Քոչարյանի հայտարարությունները կալանավորման հիմք կդառնա՞ն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եւ այսպես, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 2008թ. սահմանադրական կարգը տապալելու համար, բավական արագ արձագանքեց ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցին: Նման օպերատիվությունն իհարկե սպասելի էր միանգամայն հասկանալի պատճառներով. հեռախոսազրույցում ԱԱԾ եւ ՀՔԾ պետերը քննարկել են նաեւ հարուցված քրեական գործի շրջանակներում Քոչարյանի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու հարցը:
Երեկ Ռոբերտ Քոչարյանը կատարվածը որակել է որպես հանցագործություն, քաղաքական հետապնդում, որի նպատակն իրեն «փակելն է»: Բացի այդ, նա շատ հեռուն գնացող մի քանի արտահայտություններ է արել:

«Այդ գործի մեջ ներքաշված են բազմաթիվ քննիչներ, բազմաթիվ այլ մարդիկ, ներքաշում են բազմաթիվ պետական ծառայողների: Իմ հորդորը նա է, որ մարդիկ չգայթակղվեն այս իրավիճակից, չանեն քայլեր, որոնց համար պատասխան են տալու ինչ-որ ժամանակ անց, եւ ես կարծում եմ՝ ոչ հեռու ժամանակներում, այլ բավական մոտակա ժամանակներում պատասխան են տալու:

Դրա համար պետք է ուղղակի լինել ճշգրիտ օրենքների շրջանակներում, չկատարել հանձնարարականներ, որոնց համար ինչ-որ ժամանակ հետո ստիպված ես լինելու պատասխան տալ օրենքի առաջ»,- ասել է նա:

Այս խոսքերից կարելի է լուրջ, շատ լուրջ հետեւություններ անել, որ, օրինակ, նախկին նախագահը, օգտագործելով իր դիրքը, ճնշում է գործադրում քննչական խմբի, նաեւ վկաների վրա` սպառնալով` «բավական մոտակա ժամանակներում պատասխան են տալու»: Ընդ որում, Քոչարյանը նման խոսքեր է հնչեցնում մի իրավիճակում, երբ որպես ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը գաղտնալսելու եւ տարածելու պատվիրատու շատերը հենց իրեն են կասկածում: Այս ամենից հետո կարելի է մտավախություն ունենալ, որ մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը, ազատության մեջ գտնվելով, խոչընդոտում է նախաքննության իրականացմանը, ուստի իրեն պետք է անհապաղ կալանավորել: Երեկ արդեն հնչում էին նման գնահատականներ:

Այնպես որ, եթե ՀՀ վճռաբեկ դատարանն այսքանից հետո որոշի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը եւ նա կրկին հայտնվի ԱԱԾ մեկուսարանում, ամենեւին էլ պետք չէ զարմանալ: Հենց իր խոսքերն են նման կասկածներ հարուցել:
Մեկ փաստ էլ. Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին ասել է. «Մենք ստացանք նոր բռնապետ»: Հետաքրքիր է՝ իսկ ո՞վ է նախկին բռնապետը, ո՞ւմ նկատի ուներ Քոչարյանը նոր բռնապետի մասին խոսելիս:

Քիչ էր մնում մոռանայինք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւս Փաշինյանի մասին ասել է. «Հայաստանում հայտնվել է նոր բռնապետ»:




Լրահոս