Հեղափոխությունից հետո թեթեւության զգացումով եմ արթնացել. Աննա Մանուչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շատ դրական եմ տրամադրված նոր կառավարության նկատմամբ, հեղափոխությունից հետո թեթեւության զգացումով եմ արթնացել, մեծ լավատեսությամբ եմ լցված: Հավատում եմ, որ դրական փոփոխությունների ականատեսն ենք լինելու: Բայց դրա համար ժամանակ եւ համբերություն է պետք: Որեւէ լավ բան չի կարող միանգամից լինել»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասանուհի, ռադիոհաղորդավարուհի Աննա Մանուչարյանը, որը նկարահանվում է «Նռան հատիկ» սերիալում: Այնտեղ նա մարմնավորում է լրագրողի, որը նախկին քաղաքապետի աղջիկ է, ապրել է արտասահմանում, վերադարձել Հայաստան եւ աշխատում է այն հեռուստաընկերությունում, որի տնօրենն իր հոր թշնամին է:

Մենք հետաքրքրվեցինք՝ Աննան թատրոնում աշխատելու ցանկություն կամ հրավեր արդյոք ունի. «Թատրոնում երբեք չեմ աշխատել, բայց առաջարկներ ունեցել եմ: Քանի որ աշխատում եմ մի քանի տեղ, քայլեր չեմ ձեռնարկել այնտեղ հայտնվելու ուղղությամբ, թեպետ ցանկությունս մեծ է: Կուզեի, օրինակ, Երեւանի պետական կամերային թատրոնում աշխատել: Գուցե մոտ ապագայում իրականացնեմ ցանկությունս»,- ասաց նա:

Մենք նաեւ հարցրինք՝ արդյոք դերասանուհին մեկնելու է հանգստի, նա ակտի՞վ, թե՞ պասիվ հանգստի սիրահար է. «Այո, ընտանիքով մեկնելու ենք հանգստի արտերկիր, իսկ ավելի ուշ ես միայնակ մեկնելու եմ Եվրոպա: Առհասարակ, նախընտրում եմ պասիվ հանգիստ: Էքստրիմի սիրահար երբեք չեմ եղել, վախենում եմ բարձրությունից եւ ջրից: Հանգստի մեկնելիս ինձ հետ վերցնում եմ հարմարավետ հագուստ եւ չեմ կենտրոնանում արտաքինիս վրա: Աշխատանքիս բնույթն այնպիսին է, որ պահանջում է անընդհատ խնամված լինել, քանի որ ուշադրության կենտրոնում եմ, բայց երբ մեկնում եմ հանգստի, ուզում եմ աննկատ մնալ՝ չմտածելով որեւէ բանի մասին»,-պատասխանեց Աննան:

Ի դեպ, հավելենք, որ Աննայի դուստրը՝ Արփին, երգչուհի է եւ այս տարի իր ուժերը փորձելու է «Դեպի Եվրատեսիլ» մանկական մրցույթում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս