Ներկուսակցական քարոզարշավ. Երևանի քաղաքապետի պաշտոնի համար հետաքրքիր մրցավազք է մեկնարկել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը դեռ նշանակված չէ, բայց քաղաքական ուժերից շատերն արդեն սկսել են մրցավազքը: Իշխանության մաս կազմող կուսակցությունների առանձին ներկայացուցիչներ փորձում են ամեն գնով ապացուցել, որ հենց իրենք են արժանի գլխավորելու ավագանու ցուցակը: Ու սա փորձում են ապացուցել ոչ այնքան հանրությանը, որքան իրենց կուսակցությունների ղեկավարներին, որոնք այս օրերին դեռեւս լռություն են պահպանում:

Սկզբում խոսվեց, որ ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը կարող է գլխավորել պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Մինչ մամուլում այդ մասին հրապարակումներից հետո տիկին Զոհրաբյանը փորձում էր սոցիալական ցանցերում հանդես գալ Երեւանի հիմնախնդիրների մասին բարձրաձայնումներով, արագ հրապարակ նետվեց երկրորդ թեկնածուի անունը՝ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյան: Հասարակությունը դեռ չէր հասցրել քննարկել՝ ԲՀԿ-ի համար երկու թեկնածուներից ով է առավել ընդունելի, երբ պարզ դարձավ, որ այստեղ կա նաեւ երրորդ թեկնածուն: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի կողմնակիցները երեկվանից սկսել են սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածել պատգամավորի նկարը` նշելով, թե կցանկանային քաղաքապետի պաշտոնում տեսնել հենց նրան: Ամեն ինչ ընթանում է հայտնի սցենարով. կողմնակիցների մի մասը տարածում է Էնֆիաջյանի նկարը, մի մասն էլ նկարների տակ ակտիվորեն մեկնաբանություններ գրում՝ փառաբանելով թեկնածուի անգերազանցելի արժանիքները:

Չի բացառվում` առաջիկա օրերին ԲՀԿ-ում նոր թեկնածուներ եւս ի հայտ գան. ի վերջո այդ կուսակցությունում ցանկացած երկրորդն իրեն համարում է քաղաքական մեծ գործիչ:

Նման պատկեր է նաեւ ՔՊ-ում. մամուլում իրար հետեւից հայտնվում են ավագանու ցուցակը գլխավորող հավանական թեկնածուների անուններ: Ալեն Սիմոնյանն այս օրերին առանձնահատուկ ակտիվություն է սկսել ցուցաբերել, երեկ էլ սոցիալական ցանցերում հայտարարեց «լավ նորության մասին», այն է՝ ԱԺ-ում չորս օրենսդրական նախագիծ է շրջանառության մեջ դնում: Միաժամանակ, որպես թեկնածու քննարկվում է Արարատ Միրզոյանի եւ Հայկ Մարությանի անունը: Կարճ ասած` այստեղ էլ քաղաքապետի թեկնածուների պակաս չկա:

Բայց ամենահետաքրքրականն այն է, որ այս պայքարն ընթանում է կուսակցությունների ղեկավարների քար լռության պայմաններում. քաղաքական ուժերի ղեկավարները դեռեւս չեն շտապում այս հարցում որոշում կայացնել հասկանալի պատճառներով: Բայց երիտասարդներն իրենց ֆեյսբուքյան լայքերով ու մեկնաբանությունների թվով փորձում են ամեն կերպ ապացուցել, որ հենց իրենք են ավագանու ցուցակը գլխավորելու արժանի միակ ու անկրկնելի թեկնածուն:




Լրահոս