինեն։
-Ըստ Ձեզ` մարդկանց գիտակցությունում արմատներ գցե՞ց այն գաղափարը, որ պայքարը ոչ թե անհատների, այլ համակարգի դեմ է։
-Այո, ես ինքս էլ ասում եմ, որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանի համար չեմ փողոց դուրս եկել, ես դուրս եմ եկել ռեժիմի դեմ պայքարելու։ Բայց Փաշինյանն ապացուցում է, որ վաղը կարող է լինել իմ վարչապետը։ Մարդը կարողացավ քայլերթով սկսել շարժում եւ իրականացնել հեղափոխություն, ուրեմն պետք է փորձենք հավատալ նրան։ Տասը տարի ապրեցինք Հանրապետական կուսակցության կլանի ու վայրագությունների մեջ, մեկը եկավ ու տասը օրում իրավիճակ փոխեց։ Նրան չհավատալը ծիծաղելի է։ Հիմա ես իմ պարտքն եմ համարում լինել ժողովրդի մի մասը ու ոչ թե որպես դերասանուհի, այլ պարզապես որպես քաղաքացի։
-Սա նաեւ մշակութային հեղափոխություն է, որը ենթադրում է մարդկանց կենսակերպի փոփոխություն, համաձա՞յն եք։
-Այո, դա նշանակում է, որ մարդիկ պետք է հասկանան, որ փողոցում արեւածաղիկ չրթել չի կարելի, որ մեկ տարեկան երեխան, որի ապագայի համար ես պայքարում եմ, չպետք է անկարգության արդյունքում զոհվի։
-Տաթե՛ւ, որպես դերասանուհի, Ձեր քաղաքական հայացքների համար երբեւէ տուժե՞լ եք։ Եղե՞լ են ճնշումներ։
-Ինչպես գիտեք, աշխատում եմ Տիկնիկային թատրոնում, որի ղեկավար Ռուբեն Բաբայանը բավական ազատամիտ մարդ է եւ կանգնած է երիտասարդների կողքին, այնպես որ, թատրոնում նման խնդիր չկա։ Ես նկարահանվելու եմ ֆիլմում եւ չգիտեմ՝ նկարահանողները հանրապետականի գաղափարակիցն են, թե իմ, բայց, միեւնույն է, բոլոր դեպքերում ես չեմ վախենում, որովհետեւ ի սկզբանե իմացել եմ, որ կարող են նմանատիպ խոչընդոտներ լինել։ Միեւնույն ժամանակ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաներն այնքան զարգացած են, հանրությունն այնքան ինֆորմացված է, որ խոչընդոտների ստեղծումը ավելի ու ավելի դժվար է դառնում։
-Կան մարդիկ, որոնք արդեն իրենց մաշկի վրա զգում են փոփոխություններ, մտածողության փոփոխություն։ Դուք ի՞նչ կասեք։
-Գիտեք, Սարգսյան-Փաշինյան բանակցություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը սպառնաց մարտի 1-ով, ես կյանքումս առաջին անգամ մտածեցի երկրից գնալու մասին եւ արտահայտվեցի այդ մասին։ Բայց հետո իրավիճակ փոխվեց։ Եվ այդ փոփոխությունը չնկատել հնարավոր չէ։ Ամեն դեպքում, ես ասում եմ՝ եթե վաղը Նիկոլ Փաշինյանն ասի կամ անի այնպիսի բան, որի հետ ես համաձայն չլինեմ, ես կրկին բարձրացնելու եմ բողոքի իմ ձայնը։ Նույնը կոչ եմ անում իմ կոլեգաներին։
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՎԱՏԻ ՀԵՐՆ ԱՆԻԾԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ»
«Աստծո կողմից մեզ բաժին հասած շանսը չպետք է բաց թողնել։ Եթե սա էլ բաց թողեցինք, երկրում կմնան հաշված մարդիկ։ ՀՀԿ-ում նստած են մարդիկ, որոնք հետո կցանկանան հաշվեհարդար տեսնել, ու դա մեր քթից է գալու»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասան Լեւոն Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանում տիրող ներքին քաղաքական մթնոլորտին, մասնավորապես Հանրապետական կուսակցության դեմ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ընդդիմադիր շարժմանը։ Ի դեպ, Լեւոն Հարությունյանն այն հայտնիներից է, որոնք այս օրերին միացել են ցուցարարներին եւ իրենց աջակցությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանին։
«Եթե այսօր մեզ ընձեռված հնարավորությունը բաց թողնենք, վաղը ժողովուրդը զենքով է դուրս գալու։ Ես չեմ ուզում բարձրանալ, ինչ-որ հարթակներից խոսել, որովհետեւ դեռեւս վեց տարի առաջ իմ խոսքն ասել եմ։ Բայց հասկացա, որ այս երկրում խոսքը չի անցնում, պետք է գործել, եւ այսօր մենք գործում ենք»,-շեշտեց դերասանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ այսօր վերականգնվեց ազգի հպարտությունը, մենք հասկացանք՝ ինչ բան է հաղթանակը, թասիբը. «Այդ հավատի հերն անիծել չի կարելի, կոլեգաներիս ուզում եմ ասել՝ եկեք, կինտոյավարի չապրենք, եկեք` մի քիչ հեռուն նայենք»,-նշեց պարոն Հարությունյանը։ Նրա համոզմամբ՝ նոր սերունդը, որը կանգնած է շարժման հիմքում, չի սխալվի, ինքն էլ մեծ սիրով կանգնած է այդ սերնդի կողքին. «Ունենք սերունդ, որով արդեն հպարտ եմ, աշխարհն է հպարտանում մեր երիտասարդներով։ Հույս ունեմ՝ վաղն էլ ենք հպարտանալու նրանցով։ Երիտասարդները կարողացան մեր կողքին լինել, իրենց տեսակը թելադրել»,-նկատեց դերասանը։
Նա տեսակետ հայտնեց, որ տարիներ շարունակ ժողովուրդը կորցրել էր իր տեղը, իր դիրքը, եւ այսօր դրանք վերականգնվել են. «Այսօր մենք պետք է լինենք Հանրապետության Հրապարակում, որպեսզի սկսած գործը հասցնենք ավարտին։ Ունենք հաղթանակ, պետք է գնանք այդ հաղթանակի ետեւից»,-եզրափակեց մեր զրուցակիցը։
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԱՐՈՆՅԱՆԸ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ Է
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանն անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին: «Մեծ հպարտություն եմ զգում ժողովրդիս համար` վերջին երկու շաբաթների իրադարձություններին հետեւելով: Ցուցարարների հաստատակամությունն ու քաջությունը, ոստիկանների զգոնությունն ու զսպվածությունը եւ իշխանության ցուցաբերած իմաստուն եւ հեռատես քայլը ծաղկուն ժողովրդավարության հիմք են ստեղծում: Միանում եմ բոլորիդ Հայաստանում եւ սփյուռքում, եւ հավատում, որ մեր նպատակներին հասնել կարելի է միայն խաղաղ եւ արժանապատիվ ճանապարհով: Եկեք, զգուշանանք այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել այն ամենը, ինչ մեր ժողովուրդը կառուցել է երկար տարիներ: Մենք պետք է ավելին պահանջենք, մենք կարող ենք ավելին ունենալ: Եկեք, քայլենք այդ ուղղությամբ: Անչափ կարեւոր է սեփական իրավունքների հաստատումն ու կայացումը սկսել մեր իսկ պատասխանատու վերաբերմունքով: Միասին մենք անհաղթ ենք: Աստված օրհնի Հայաստանը»,-նշել է Լ. Արոնյանը:
ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է
Օլիմպիական արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը քննադատել է դավաճաններին: Սերժ Սարգսյանի` ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո նրա մի շարք կողմնակիցներ ինչպես ՀՀԿ, այնպես էլ մյուս կուսակցություններից, հեռացել են նրա կողքից, այլեւս չեն աջակցում: Ջուլֆալակյանն այս թեմայով սոցցանցի իր էջում գրել է. «Բոլոր քաղաքական ուժերի համար լավագույն հնարավորությունն է ճանաչելու իրենց շարքերում գտնվողներին… եւ շատ կարեւոր է Նոր Հայաստանում դրանց մասով ճիշտ որոշումներ կայացնելը: Մեկ անգամ դավաճանողը միշտ էլ կդավաճանի: Ճիշտ չէ թքել այն կաթսայի մեջ, որից շատ երկար ու որակով սնվել ես… դա երբեք դրական գնահատականի չի արժանացել»:
ՆՈՐ ԳՈՏԻ
WBC-ի նախագահ Մաուրիսիո Սուլեյմանը ներկայացրել է կազմակերպության նոր գոտին, որը ստեղծվել է Գենադի Գոլովկին-Վանես Մարտիրոսյան մենամարտի համար: «BoxingScene»-ի փոխանցմամբ` նոր տիտղոսը նվիրված է WBC-ի հիմնադիր Ադոլֆ Մատեոսին: Այսպիսով` Վանես Մարտիրոսյանի եւ Գենադի Գոլովկինի միջեւ մենամարտում վիճարկվելու է WBC, WBA, IBO վարկածներով գոտիները:
Հիշեցնենք, որ մենամարտը կկայանա մայիսի 5-ին Կալիֆորնիայում: