Ոստիկանության զորքերում չարաշահումների գործով նախաքննությունն ավարտվել է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պայմանագրային զինծառայողների պարգեւների հաշվին պաշտոնատար անձը գումարներ է աշխատել: Ըստ մեղադրանքի` Վռամ Բեժանյանը, լինելով ՀՀ ՈԶ 1043 զորամասի հրամանատար, պաշտոնատար անձ, կոչումով գնդապետ, պաշտոնական դիրքն օգտագործելով իր ենթակա զինծառայողներից խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` ընդհանուր 364 հազար ՀՀ դրամ:
Մեզ հայտնի դարձավ, որ Վռամ Բեժանյանը իր վերադաս հրամանատարի կողմից հրաման է ստանում, որպեսզի ՀՀ ոստիկանության օրվա առթիվ իր ենթակայության տակ գտնվող զորամասի զինվորների անունները ներկայացնի, որոնք պետք է տոնական օրվա առթիվ ստանան պարգեւավճարներ:
Արդյունքում, Բեժանյանը ՀՀ ՈԶ ֆինանսական բաժին է ներկայացրել պարգեւատրման ենթակա անձանց ցուցակ, որի համաձայն ՀՀ ՈԶ 1043 զորամաս պայմանագրային զինծառայողներ` Արամ Մանասյանը, Արթուր Շախբազյանը, Դավիթ Թորոսյանը, Էդվարդ Մնացականյանը, Հակոբ Բաղդասարյանը, Նորայր Ղեւոնդյանը եւ Պարույր Վարդանյանը որպես պարգեւավճար պետք է ստանային 93 000 հազար դրամ:
Այսպիսով հրամանատար Բեժանյանին է փոխանցվում սահմանված պարգեւավճարը, սակայն պարզվում է, որ գումարները տեղ չեն հասնում: Մեզ հայտնի դարձավ, որ Բեժանյանը իր զինվորներին հայտնում է, որ սխալմամբ իրենց 93 հազար դրամ են պարգեւատրել, բայց պետք է պարգեւատրեին 41 հազար դրամ:
Այս ամենը լսելուց հետո զինվորները հավատում են հրամանատարին եւ հետ են վերադարձնում 52 հազար դրամները, որն էլ, ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի, Բեժանյանը հափշտակում է:
Մեզ հայտնի դարձավ` իրավապահները Բեժանյանին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով` Խարդախությունը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:
Քնար Մանուկյան