2019թ․ մարտի 13-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհից վերեւ` Այրում քաղաքի տարածքում, մեծ ժայռեր կան, այդտեղ` հողի մեջ եւ հենց ճայռերի արանքում, խոր ճեղքեր են գոյացել: Մեծ ճեղքը լայնակի երկար ձգվում է: Ժայռերը ցանկացած պահ կարող են պոկվել, գլորվել ներքեւ, ուր միջպետական ավտոճանապարհն է:
Այդ հրապարակումից հետո Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները եկել են, տեսել իրավիճակը, տեղում լուսանկարներ արել: Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանից տեղեկացանք, որ այս ընթացքում ժայռերի արանքում գտնվող ճեղքերը գարնան անձրեւներից ավելի են մեծացել, առկա է փլուզման վտանգ:
Մի ժայռաբեկոր պոկվել-ընկել է միջպետական ավտոճանապարհի վրա, բարեբախտաբար, վնասներ չեն եղել: Այրում համայնքի ղեկավարն ասաց, որ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները հայտնել են, որ պետք է կառավարության կողմից ֆինանսավորում լինի, որպեսզի այդ հատվածում իրենք ժայռերի պայթեցման աշխատանքներ կատարեն:
2011թ. հոկտեմբերի 2-ին այդ հատվածում հողի սողանքի հետեւանքով 5 հոգի զոհվեց, միջպետական ավտոճանապարհը տեւական ժամանակով փակվեց:
Ոսկան Սարգսյան
Տավուշ