«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը համոզմունք է հայտնել՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել, եւ հիմա քննարկում են կալանավորման հարցը, այնքան էլ չի ցանկանում քաղաքականություն վերադառնալ:
«Իմ խորին համոզմամբ` Քոչարյանը ջանք ու եռանդ չի խնայում հիմա ուղղակի չդատվելու համար: Բայց կարծում եմ` ինքն այդ իմաստնությունն ու խելքն ունի, գիտի` քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը չունի: Ես չեմ կարծում` ինքն իրականությունից այնքան կտրված է, որ մտածում է` Հայաստանում կարող են լինել քաղաքական ուժեր, որոնք կարող են Քոչարյանի նման բեռն իրենց վրա տանել: Միայն փողով այսօր քաղաքական դաշտում խնդիրներ լուծելն անհնարին է դառնալու»,- ասել է նա: Ինչ վերաբերում է մարտի 1-ի գործին, որի շրջանակներում ինքը 2008թ հարցաքննվել է, Սարգսյանը պատմեց, որ 12 էջանոց ցուցմունք է տվել: Սակայն նա չի ասել, թե ի՞նչ ցուցմունքներ է տվել»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: