ԲԵՏՈՆԱԽԱՌՆԻՉԻ ՏԻՐՈՋ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՍ ՈՐՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ պետդումայի պատգամավորը խորհրդարանի ՀՀ իշխանություններին անվանել է բետոնախառնիչի տիրոջ մտածողություն ունեցող օլիգարխներ:Երբ որեւէ երկրում  որեւէ քաղաքական գործիչ Հայաստանի մասին  գովասանական կամ պարզապես դրական գնահատական է հնչեցնում,  իշխանական ողջ քարոզչամեքենան անմիջապես լծվում է  այդ գործչի ասածների լուսաբանման  գործին: Առանց բացառության բոլոր հեռուստաընկերությունները ռեպորտաժներ են պատրաստում, իշխանական տպագիր եւ էլէկտրոնային թերթերը հեղեղվում են նրա ելույթի սղագրություններով, մեկնաբանություններով ու վերլուծություններով:  Մինչդեռ երբ  որեւէ երկրում` անգամ Ռուսաստանում, որեւէ քաղաքական գործիչ` անգամ ՌԴ պետդումայի  պատգամավոր,  հանդես է գալիս մեր երկրի մասին խայտառակ որակումներով լի ելույթով, իշխանական քարոզչամեքենայի պատասխանատուներն անմիջապես անցնում են ջայլամային մարտավարության:   Ասվածի ամենավառ օրինակն է ՌԴ պետդումայի «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության  անդամ Սեմյոն Բագդասարովի`  անցած նոյեմբերին ունեցած ելույթը, որի տեսագրությունը հայտնվել է «Յութուբում»: Իր այդ ելույթում դատապարտելով հայ-թուրքական հաշտեցման գործընթացը`  Բագդասարովը  Հայաստանի   մասին ասում է բառացիորեն հետեւյալը. «Հայաստանում  ամեն ինչ որոշում են  բետոնախառնիչի  տիրոջ մտածողությամբ օլիգարխները: Ես չեմ չափազանցնում, ես կոնկրետ մարդկանց նկատի ունեմ»: Ելնելով այն  փաստից, որ ՀՀ իշխանության մեջ ամենաորոշիչ դերակատարություն ունեցող օլիգարխը Գագիկ Ծառուկյանն է, կարելի է ենթադրել, որ  Բագդասարովը հենց նրան  նկատի ունի: Սակայն եթե հաշվի ենք առնում այն, որ նշված գնահատականը տրվել է կապված հայ-թուրքական արձանագրությունների հետ, ապա ակնհայտ է դառնում, որ դա չի կարող  վերաբերել Ծառուկյանին: Ոչ էլ Արթուր Բաղդասարյանն է  «ձգում» ամեն ինչ որոշող օլիգարխի կարգավիճակին: Մնում է հայ-թուրքական արձանագրությունների կնքահայր եւ, ըստ էության, միանձնյա ջատագով Սերժ Սարգսյանը: Ու ստացվում է, որ  ՌԴ պետդումայի «կակոյ- նիբուձյ» պատգամավոր իրեն կարող է թույլ տալ մեր երկրի նախագահին «բետոնախառնիչի տիրոջ մտածողությամբ  օլիգարխ» անվանել: Եվ այս գնահատականը հնչեցվում է ոչ այլ տեղ, քան մեր ռազմավարական դաշնակցի խորհրդարանի բարձր ամբիոնից: Ընդ որում, Բագդասարովի  ելույթը,  բացի պատգամավորներից,  ունկնդրում են  նաեւ  դահլիճում ներկա Ռուսաստանի կառավարության անդամները:Հիմա եկե՛ք պատկերացնենք, թե ինչ տեղի կունենար, եթե մեր պատգամավորներից որեւէ մեկն իրեն թույլ տար նման գնահատական հնչեցնել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կամ ռուս որեւէ օլիգարխի հասցեին: Նրան «գլխից կխփեին» մինչեւ ելույթն ավարտելը: Ու դեռ հարց է, թե ովքեր ավելի առաջ կընկնեին` իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր պատգամավորները: Ի դեպ, Բագդասարովը նաեւ հետաքրքիր բացահայտում է անում` կապված 2008թ. Վրաստանում կայացած ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցությունից հրաժարվելու հետ: Հիշում եք, չէ՞, թե ինչ սրտաճմլիկ բացատրություն մոգոնեցին մեր իշխանությունները: Իսկ ահա ՌԴ պատգամավորը պետդումայի ամբիոնից հայտարարում է, որ Հայաստանը հրաժարվեց մասնակցել այդ զորավարժություններին Ռուսաստանի անմիջական ցուցումով. «Մենք այդ ժամանակ հայտարարություն արեցինք, որից հետո դա կասեցվեց»: Չմանրամասնելով բառիս բուն եւ ամենատգեղ իմաստով ռուսահպատակ հայազգի պատգամավորի ելույթում հնչած մյուս որակումները, նշենք  միայն, որ նման դեպքում իրեն հարգող յուրաքանչյուր ինքնիշխան պետության արտգործնախարարություն առնվազն բողոքի նոտա կհղեր ռազմավարական դաշնակցին: Բայց դա, ինչպես արդեն  նշեցի, իրեն հարգող երկրում: Իսկ մեզ մոտ իշխանական քարոզչամեքենայի գորշ կարդինալիկները առաջնորդվում են «լռությունը ոսկի է» իմաստությամբ` առանց հասկանալու, որ լինում են դեպքեր, երբ լռությունը պարզապես ստորաքարշություն է: ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս