ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի մերձավորներին առնչվող իրավական խնդիրների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:
-Պարո՛ն Շարմազանով, ՀՀԿ-ումինչպե՞ս են ընդունվել կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրների ու նաեւ նրանցից մեկի ընտանիքի երկու անդամներին առնչվող իրավական խնդիրները:
-ՀՀԿ-ում նման հարցեր չեն քննարկվել: Դա իրավական տիրույթի հարց է, նախաքննության փուլում է, եւ մենք ընդհանրապես նման հարց չենք քննարկել:
-Իսկ կուսակցության նախագահ Ս. Սարգսյանի հետ այս թեմայով խոսակցություն եղե՞լ է:
-Ոչ, չեմ խոսելես անձամբ: Եվ կուսակցության նիստերի ընթացքում էլ նման քննարկում չի ծավալվել: Հիմա քննչական գործողություններ են իրականացվում, եւ չեմ կարծում, որ պետք է դրա մասին խոսել պարոն նախագահի հետ կամ կուսակցությունը պետք է դրա մասին խոսի:
-Իսկ, ընդհանուր առմամբ, կուսակցության դիրքորոշումն ինչպիսի՞ն է ԱԱԾ ստուգումների առնչությամբ:
-Հանրապետական կուսակցությունը մշտապես բոլոր անօրինականություններին դեմ է եղել եւ բոլոր օրինականությունների ջատագով է եղել: Ամեն ինչպետք է լինի օրենքի շրջանակներում. ե՛ւ իրավապահների, ե՛ւ քաղաքական ուժերի գործողությունները: Օրենքը պետք է գերակա լինի բոլորի համար:
-Իսկ Կարեն Կարապետյանն այլեւս կապ չունի՞ կուսակցության հետ:
-Կարեն Կարապետյանը կապ ունի կուսակցության հետ. գործադիր մարմնի անդամ է: Պարզապես Կ. Կարապետյանը խնդրել է, որպեսզի ինքը դուրս գա առաջին փոխնախագահի պաշտոնից, եւ մենք ըմբռնումովու հարգանքով ենք ընդունել այդ որոշումը:
-Այսինքն՝ Կարապետյանը շարունակելո՞ւ է ՀՀԿ գործունեությանը մասնակցել:
-Համենայնդեպս, հինգշաբթի օրվա նիստին մասնակցել է:
-Բավական թվով անձինք դուրս են եկել կուսակցությունից: Նրանք, ըստ Ձեզ, գաղափարակիրնե՞ր էին, թե՞ այլ շահեր ունեին:
-Որակումներ չեմ ուզում տալ. մարդկանց իրավունքն է: Չեմ կարծում, որ իրավունք ունեմ որակում տալ. անմեղ են կամ մեղավոր: Ես կարող եմ իմ փոխարեն պատասխան տալ. ես ճիշտ եմ գտնում այսպես եւ այսպես եմ վարվում: Բայց յուրաքանչյուր մարդ ունի ճշմարտության իր պատկերացումները: Ես մի քանի անգամ ասել եմ, որ ժամանակն ամեն ինչի եւ ամեն մեկի պատասխանը կտա. ով է գաղափարական, ով չէ գաղափարական, ով էր ճիշտ, ով էր սխալ:
-Բայց ՀՀԿ կորիզը պահպանվո՞ւմ է:
-Այո: ՀՀԿ գործադիր մարմինը, քաղաքական կորիզը կա: Ինձ հարցնում էին, թե ի՞նչ պետք է անի Հանրապետականը հիմա. ես ասել եմ, որ Հանրապետականը քաղաքական կուսակցություն է, եղել է, կա ու կլինի: ՀՀԿ-ն կմնա որպես հայաստանյան քաղաքական դաշտի կարեւոր դերակատար: Փորձություններ կլինե՞ն. իհարկե կլինեն, քարքարոտ ճանապարհ կլինի՞. իհարկե կլինի: Քաղաքականությունը հաջողությունների եւ անհաջողությունների շղթա է: Եվ այդ իմաստով ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում ո՛չ մարդկանց հեռանալու, ո՛չ ընդդիմություն դառնալու, ո՛չ այս կամ այն իրավիճակի մեջ: Ի՞նչ է եղել: Եթե դու քաղաքականության մեջ ես, դու գաղափարի մարտիկ պետք է լինես, դու պետք է պայքարես: ՀՀԿ-ն ստեղծել է Աշոտ Նավասարդյանը` որպես անկախության մարտիկ, եւ ցանկացած կարգավիճակում ՀՀԿ-ն շարունակելու է լինել պետականության ջատագով կուսակցություն:
-Իրավական խնդիրները ազդեցի՞ն ՀՀԿ վարկանիշի վրա, եւ այս տարի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման դեպքում սա ինչպե՞ս կարող է անդրադառնալ:
-Կլինեն ընտրություններ, կտեսնենք:
-Իսկ վարկանիշի առումով ինչպե՞ս անդրադարձավ:
-Եթե տպավորություններով շարժվենք, կարող է լինել ճիշտ կամ սխալ: Դրա համար չեմ ուզում տպավորություններով գնահատել: Միգուցե եղավ ազդեցություն վարկանիշի վրա, միգուցե չեղավ: Վարկանիշն էլ այսօր կարող է բարձրանալ, վաղն` իջնել:
-Որոշ կուսակցություններ հայտարարել են, որ պատրաստ են ընտրություններին: Իսկ ՀՀԿ-ն պատրա՞ստ է:
-Չեմ կարծում, որպետք է նայել` ՀՀԿ-ն պատրաստ է, թե պատրաստ չէ: Արտահերթ ընտրությունների անցկացումը պետք է լինի քաղաքական համաձայնության շրջանակներում: Ընտրությունները պատվերով համերգ չեն: Պայմանավորվածություն ձեռք կբերվի, կքննարկենք: Շատ բան կախված է ԸՕ բարեփոխումներից:
Զրուցեց Մերի Մարտիրոսյանը