«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան, ինչպես հայտնի է, Ապարանի մի շարք համայնքներում գյուղապետերի նկատմամբ գործեր են հարուցվում չարաշահումների հետ կապված: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին որպես նախկին պատգամավոր:
-Ես անընդհատ լսում եմ` մեկին են բռնել, մյուսի դեմ գործ են հարուցում: Ասում են` այսքան շորթում կա, այնքան յուրացում: Օրինակ, ես վերահաշվարկ եմ արել, կոնկրետ իմ տարածքում Գեղարոտ գյուղի նախկին գյուղապետի մասով 5 տարվա մեջ միլիոնուկեսի մասին է խոսվում, որ բաժանում ես, ամսական անում է 25 հազար դրամ:
Մենք դրա համար երեւի չենք արել հեղափոխություն: Դրել, պարտադիր ծախսերն եմ գումարել, հաշվել, թե նախկին գյուղապետերի ծախսերը ինչքան են եղել այս տարածաշրջանում: Ոնցոր դրեցին, հաշվեցին, որ պարզեցված հարկով էին աշխատում խոշոր գործարարները, որովհետեւ քաղաքական որոշում կար, փողերը ճամփին կուլ էին տալիս եւ այլն, նույնն էլ գյուղապետերը: Ամսական 2-ից 4 կանեստեր վառելիք են տվել օրգաններին, մի հատ աքլոր են մորթել, տարեկան մի հատ գառ են մորթել, ու ստացվում է իմ հաշվարկով` 37 հազար դրամ ամսական պարտադիր ծախս են ունեցել այն իշխանությունների օրոք: Ես ուզում եմ հասկանալ` այսքանը չեն հասկանում:
Այդ գործ հարուցողները էդ գառն են կերել, էդ վառելիքը եթե չլիներ, իրենք ոչ թե օպերատիվ աշխատանքով կզբաղվեին, հանցագործություն կբացեին, անգամ տեղ էլ չէին հասնի իրենց ֆոնդերով, եւ դա բոլորը գիտեն: Դրել են ինչ են ուզում անել: Նիկոլին են թիկունքից խփում էդ նախկին իշխանության ներկայացուցիչները, որ էսօր 90 տոկոս իշխանության մեջ են: Այդ քննիչները, որ այսօր գործ են հարուցել, թող իրենց կերած գառը հետ տան, իրենց կերած աքլորը հետ տան, իրենց վառած բենզինը հետ տան, այդ մարդիկ էլ կարողանան փակեն այդ յուրացումները: Թող գնան, իրական յուրացումների տեղը ման գան:
Նախորդ իշխանությունը կոռուպիցիոն սխեմայով է ղեկավարել երկիրը: Այսինքն` պարտադրել են, որ գյուղապետը խախտումներ անի, որ էդպես ղեկավարվի: Ամբողջ երկիրն է այդպես ղեկավարվել: Ես հաշվարկ եմ անում, հասկանում եմ, որ մի բան էլ իր գրպանից է գյուղապետը փող դրել: Այս տարածքի գյուղապետերը հիմա վարկի ու պարտքի տակ են, ոնց որ իրենց գյուղացիները: Իրենք էս հարցը չեն բարձրացնի, չեն ասի` արա, ախր էդ աքլորն ես կերել, ես պիտի մի տեղից հանեի: Կա՛մ ծառատունկ էիք անում, կա՛մ խաչի բացում էիք անում, սեղան էիք գցել տալիս, չէ՞: Հո հորս տնից չէի՞ն բերելու էդ փողերը:
-Դուք ի՞նչ լուծում եք տեսնում այս պարագայում:
-Թող ձեռք քաշեն գյուղապետերից: Եթե էսպես լինի, ամբողջ Հայաստանին պետք է դատեն: Կամ այն 11 հազար նպաստառուները 10 տարի է` իրենց պարտքի տակից չեն կարողանում դուրս գալ: Սկզբից վարկ են վերցրել, հետո դա վերաձեւակերպել են կապակցված, հետո փոխկապակցված, հետո խմբակային: 10 տարի է` այդ վարկը տալիս են, 100 հազար դրամ պարտք էն վերցրել, դեռ եսիմ ինչքան էլ պարտք են:
Հատուկ եղել է սխեմա, որ մարդկանց ստիպեն ծախել իրենց ունեցվածքը: Կոմունիստների ժամանակվա հավաքած ոսկիները տվեցին, հերիք չէ, նշանի մատանիներն էլ ձեռքերից առան էդ վարկերով: Հիմա մենք ինչի՞ ենք համարում, որ էդ 11 հազարն էլ, որ վարկ են էսօր փակում, ստիպված են փակում շատերը:
Պիտի հատ-հատ ուսումնասիրվի: Դրանց մեջ կլինեն այն մարդիկ, որոնց մասին խոսվում է, թե ինչու են նպաստ ստանում, միգուցե նույնիսկ նպատասի իրավունք էլ չունեն, կլինեն մարդիկ, որ անունները գրել են, այդ սոցիալ վարչությունները իրենց գրպանն են դնում: Բայց հիմնականում էդպես չէ: Այս բաներին պետք է ուշադիր լինել:
Իսկ կոռուպցիայի տեղը ես ասեմ` նախորդ տարվա բյուջեների ցանկացած հոդված: 700 հազար Մոզամբիկից էր, որտեղից էլ մասնագետ էին բերել, որ իրեն աճեցնի, կովի կրծքերն էին լվալ սովորեցնում, բոլոր ճանապարհաշինարարությունները, գազաֆիկացման աշխատանքները, բոլոր դպրոցների վերանորոգումները, մանկապարզտեզների կառուցումները, վարկային ծրագրերը, խորհրդատվական ծախսեր կային 24 տոկոս:
Սա է իրենց ման գալու տեղը, ոչ թե էկել ընկել են գյուղապետերի հետեւից: Էսօր էն քննիչը որ գործ է հարուցել, թող իր կերած գառի, վառած բենզինի փողը հետ տա գյուղապետին, եթե դա համարում են յուրացում: Պետք է տարանջատել լեռնային տարածքի գյուղապետերին եւ Արարատյան դաշտի գյուղապետերին:
Եթե ուրիշ տեղերում հող են ծախել, դա արժեք է ունեցել, էստեղ ստիպված ասել են` գառ բե՛ր, գառն էլ որտեղի՞ց պիտի տա. կա՛մ պիտի մարդ ձեւակերպեր, մեկի ռոճիկը վերցներ, դներ ծախսերի մեջ, կա՛մ պիտի գյուղապետարանի ունեցվածքը ծախեր, այդ հարցը փակեր: Մարզպետ էր գալիս, պիտի տաներ, պատիվ տար, ծրագրեր էին իրականացնում, պիտի հաց կերցնեին:
Չգրված, բայց պարտադրված կարգեր են եղել նախորդ իշխանությունների օրոք: Էնպիսի տպավորություն է, որ այս իշխանությունները նրանց օրգանական շարունակությունն են. այդ թեզն են առաջ տանում, գործեր են հարուցում գյուղապետերի դեմ: Ես իմ անունից պաշտոնապես հայտարարում եմ` Ապարանի, Ծաղկահովիտի 44 գյուղեր այդ վիճակում են եղել:
Լուսինե Մինասյան