Երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Նունե Եսայանը, որը ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ խուսափում է ինտերնետային տիրույթում, մասնավորապես՝ սոցցանցերում հանդես գալուց, այսօր փաստացի զբաղվում է վլոգերությամբ: Նա վերջերս Youtube-ի պաշտոնական էջում տեղադրում է տեսանյութեր, որոնց շրջանակում կատարում է իր երկրպագուների պատվիրած երգերը, հանդիպումներ է ունենում հայկական երգարվեստի ներկայացուցիչների հետ, ներկայանում է դուետներով: Երգչուհին իր հյուրերի հետ կատարում է երաժշտական փորձարարություններ, հիշում է երգերի հետ կապված պատմություններ եւ դրվագներ, որոնք մնացել են վարագույրից այն կողմ: Նունե Եսայանը «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է, թե ինչպես ստացվեց, որ որոշեց զբաղվել վլոգերությամբ:
-Նունե, սկզբում Դուք Instagram-ի Ձեր էջում երկրպագուներից հարցնում էիք, թե որ երգը կցանկանան, որ կատարեք եւ հրապարակեք: Հետո արդեն նոր բան մտածեցիք, սկսեցիք հյուրընկալել հայտնիների, եւ էլի երկրպագուներին հարցնում եք, թե ում կցանկանան հերթական անգամ տեսնել որպես հյուր: Կպատմե՞ք՝ ինչպես որոշեցիք դիմել այս գործիքին:
-Այո, սկզբում ես խուսափում էի հանդես գալ օնլայն տիրույթում, քանի որ չեմ սիրում, երբ, օրինակ, մի նկար են հրապարակում եւ պատմում են, թե որտեղ են եւ ինչ են անում: Բայց հետո հասկացա, որ սոցցանցերը կարելի է նաեւ արդյունավետ օգտագործել: Ինձ դուր է գալիս երկրպագուների հետ ինտերակտիվ այդ կապը: Ի դեպ, առաջին հյուրս Ռուբեն Մաթեւոսյանն էր՝ իմ կուռքը, եւ ես ուրախ եմ, որ իմ հարցմանն ի պատասխան` երկրպագուներս հենց նրա անունը տվեցին եւ պահանջեցին, որ նրան հյուրընկալեմ:
–Երբեւէ մտածե՞լ եք, որ կարող եք ընդլայնել այս նախաձեռնության շրջանակները եւ գուցե վաղը որեւէ հաղորդում նկարահանեք, վարեք, ավելի լուրջ մոտեցում ցուցաբերեք:
-Այդպիսի ծրագիր իրականացնելու մտադրություն վաղուց ունեի, բայց չստացվեց կյանքի կոչել, ես էլ որոշեցի այս ձեւաչափը կիրառել: Ամեն երկուշաբթի հյուրընկալում եմ մի արտիստի, եւ երկրպագուների հետ միասին լավ ժամանակ ենք անցկացնում: Տեսանյութերը հրապարակում եմ Youtube-ի իմ պաշտոնական էջում, նաեւ Facebook-ի իմ էջում:
–Երկրպագուների համար կարո՞ղ եք փոքրիկ գաղտնիք բացել եւ ասել, թե ով է լինելու հաջորդ հյուրը:
-Այո, Արամեն է լինելու իմ հյուրը, այնպես որ, սպասեք:
Հավելենք, որ Նունե Եսայանի նախորդ հյուրը երգչուհի Քրիստինե Պեպելյանն էր: Վաղեմի գործընկերները միասին կատարեցին արդեն սիրված երգեր, հիշեցին ինչ-ինչ դրվագներ, ավելին՝ Քրիստինե Պեպելյանն անգամ մի պահ մոռացավ իր ամենահայտնի երգերից մեկի՝«Մայրիկ»-ի խոսքերը, իսկ Նունե Եսայանը փրկեց իրավիճակը: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ Քրիստինեի հետ.
-Քրիստինե, որքանո՞վ եք կարեւորում նման հանդիպումների դերը, հատկապես ներկայիս պայմաններում, երբ համերգներ բավական քիչ են կազմակերպվում, միմյանց հանդիպելու առիթներն էլ կարծես շատ չեն:
-Սա ոչ միայն հինն ու բարին հիշելու, նոր մելիզմներ սովորելու, այլեւ նույն բնագավառում աշխատող երկու մարդկանց շփման համար լավ առիթ է: Հիմա մարդիկ ամեն էմոցիա սմայլիկների միջոցով են փոխանցում իրար, ուստի գովելի է նման կենդանի հաղորդակցությունը: Ինձ համար հաճելի է նաեւ, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում մասնագիտական նուրբ հարցերի, օրինակ, տարբեր ժանրերի երգեր են կատարվում, տարբեր խաղիկներ են արվում, այդ ամենը հյուրի համար էլ է հետաքրքիր: Այնպես որ, բարի երթ: Սպասում ենք հաջորդ հյուրերին:
Աննա Բաբաջանյան