Շահագործվել է Հայաստանը շրջանցող հերթական էներգետիկ ծրագիրը: Խոսքը Տրանսանատոլիական գազատարի մասին է, որը կապում է Հայաստանի հարեւան երեք երկրները` Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը: Այս խողովակաշարի շինարարությունը սկսվել էր դեռ երեք տարի առաջ, եւ հիմա արդեն, ըստ պաշտոնյաների, այն պատրաստ է ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով հասցնել Թուրքիա, ապա Հարավային Եվրոպա` միաժամանակ նվազեցնելով Եվրամիության էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:
Արձանագրենք մեկ տխուր իրողություն. Հայաստանը հետեւողականորեն դուրս է մղվում ե՛ւ տրանսպորտային, ե՛ւ էներգետիկ համագործակցության տարածաշրջանային ծրագրերից, արդյունքում` ավելի է խորանում մեր երկրի մեկուսացումը: Ավելի վաղ Հայաստանը շրջանցեց Թբիլիսի-Բաքու-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթուղին, Տրասեկան: Տրանսպորտային ու էներգետիկ համագործակցության նոր ծրագիր է նախատեսվում Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ:
Հայաստանը շրջանցող նման կարեւոր ծրագրերի բացասական հետեւանքներն իհարկե միանգամից չեն զգացվի, այլ այդ ամենը կերեւա երկարաժամկետ կտրվածքով, մի քանի տարի անց, առավել եւս, երբ Հայաստանը դեռ չի կարողացել այդ ամենին այլընտրանք առաջադրել. Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագիրը պարզապես դոփում է տեղում` խժռելով նորանոր գումարներ:
Ու պետք է արձանագրենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունների քսան տարի վարած քաղաքականության ամենամեծ վնասը հենց սա էր: Եթե երկրում հաստատված ու տարիներ շարունակ քարացած կոռուպցիան հնարավոր է արմատախիլ անել, եթե հնարավոր է վերացնել մենաշնորհը, վերականգնել քաղաքացիների եւ տնտեսական ազատությունները, ապա նույնը չես ասի նման ծրագրերի դեպքում. դրանց գործարկումը կասեցնելն այլեւս անհնար է: Գրեթե անհնար է նաեւ հետագայում նման ծրագրի մասնակից դառնալը: Հայաստանը նման ծրագրերից դուրս է մնում գերազանցապես Ղարաբաղյան հակամարտության առկայության, հարեւան երկու պետությունների` Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ չունենալու պատճառով:
Որքան էլ նախկին իշխանությունները, մատնանշելով ԼՂ հիմնախնդիրը, պնդեն, թե այս իրավիճակն ունի իր օբյեկտիվ պատճառները, միեւնույն է, սա արդարացում չէ: Ի վերջո, նույն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում նախկին իշխանությունները գնացին ոչ թե խնդիրը լուծելու, այլ ստատուս քվոն պահպանելու ճանապարհով: Հիմա նոր կառավարության առաջ ծառացել է այս հարցում կտրուկ փոփոխությունների, եւ առաջին հերթին հարեւան պետությունների հետ հաշտություն եւ բարիդրացիություն հաստատելու հրամայականը: