Նոր կառավարությունը միջազգային հարաբերություններում փորձում է ինքնավստահ լինել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անկախություն», «ինքնիշխանություն», «գործընկերություն», «արժանապատիվ կեցվածք», «սեփական երկրի շահի գիտակցում եւ միջազգային ասպարեզում այդ շահի հետապնդում». քսան տարի շարունակ ՀՀ քաղաքացիներիս համար սրանք սոսկ արտահայտություններ էին, հեռավոր երազանք, որին միայն ձգտում էինք հասնել: Ուզում էինք, որ մեր երկրի իշխանությունները (ի դեպ, արդեն նախկին), հենց այս բառերը ելակետ ունենալով, կառուցեին իրենց արտաքին քաղաքականությունը: Ուզում էինք, որովհետեւ գիտեինք, թե դա ինչ է: Սրանից 20 տարի առաջ ճաշակել էինք:

Հենց 90-ականներին՝ Հայաստանի անկախության հռչակումից հետո, տեսել էինք, թե ինչպես էին Հայաստանի առաջին իշխանությունները նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հավասարը հավասարի նման շփվում միջազգային հանրության հետ, ու եթե երկրի շահը թելադրում էր դեմ գնալ նույն այդ միջազգային հանրությանը, առանց վարանելու անում դա (ինչպես եղավ 1996թ. Լիսաբոնում, երբ ՀՀ-ն, հակառակ միջազգային հանրության ճնշումներին, վետո դրեց ԼՂ հակամարտության մասին ոչ հայանպաստ ձեւակերպումներ պարունակող փաստաթղթին):

1998-ի պալատական հեղաշրջումից հետո էր, որ ՀՀ-ն միջազգային հանրության մոտ կորցրեց իր դեմքը` դառնալով գերտերությունների կցորդ, կամակատար, ֆորպոստ: Այդպես էր, որովհետեւ այդ ժամանակ այլեւս ՀՀ իշխանությունը կորցրել էր լեգիտիմությունը, պետության ղեկին հաստատված խումբը ոչ թե ժողովրդի կողմից էր ընտրվել, այլ բռնազավթել էր իշխանությունը` դեմ գնալով ժողովրդի կամքին, չմոռանալով իրենց իշխանությունն ամրապնդելու համար կոտորել ժողովրդին սկզբում բռնություններով, հետո մարտիմեկյան սպանություններո` քաղաքական հակառակորդներին բանտերը նետելով:

ՈՒ պետության ղեկին հայտնվածները սեփական իշխանությունը պահելու մարմաջով փորձում էին աջակցություն գտնել օտարի մոտ` դառնալով վերջինիս հպատակը:

Թավշյա հեղափոխությունից հետո վերականգնվել է ՀՀ-ի արժանապատիվ կեցվածքը: Վերականգնվել է, որովհետեւ գործադիր իշխանությունը ձեւավորվել է ժողովրդի ցանկությամբ: Ու սա է պատճառը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ներկայանում է ոչ թե որպես Գազպրոմի կողմից կառավարվող «գուբերնիայի» ներկայացուցիչ, այլ որպես ինքնիշխան պետության ղեկավար: Սա է պատճառը, որ Փաշինյանը չի վարանում ՌԴ իշխանությունների հետ քննարկել Հայաստանին մատակարարվող գազի սակագինը եւ հետո հայտարարում, թե «Մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար սահմանված սակագինը բացառիկ էժան է, բայց մենք առավել բացառիկ սակագին ենք ուզում»:




Լրահոս