ՀԱՐՑ. Տղաս ամուսնացել է: Կինը Ուկրաինայի քաղաքացի է, Չեռնյակ Ալինա, որի հետ զագսավորվել է տղաս: Երեխայի ծնվելուց հետո 50.000 դրամ տրամադրեցին: Հիմա հարսս ունի կացության թուղթ, որպեսզի կարողանա ստանալ մայրական գումարը: Նպաստ չենք ստանում, 2 տղաս առաջնագծում պայմանագրային զինծառայող են: Ինչո՞ւ գոնե նպաստ ստանալու իրավունք չունենք: 50.000 դրամը տրամադրել են ու մնացած 120.000 դրամը չեն տալիս` պատճառաբանելով, որ հարսս Ուկրաինայի քաղաքացի է: Բայց նա ունի՞ կացության իրավունք: Խնդրում եմ պատասխանեք` ինչո՞ւ չեն տրամադրում մեր գումարը:
Տավուշ մարզ, ք. Իջեւան
ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` մայրության նպաստի իրավունք ունի ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված, հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը (այսուհետ` չաշխատող անձ): Օտարերկրյա քաղաքացի չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե նա հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է ՀՀ-ում բնակության վայրի հասցեով:
Ըստ այդմ` Ալինա Չեռնյակը` որպես չաշխատող անձ, ՀՀ-ում մայրության նպաստի իրավունք կունենա, եթե նա հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված լինի ՀՀ-ում բնակության վայրի հասցեով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չաշխատող անձ են համարվում նաեւ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: