Աղվան Հովսեփյանը երևի զգացել է, որ ինքը պետք է հեռանա. ուրախ եմ, որ հրաժարական է տվել. վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հունիսի 11-ին հրաժարական տվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, որը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո` ապրիլի 24-ին, ասել էր, թե չի պատրաստվում հրաժարական տալ: Նրա հեռանալուց անցել է 22 օր, սակայն նկատենք, որ դեռեւս հայտնի չէ, թե ով կլինի ՀՀ քննչական կոմիտեի նախագահը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` նոր կառավարությունը դեռեւս չի ցանկանում կոմիտեի նախագահի պաշտոնի նշանակման հարցում շտապել եւ, ըստ էության, փնտրում են լավագույն կադրին, որը կարող է փոխարինել Աղվան Հովսեփյանին:

Իսկ ահա ՀՀ քննչական կոմիտեում սպասում են վարչապետի որոշմանը, որից հետո հայտնի կդառնա, թե Աղվան Հովսեփյանի կադրերից ովքեր կմնան կամ կշարունակեն պաշտոնավարել: Կոմիտեում տարածված խոսակցությունների համաձայն` եթե վարչապետը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակի հենց կոմիտեի կադրերից, ապա հրաժարականի դիմումներ չեն լինի, իսկ եթե նախագահի պաշտոնում նշանակվի այնպիսի անձ, որը Աղվան Հովսեփյանի թիմի համար անընդունելի լինի, ապա պաշտոնանկությունները անխուսափելի կլինեն:

Ինչեւէ, հուլիսի 1-ին` ՀՀ գլխավոր դատախազության 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանից հետաքրքրվեցինք, թե ում հորդորով նա հրաժարականի դիմում ներկայացրեց:

-Պարո՛ն Հովսեփյան, Նիկոլ Փաշինյա՞նն էր Ձեզ հորդորել հրաժարականի դիմում ներկայացնել:

-Հիմա ազատ մարդ եմ, կարող եմ չպատասխանել Ձեր հարցերին:

-Եթե առաջարկ լինի վարչապետի կողմից` մեկ այլ ոլորտում Ձեր իրավաբանական գիտելիքները օգտագործեք, կհամաձայնե՞ք:

-Իրավաբանական գիտելիքները անպայման կիրառելու եմ:

-Որտե՞ղ, առաջարկ եղե՞լ է:

…Լռում է:

-ՀՀ վարչապետը կենսական նշանակություն է համարել մարտի 1-ի բացահայտումը, արդյոք Ձեր հրաժարականը կապվա՞ծ է մարտի 1-ի բացահայտման հետ:

…Լռում է:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից հետաքրքրվեց, թե թավշյա հեղափոխությունը կապ ունի իր ամառանոցի գողության դեպքի հետ: Ինչպես հայտնի է, հունիսի 28-ին գողություն էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում՝ Բյուրական գյուղի տներից մեկում: Գողը կամ գողերը տուն էին մտել առաջին հարկի ճաղավանդակը կոտրելու եւ պատուհանը բացելու միջոցով եւ տարել էին տարբեր իրեր: Մեր հարցին ի պատասխան` Աղվան Հովսեփյանը, մոտենալով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, հարցրեց. «Ասում են` բնակարանի գողությունը կապ ունի թավշյա հեղափոխության հետ»: ՀՀ գլխավոր դատախազը որեւէ բան չպատասխանեց, իսկ ահա Աղվան Հովսեփյանը թողեց, հեռացավ:
Աղվան Հովսեփյանի հրաժարականի մասին բլից հարցեր ուղղեցինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

-Պարո՛ն Փաշինյան, Դո՞ւք եք հորդորել Աղվան Հովսեփյանին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարական տալ:

-Ես Աղվան Հովսեփյանին որեւէ հորդոր չեմ տվել:

-Ե՞րբ իմացաք, որ նա հրաժարականին դիմում է գրել:

-Աղվան Հովսեփյանը երեւի զգացել է, որ ինքը պետք է հեռանա, բայց կհորդորեի ես իրեն հրաժարական տալ եւ ուրախ եմ, որ տվել է:

-Որպես պրոֆեսիոնալ` չե՞ք պատրաստվում իր ուժերը օգտագործել մեկ այլ պաշտոնում, ինչը, օրինակ, իրականացրիք ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի դեպքում: Նա ազատվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից, բայց իրեն մեկ այլ պատասխանատու պաշտոնի նշանակեցիք` գլխավոր ռազմական տեսուչ:

-Անկեղծ ասած` ո՛չ, չեմ պատրաստվում:

-Աղվան Հովսեփյանի հրաժարականը կապ ունի՞ մարտի 1-ի բացահայտման հետ, որը Դուք այդքան կարեւորում եք:

-Շնորհակալություն, ես արդեն Ձեր հարցին պատասխանեցի:

Քնար Մանուկյան




Լրահոս