«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաշմանդամության երրորդ կարգ ունեցող քաղաքացիները, որոնք յուրաքանչյուր ամիս պոլիկլինիկաներից անվճար դեղ են ստանում, հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Պարզվում է նրանք, հերթական անգամ մոտենալով տարածքային պոլիկլինիկա, բացահայտում են, որ այլեւս չեն կարող անվճար դեղեր ստանալ:
«Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացին պատմեց, որ իրեն պոլիկլինիկայում ասել են, թե կարող են դեղատոմս գրել եւ 50 տոկոս զեղչի կտրոն տալ, որպեսզի վերջինս կարողանա վճարել դեղի գնի կեսը (համավճարով` 50 տոկոսը պետությունը, իսկ մյուս 50-ը` քաղաքացին): Ի դեպ, այս ընթացքում եղել են դեպքեր, երբ պոլիկլինիկայի աշխատողները զեղչի կտրոնը տրամադրելիս հատուկ ձեւով ուղղորդել են, թե որ դեղատնից կարող են զեղչով դեղ ձեռք բերել:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Առողջապահության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ այս հարցը կարգավորվում է ՀՀ կառավարության 2006թ. 1717-Ն որոշմամբ, այսինքն` անվճար կամ արտոնյալ պայմաններով պոլիկլինիկաներից դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող 3-րդ խմբի հաշմանդամներին դեղերը տրվում է 50 տոկոս զեղչով:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: