«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալների մեջ ներքին տարաձայնություն է հասունանում: Բանն այն է, որ թավշյա հեղափոխությունից հետո այս գործով կալանավորված մի շարք անձանց նկատմամբ խափանման միջոցը` կալանավորումը, փոխվեց ստորագրությամբ` երկրից չհեռանալու մասին: Սակայն կատարվածը միանշանակ չի ընդունվել գործով դեռեւս կալանքի տակ գտնվող մյուս մեղադրյալների, մասնավորապես, զինված խմբավորման պարագլուխներից Պավլիկ Մանուկյանի կողմից:
Ու երեկ «Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստում մեղադրյալ Պավել Մանուկյանը աղմկալի հայտարարություն արեց Սմբատ Բարսեղյանի եւ Արմեն Բիլյանի մասին, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության համար. «Բիլյանը եւ Բարսեղյանը մեղադրվում են այնպիսի հանցանքների մեջ, որոնց հետ նրանք ոչ մի կապ չունեն: Այս դահլիճում են գտնվում պատահական կրակոց արձակած անձինք, որոնց կալանքը դուք փոխել եք: Պատահական կրակոցից ձեռքից վիրավորված անձը հետագայում մահացավ արյան վարակից (նկատի ունի վիրավորված ոստիկաններից մեկին): Պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է, որի համար հիմա պատժվում է Արմեն Բիլյանը: Մեկ էլ բանկոմատ բացելու խնդիր են ասում: Դրա հեղինակն էլ մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանն է»:
Հիշեցնենք, որ Մխիթար Ավետիսյանն ու Էդվարդ Գրիգորյանն ազատ են արձակվել, եւ նրանց դեմ սպանության եւ բանկոմատը թալանելու մեղադրանքներ առաջադրված չէ: Մխիթար Ավետիսյանը եւ Էդվարդ Գրիգորյանը հայտարարել են, թե Պավլիկ Մանուկյանի ասածներն իրականությանը չեն համապատասխանում:
Կրակի վրա յուղ լցրեց Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը, թե. «Պավլիկ Մանուկյանի հայտարարությունը մեր բոլորի տեսակետը չէ, ընդհանուր խմբի հետ հայտարարությունը համաձայնեցված չէ եւ ընդհանուր տեսակետ չի արտահայտում»:
Ինչը ստիպեց Պավլիկ Մանուկյանին նման հայտարարություն անել այս փուլում: Վերջինիս փաստաբան Հարություն Բաղդասարյանը դժվարացավ ասել` նշելով, թե ինչ նպատակ է դա հետապնդել. «Չգիտեմ` ինչ ասեմ, լավ կլինի այս ամենին այդքան լուրջ չվերաբերվել, ժամանակը այդ հարցերի պատասխանը հուսանք կտա»: Ակնհայտ է մեկ բան, որ «Սասնա Ծռերի» գործով մեղադրյալների միջեւ տարաձայնություններ են սկսվել, եւ պարագլուխներից մեկը հիմա փորձում է «փուռը տալ» մյուսներին` վերագրելով մեղադրանքներ, որոնք նախաքննական մարմնի կողմից կոնկրետ այդ անձանց չի առաջադրվել: Ու այս ամենը սկսվեց դատարանի կողմից այդ մարդկանց խափանման միջոց կալանավորումը ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին փոխարինելուց հետո: Սխալված չենք լինի, եթե նշենք, որ Պավլիկ Մանուկյանն իր այս հայտարարությամբ ցանկանում է ազատության մեջ գտնվող կոնկրետ անձանց կրկին կալանավորել տալ, իսկ թե ինչու, մնում է ենթադրել:
Քնար Մանուկյան