Հանձնաժողովն ինչպե՞ս պետք է բացահայտի պատերազմի հանգամանքները, դրա մեղավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր, որպեսզի խորհրդարանում ստեղծվի Քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի 2016 թվականի քառօրյա պատերազմի հանգամանքները: Երեկ տեղի է ունեցել հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի ղեկավարը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է:

Հանձնաժողովի աշխատանքների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նույն հանձնաժողովի անդամներից Արմեն Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, ի՞նչ է սպասվում առաջիկայում, հանձնաժողովը ինչպե՞ս պետք է բացահայտի պատերազմի հանգամանքները, դրա մեղավորներին, օրակարգ ունե՞ք, թե ինչից եք սկսելու:

-Պետք է ուսումնասիրենք մի ամբողջ պատերազմի գործընթացներ, իսկ այդ ամենը պետք է լինի օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ: Բոլոր հանգամանքները պետք է ուսամնասիրենք, իսկ դա նշանակում է սարսափելի մեծ ծավալի աշխատանքներ, դա նշանակում է պատերազմի մասնակցած շարքային զինվորների լսում, մինչեւ գեներալներին լսել, հասկանալ: Հանձնաժողովը այն պետք է իրականացնի 6 ամիս ժամկետով, իսկ մենք էլ պետք է այդ ժամկետում տեղավորվենք:

-Իսկ ի՞նչ տեղեկություններ կկարողանաք տրամադրել հանրությանը, որքանո՞վ է այն բաց լինելու հասարակության համար:

-Այն ամենը, ինչ պետական գաղտնիք չի պարունակելու, այն տեղեկությունը, որը հրապարակման ենթակա է, իհարկե կհրապարկվի, կներկայացվի հանրությանը: Ինչպես նաեւ վերջում Քննիչ հանձնաժողովի եզրակացությունը կներկայացվի:

-Ըստ Ձեզ` կհաջողվի՞ նախկին իշխանությունների ներկայությունն ապահովել նիստերին, թե՞ կհրաժարվեն մասնակցել այդ պրոցեսին:

-Չեմ կարծում խնդիր կլինի. հանձնաժողովի իմաստն այն է, որ հետագայում կանխենք այն, ինչ եղել է: Ես կարծում եմ, որ իրենք կգան ու կներկայացնեն այն, ինչ եղել է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս