Օգոստոսի 10-ին Բերդի համայնքապետարանում հանդիպման ժամանակ Վերին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Կամո Չոբանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց, որ ինքը ակտիվորեն մասնակցել է ժողովրդական շարժմանը, 2008թ. մարտի 1-ին վնասվածք է ստացել: Նա ասաց, որ ինքը դեմ է եղել համայնքների խոշորացմանը, գյուղերում փտած ջրագծեր են, խոշորացված Բերդ համայնքը ի վիճակի չէ դրանք նորոգելու, պետք է նորից համայնքներն առանձնացնել:
Բերդ համայնքը խոշորացվել է 2017թ. նոյեմբերի 5-ին, Բերդ քաղաքը եւ Բերդի տարածաշրջանի 15 գյուղեր միավորվել են: Ի պատասխան նրա` Ն. Փաշինյանն ասաց, որ Բերդի տարածաշրջանի համայնքների խոշորացումից մի տարի էլ չի անցել, փտած ջրագծերը ինչո՞ւ նախկինում չեն նորոգել, նախկին համայնքապետերը այժմ գյուղերի վարչական ղեկավար են աշխատում, նրանք «պեչատ» են ուզո՞ւմ: Վարչապետը հայտնեց, որ իրենք դեմ են, որ առանց համայնքների կարծիքը հաշվի առնելու դրանք խոշորացրել են, սակայն սպասելու են 2 տարի, որպեսզի տեսնեն` համայնքների խոշորացումը դրական արդյունք է տալի՞ս, թե՞ ոչ, եւ հետո կողմնորոշվեն, թե ինչպես վարվել խոշորացված համայքների հետ: Փաշինյանն ասաց, որ առայժմ համայնքների խոշորացման նոր գործընթաց չի իրականացվելու:
Ավելի ուշ Կամո Չոբանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ փտած ջրագծերի մասին իր հարցը չի վերաբերում Վերին Կարմիրաղբյուրին, ուր 2 տարի առաջ նորոգվել են ջրագծերը: Նա ասաց, որ ինքը նկատի ուներ Բերդի տարածաշրջանի գյուղերում տիրող վիճակը, իր գյուղում ինքը ենթակառուցվածքների բարելավման բազում ծրագրեր է իրականացրել: Նա ասաց, որ երբ Վերին Կարմիրաղբյուրն առանձին համայնք էր, Ռուսաստանում բնակվող իր համագյուղացիները ցանկանում էին գյուղին ֆինանսապես օգնել, հայրենի գյուղում իրականացվող ծրագրերին բարեգործական աջակցություն ցուցաբերել, սակայն հիմա չեն ուզում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ