ՆՈՐ ՍԱՐՔԵՐ ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ. ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴԴԵՄ ԹՂԹԱԽԱՂԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի հետ քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի եւ նոր նախարարի կողմից տրված հանձնարարականների մասին: Ինչպես նշեց փոխնախարարը, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խիստ հանձնարարական է տվել նվազեցնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող անձանց թիվը` այլ քրեակատարողական հիմնարկներ տեղաբաշխելով:

-Պարո՛ն Քրմոյան, ի՞նչ է փոխվել կամ փոխվելու քրեակատարողական հիմնարկների իրավիճակի մասով, քանի որ տարիներ շարունակ հրապարակվում է այնտեղ թղթախաղերի, «զոն նայող» ինստիտուտի մասով, սակայն մինչ օրս իրավիճակ չի փոխվել:
-Նախարարի կողմից հանձնարարականներ են տրվել` քրեակատարողական ոլորտի բարեփոխումների հետ կապված:
-Կոնկրետ կասե՞ք:
-Օրերս քննարկում եղավ` կապված ներքին կանոնակարգի պահպանման, թղթախաղերի նկատմամբ հսկողության հետ, բացի դրանից, մենք այս տարի արդեն բանտային բժշկության կենտրոնը կգործարկենք, շուրջ երկու ամիս հետո կգործարկվի: Այսինքն` բանտային բժշկության ոլորտում էական բարեփոխումներ կլինեն: Կարծում եմ, որ մենք կունենանք կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր: Կարճաժամկետում առկա ռեսուրսներով խնդիրների լուծումն է օրենսդրական դաշտի բարելավում, բանտային բժշկության կենտրոն, պահման պայմաններ: Երկարաժամկետում դիտարկում ենք նվազեցնել կալանավորված անձանց թիվը. դա կապված է ոչ միայն քրեակատարողական համակարգի, այլ նաեւ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների հետ: Դուք տեսնում եք` հիմա երկրում պրոցեսներ են ընթանում` կապված կալանքը որպես խափանման միջոց էապես նվազեցնելու հետ, պրոբացիայի ծառայությունն է հզորացվելու, որպեսզի պրոբացիայի ծառայությունը իր վրա վերցնի այլընտրանքային պատժատեսակների, խափանման միջոցների իրականացումը: Բացի դրանից` նաեւ նորարարական լուծում ենք նախատեսում, մասնավորապես էլեկտրոնային սարքեր, սննդի ծառայությունների էապես բարելավում: Կարծում եմ, որ լայնածավալ բարեփոխումներ կլինեն, նաեւ նախարարը հանձնարարել է, որ ոլորտի բարելավման 20-ամյա ռազմավարությունը վերականգնենք:
-Կոնկրետ թղթադրամը, որ ՔԿՀ-ում արգելվի, ի՞նչ եք անում, քանի որ փորձը ցույց է տվել, որ թղթախաղ խաղում են արտոնյալ դատապարտյալները եւ այն էլ` ՔԿՀ պետերի հովանավորության ներքո, ավելին` մարմնավաճառներ տանել-բերել քրեակատարողական հիմնարկ, ու այդ ամենը ՔԿՀ պետերի իմացությամբ է կատարվում: Կոնկրետ ի՞նչ եք անում:
-Տեսեք, նմանատիպ խնդիրները հնչեցվում են, բայց կոնկրետ փաստերի առումով ես համամիտ չեմ, որ էական փաստեր կան, բայց նախարարը հատուկ ուշադրություն է հրավիրել ոչ միայն թղթախաղերի, այլեւ արգելված խաղերի, գումարով խաղերի, ալկոհոլի օգտագործման վրա:
-Ուշադրություն հրավիրելով` իրավիճակ չեն փոխում, դեպքերը շարունակվում են, կոնկրետ կասե՞ք` ի՞նչ եք ասել վարչության պետին, որ անի:
-Նախ առաջինը պետք է հսկողություն արգելված առարկաների, իրերի մուտք գործելը, բացի դրանից՝ էապես բարելավել քրեակատարողական ծառայողների նյութատեխնիկական պահման պայմանները, իրականացնել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ծրագրեր, քրեակատարողական ծառայողների վերապատրաստում, նրանց սոցիալական վիճակի բարելավում, միեւնույն ժամանակ խիստ հսկողություն, տեխնիկական լրացուցիչ սարքեր, որոնք հնարավորություն կտան բացահայտել իրավախախտումները:
-ՔԿՀ պետերի հետ ի՞նչ եք պատրաստվում անել, իրենք են արտոնություն տալիս, որ դատապարտյալները, պատիժը կրելով կալանավայրում, նոր հանցագործություններ են անում:
-Դուք ասում եք` փորձը ցույց է տվել, բայց փաստեր ունենանք, կներկայացնենք համապատասխան մարմիններին, այդուհանդերձ ՔԿՀ պետերի նշանակման, ազատման մասով ոչինչ չեմ կարող ասել, քանի որ որոշումը ընդունում է նախարարը ՔԿՀ վարչության պետի առաջարկով: Քրեակատարողական ծառայության պետը, կարծում եմ, կաշխատի որոշ ժամանակ, հետո արդյունքներ կտեսնենք: Եթե որեւէ քրեակատարողական ծառայող ներկայացված պահանջների չի բավարարի, նշված անձինք կկրեն պատասխանատվություն, եւ կարգապահական պատասխանատվությունը կլինի նվազագույնը, որ կկիրառվի: Մենք ելնում ենք այն տրամաբանությունից, որ համակարգի առջեւ առաջադրվել է, ի դեմս նորանշանակ պետի, հստակ պահանջներ, նախարարը վստահություն է հայտնել, որ նա` ՔԿՀ պետը, ունակ է այդ բարեփոխումները իրականացնելու, եւ մենք պետք է ժամանակ տանք, որ պետը համապատասխան աշխատանք կատարի եւ հանրությանը ներկայացնի արդյունքները:
-Ի՞նչ փուլում է գտնվում Նուբարաշենի կոյուղաջրերի հարցը, ի վերջո, ավագանիում մեծ միջադեպ եղավ, ինչն էլ ավարտվեց ծեծկռտուքով: Դրանից հետո ինչ-որ բան կատարվե՞լ է:
-Աշխատանքների որոշ մասը կատարվել է, արտաքին կոյուղաջրերի հետ կապված հիմա նախագծումը ավարտվել է, ներքինի հետ կապված, կարծում եմ, որ մենք այդ աշխատանքները կկատարենք, կհայթայթենք ռեսուրսներ, խնդիրը կլուծենք, բայց նաեւ ասեմ, որ մենք դիտարկում ենք դա որպես ժամանակավոր լուծում, մինչեւ ավելի լուրջ ներդրումները կալանավորներին պահելու, նոր վայրի կառուցումը: Ներկայումս նախարարը խիստ հանձնարարականներ է տվել նվազեցնել այնտեղ անձանց պահվող թիվը, այլ քրեակատարողական հիմնարկներ տեղաբաշխել եւ ըստ այդմ պայմանները բարելավել, ոչ բարենպաստ պայմանները շահագործումից հանել:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

Ո՞Վ ԿԼԻՆԻ ԵՊՀ ՌԵԿՏՈՐ
Երեւանի պետական համալասարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս 100 հոգի երիտասարդ դասախոսներ գնացել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բնակարան եւ պահանջել են թոշակառու դասախոսներին եւ գիտական աշխատանք չունեցող դասախոսներին կրճատել, միաժամանակ սպառնացել են, որ կրկին կվերսկսվեն դասադուլների շարքը: Մեզ լուրեր հասան, որ հարվածել են ռեկտորի բնակարանի դռանը, մինչեւ վերջինս արձագանքել է եւ լսել է դասախոսներին:
Ըստ էության, Արամ Սիմոնյանը ասել է, որ կգնա այդ քայլին, սակայն որոշ ժամանակ անց իր մտերիմների շրջապատում ասել է, որ կրճատումներ չի անի` «որեւէ մեկի հացին վայիս չի լինի»: Ըստ մեզ հասած լուրերի` նա ասել է, որ սեպտեմբերին հրաժարական կտա, եւ թող ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհուրդը ընտրի, թե ով կլինի ԵՊՀ նոր ռեկտորը: Ըստ տեղեկությունների` ամենահավանական թեկնածուն համարվում է ԵՊՀ Արեւեալագիտական ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նշենք, որ այս ֆակուլտետն է ավարտել, հիմա նաեւ այս ֆակուլտետում է դասավանդում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, սակայն վերջինս համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: «Ժողովուրդ» օրաթերթը ԵՊՀ Արեւելագիտական ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանից փորձեց պարզել, թե արդյոք իրեն նման առաջարկ եղել է, եւ նա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից կընտրվի ԵՊՀ ռեկտոր:
-Պարո՛ն Մելքոնյան, Ձեզ առաջարկ եղե՞լ է, որ ԵՊՀ ռեկտորը սեպտեմբերին հրաժարական տա, Ձեզ կընտրեն ռեկտոր:
-Առաջին անգամ եմ լսում նման բան, անգամ նման քննարկում չի էլ եղել, նման առաջարկ էլ չի եղել:
-Եթե լինի, կհամաձայնե՞ք:
-Ներկայումս գործող կարգի համաձայն` ռեկտոր կարող է դառնալ գիտությունների դոկտորը, իսկ ես գիտությունների դոկտոր չեմ, բայց պատրաստվում եմ պաշտպանել, բայց դա ենթադրվում է աշնանը:
-ԵՊՀ ռեկտորը ասել է, որ աշնանը հրաժարական կտա, սա զուգադիպությո՞ւն է, թե՞ պայմանավորվածություն:
-Նախ դոկտորականի պաշտպանությունը երկար պրոցես է, եւ հետո, որ նման առաջարկ չի եղել, ես չեմ էլ պատրաստվում, չեմ էլ մտածել եւ կարծում եմ, որ պարոն Սիմոնյանը, որ այս պահին որեւէ պաշտոնական հայտարարություն չի արել իր հրաժարականի մասին, այդքան բարոյական էլ չի քննարկել նրա հավանական իրավահաջորդին: Երբ կլինի համապատասխան իրավիճակ, եւ օրենքը թույլ կտա, այն ժամանակ Ձեր հարցերին կպատասխանեմ: Կրկնում եմ` համենայնդեպս, ինձ նման առաջարկ չի եղել, նման քննարկում չի եղել, եւ առաջինը Ձեզանից լսեցի:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՔՐԳՈՐԾ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԵՄ
ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում նրա որդին` էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ: Նշվում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին ԱՀ ՊԲ զինծառայողների կարիքները հոգալու նպատակով «Ռուսաստանի Դաշնության հայ համայնքի» շրջանային հկ անդամների կողմից 2016թ. մայիսին ՌԴ-ում գնվել եւ ՀՀ են տեղափոխել «ՈՒԱԶ» մակնիշի երեք ավտոմեքենա, ջերմադիտարկման սարքեր եւ զինվորական հանդերձանք: Կարեն եւ Մանվել Գրիգորյաններն այս պաշտպանության բանակին հանձնելու փոխարեն յուրացման եղանակով հափշտակել են դրանք եւ պահեստավորել։ Կարեն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, ձերբակալելու որոշում է կայացվել: Վերջինս որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով։

 

 

ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Ն. Փաշինյանը նշել է, որ նոր կառավարության ձեւավորումից հետո սա Անվտանգության խորհրդի առաջին նիստն է եւ հավելել. «Գիտեք, որ ապրիլի 9-ից հետո Անվտանգության խորհրդի գործառույթներն ավելի են կոնկրետացվել, եւ Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Այսօրվա մեր նիստը նաեւ այս շրջանակի մեջ գտնվող հարցերն ու հետագա անելիքները քննարկելու նպատակ ունի»: Խորհրդի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է ՊՆ-ում ակտիվ պաշտպանության կազմակերպման ավելի արդյունավետ ձեւերի եւ մեթոդների ներդրման մասին:

 

 

ԳՈՂԱՑԵԼ ԷՐ
Երեկ Երեւանի Մոսկովյան 8 հասցեում գտնվող զարդերի վաճառքի սրահից գողություն է կատարվել: Դեռեւս անձը չպարզված մի տղամարդ մատանի է հափշտակել ու մեքենայով փորձել է փախչել։ Դեպքի վայրի հարեւանությամբ վթարի ենթարկվելուց հետո թողել է իր մեքենան ու մեկ այլ մեքենայով փախել։ Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու եւ նրան ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։




Լրահոս