«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ՊՆ-ն վերջերս խզել է պայմանագիրը «Դեագա» ընկերության հետ, որը պատրաստվում էր նրանց կարտոֆիլ մատակարարել: Պատճառը, ըստ «Դեագա» ընկերության ղեկավար Գեւորգ Ղասաբօղլյանի, կարտոֆիլի չափերն են եղել. դրանք տեխնիկական բնութագրին զիջել են կես սանտիմետրով: «Ասում էին, որ կես սմ-ով փոքր է տեխնիկական բնութագրում նշված չափերից: Իրենց պահանջած չափերն են` 4 սմ-ից մինչեւ 7 սմ:
Ավելին` այդ 4 սմ կարտոֆիլի քանակը պետք է կազմի պարկի 5 տոկոսը: Բայց մեր մատակարարած կարտոֆիլի մեջ եղել է ե՛ւ 5 սմ, ե՛ւ 4 սմ, ե՛ւ 7 սմ: Ախր կարտոֆիլը գործարանի արտադրանք չէ, ի վերջո, այստեղ բնության մատն է խառը»,- ասաց նա: Ըստ Ղասաբօղլյանի` ՊՆ-ում մատակարարների հետ ավելի վաղ հանդիպում է տեղի ունեցել, իրենք բարձրացրել են այդ չափորոշիչները վերանայելու հարցը, նախարարությունից համաձայնել են, բայց եւ չեն դիմել այդ քայլին: Ի դեպ, ՊՆ-ն ընկերությանը պարտադրել է պետությանը վճարել 19 հազար դրամ` որպես տույժ, ինչպես նաեւ 451 հազար 200 դրամ տուժանք` որպես պայմանագրի կատարման ապահովում:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: