«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ կազմակերպչական հարցերի պատասխանատու Ռուբիկ Թադեւոսյանին հարցրինք՝ ե՞րբ է տեղի ունենալու ՀՀԿ համաժողովը։ «Կուսակցական գաղտնիք է»,- ժպտալով ասաց նա։ Պարոն Թադեւոսյան, ՀՀԿ-ի մասով էլ գաղտնիքներ չկան, բայց, նախ՝ ինչո՞ւ համաժողով եւ ո՛չ համագումար։ «Չէինք հասցնի, համագումարը պահանջում է լայնածավալ աշխատանք, ինչի ժամանակը չունենք՝ առջեւում ընտրություններ են»։ Մասնակցելո՞ւ եք։ «Համաժողովը կտա բոլոր հարցերի պատասխանները․ զինվեք համբերությամբ»։ Ճի՞շտ են լուրերը, որ համաժողովը տեղի է ունենալու նոյեմբերի 11-ին։ «Մամուլից ոչինչ չես թաքցնի․ այո»։
Ըստ մեր աղբյուրների՝ քննարկվում է համաժողովն անցկացնելու տեղի հարցը․ ավանդաբար մարզահամերգայինի հարմարավետ-մեծ դահլիճում հավաքվող կուսակցությունում քննարկում են տեղի հարցը, առաջարկ կա «բավարարվել» ՀՀԿ գրասենյակի դահլիճով, որը տեղավորում է 250 մարդ։ Օրակարգը, բացի ընտրություններին մասնակցության խնդրից, նաեւ այլ հարցեր է ներառելու․ վերջնական որոշումը կկայացվի ԳՄ-ում՝ ասացին։ ՀՀԿ քաղաքական թեւի կարծիքով՝ երեք բան այս պահի դրությամբ հաստատ է․ ցուցակը կղեկավարի Վիգեն Սարգսյանը, առաջին կին թեկնածուն կլինի Արփինե Հովհաննիսյանը։ Միտում կա, որ ցուցակի բոլոր անդամները միաժամանակ լինեն նաեւ ռեյտինգային թեկնածուներ։
Նախնականով՝ Տարոն Մարգարյանը եւս կարող է դնել իր թեկնածությունը՝ Ավանում։ Իսկ եթե իշխանությունները սկսեն կրկին «բռնել-բաց թողնելու» օպերացիանե՞րը։ «Թեկնածուների նկատմամբ չեն կարող»։ Եվ, այնուհանդերձ, ՀՀԿ վերնախավում ոմանք դեռ չեն բացառում հնարավորությունը, որ Սերժ Սարգսյանը կղեկավարի համամասնական ցուցակը, թեեւ նախօրեին Արմեն Աշոտյանը եթերում ասաց, որ բացառվում է։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: