Գյուղացիների պահանջով. Նորակերտ համայնքի ավագանու 5 անդամները հրաժարական են ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտի գյուղապետարանի աշխատանքները մի քանի ամիս է, ինչ պարալիզացված են: Բանն այն է, որ համայնքի ավագանու 5 անդամները հրաժարականի դիմումներ են ներկայացրել: Արդյունքում անհնարին է դարձել Նորակերտ համայնքի ավագանու նիստերի անցկացումը: Բայց սա դեռ ամենը չէ: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` ավագանու անդամները հրաժարականի դիմում են ներկայացրել վերջերս Նորակերտում գյուղացիների կողմից կազմակերպված բողոքի ակցիաների արդյունքում: Բողոքող նորակերտցիների պատմելով` ավագանին ու գյուղապետն անօրինական գործողություններ են կատարում, համայնքին պատկանող գույք են օտարում եւ իրենց ուզածի պես տնօրինում են համայնքի բյուջեն: Ավելին` գյուղացիներին որոշակի ծառայություններ մատուցելու համար նախատեսված կարեւոր մի շարք գույքեր եւ շինություններ շուկայականից էժան գներով են վաճառվել:
Բացի այս, նրանք դժգոհում են նաեւ, որ 10 տարուց ավելի է` իրենք տեղյակ չեն, թե գյուղին ինչ միջոցներ է հատկացվել, համայնքապետարանի բյուջեից որքանը ինչ նպատակով է ծախսվել: Այս ամենի արդյունքում գյուղացիները պահանջում են հրապարակայնացնել իրականացված ծախսերը, նաեւ հաշվետվություն ներկայացնել նվիրատվությունների, վաճառված կամ օտարված տարածքների մասին: Հակառակ դեպքում պահանջելու են ե՛ւ Նորակերտի գյուղապետ Շահեն Կարապետյանի, ե՛ւ ավագանու անդամների հրաժարականները:

Նշենք, որ համայնքի ավագանու թվով 9 անդամները (օրենքով նախատեսված 9-ից) ընտրվել էին դեռեւս 2016 թվականի սեպտեմբրի 18-ի ավագանու անդամների ընտրության արդյունքում: Պարզվում է, որ ավագանու անդամ Արտյոմ Ղազարյանը անցած տարվա հուլիսի 28-ին է հրաժարական ներկայացրել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այժմ էլ ավագանու չորս անդամ ներկայացրել է հրաժարականի դիմում: Չի բացառվում, որ այս ճանապարհով կգնա նաեւ գյուղապետ Կարապետյանը: Հունիսի 1-ին հրաժարական են ներկայացրել ավագանու անդամներ Հովհաննես Վարդանյանը, Պատվական Տաշչյանը, Նվեր Փարվանյանը, Կարապետ Գասոյանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ նշվածներից միայն Կարապետ Գասոյանն է ՀՀԿ-ական, մյուսները անկուսակցական են:
Ստացվում է, որ Նորակերտ համայնքի ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով. ավագանու 9 անդամից 5-ը ներկայացրել են հրաժարականներ: Իսկ ահա հունիսի 6-ին ավագանու մնացած անդամները կազմել են ավագանու վերոնշյալ 4 անդամների, ինչպես նաեւ համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ արձանագրություններ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս