ԱՐՑԱԽԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԿՈՂՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ «ՄՈՒԹ» ԿԵՏԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգի հարցով հրավիրած խորհրդակցությանը հայտարարել էր. «Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձեւը, այն է` տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ «բաժանի՛ր, որ տիրես» տրամաբանությամբ` նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով»:

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը` Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով` դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Այս իմաստով դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, եւ, որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ, պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար»:
Ուշագրավ է նաեւ Ն. Փաշինյանի հայտարարությունը. «Հասունացել է ժամանակը` 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու եւ մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հայտարարության շուրջ զրուցել է ԱԺ ԼՂՀ «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցի հետ:
-Պարո՛ն Բաղունց, ի՞նչ դիրքորոշում ունեք` Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ կապված: Վերջինս նշել է, որ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը` Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար:
-Նախ ասեմ, որ ես զարմանում եմ, թե ինչու են շրջանառում Արցախի եւ Հայաստանի ժողովուրդ հասկացությունները. ո՞վ է ուզում տարանջատի Արցախի բնակչությանը ու ՀՀ-ի բնակչությանը: Ես չեմ հասկանում. կա ընդհանուր մի հայկական ժողովուրդ, ես ոչ մի պարագայում, ոչ մի տեսանկյունից չեմ ընդունում, որ տարանջատում են Արցախի եւ Հայաստանի ժողովրդին: Իսկ ինչ վերաբերում է, որ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը, ապա ես կարծում եմ, որ նման համակարգերում պետք է պատերազմ գնա, որովհետեւ նման մոտեցումների պարագայում մենք չենք կարող նորմալ, արդար պետություն կառուցենք:
-Ովքե՞ր են, ըստ Ձեզ, Հայաստան-Արցախ ժողովրդի «բաժանման» հեղինակները, ինչո՞ւ է հրահրվում նման իրավիճակ երկու կողմերում:
-Ոչ հայամետ քաղաքացիներն են նման տեղեկություններ տարածողները, ոչ հայամետ ուժեր, որոնք ոչ մի դեպքում չեն ուզում, որ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները կայանան ու ստեղծեն մի ընդհանուր հայոց աշխարհ: Ես պատերազմով անցած մարդ եմ, շատ դժվարություններ եմ տեսել մեր երկու պետականության ստեղծման պարագայում, ու անգամ պատերազմի ժամանակ դավաճանություն բառը շատ զգուշավոր ենք օգտագործել, բայց, այնուամենայնիվ, երկու պետությունների կառուցման հարցում պետք է շատ զգույշ լինել. մի կողմից` ծայրահեղ քայլեր չկատարենք, իսկ, մյուս կողմից էլ, այնպես չլինի, որ այնտեղ, որտեղ հստակ վճռական քայլեր են պահանջվում, մենք փորձենք բավարարվենք շատ քչով: Բայց այն, որ պետք է պայքար գնա կոռուպցիայի դեմ, այն ուժերի դեմ, որոնք անձնական, կուսակցական շահեր են հետապնդում, մենք պետք է ազգի շահերը, պետության շահերը հստակեցնենք ու առաջնորդվենք միմիայն դրանով:
-ՀՀ վարչապետը հանդես է եկել նաեւ մի ուշագրավ հայտարարությամբ, ըստ որի` հասունացել է ժամանակը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու եւ մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար: Ըստ Ձեզ` ի՞նչ պետք է բացահայտվի:
-Ես, բնականաբար, չեմ ուզում կոնկրետանալ, խորանալ այդ հայտարարության ենթատեքստերի վրա, շատ բան է եղել, շատ կասկածներ կան, շատ մտահոգություններ կան` սկսած նրանից, թե ինչու մենք ընդհանուր առմամբ լիարժեք պատրաստ չէինք թշնամու կողմից նման գործողություններին, վերջացրած կոնկրետ փաստերից, կոնկրետ պոստերի վիճակից եւ այլն, եւ այլն: Իսկապես հանրությանը հուզող բոլոր հարցերը քննության կարիք ունեն, իսկ պետությունն ինչքան նպաստի նման հարցերի բացահայտմանը, այնքան հետագայում հնարավորինս ամուր պետություն ենք կառուցելու: Պետք է արդեն որոշվի, թե դա ինչպես է արվելու: Իսկապես պետք է ամենայն լրջությամբ այդ հարցերով զբաղվել եւ բացահայտել այն, ինչը հուզում է բոլորին:

 

 

 

ՉԻ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԱՄՈՒՍՆՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, խորը «հիասթափության» մեջ է: Ըստ մեր տեղեկությունների` Նազարյանն իր մտերիմների շրջապատում հայտարարել է, որ շատ է հիասթափվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարած քաղաքականությունից ու հատկապես դեմ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը:

Լենա Նազարյանը վերջին ժամանակահատվածում մեկուսացել է, ավելին` խորհրդարանում նրա հետ «Իմ քայլ»-ականներից ոչ ոք չի շփվում, որեւէ հարցի շուրջ նրա հետ չեն խորհրդակցում, հիմնական «հավաքները» լինում են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի սենյակում:
Ըստ մեր տեղեկությունների` Լենա Նազարյանի հետ հարազատ խմբակցության պատգամավորների հետ չշփվելը կապված է հատկապես այն հանգամանքի հետ, որ Աժ փոխնախագահ ընտրվելուց հետո իր «վարքագիծը» փոխել է: Վերջինս սկսել է շատ քիչ «շփվել» պատգամավորների հետ, իրեն շատ գոռոզ է պահել, ինչի համար էլ պատգամավորները սկսել են բոլոր հարցերում դիմել Լիլիթ Մակունցին:
Իսկ Լենա Նազարյանն այդ հանգամանքը բացատրել է նրանով, որ իրեն դուր չի գալիս կուսակցության կատարած աշխատանքները, ու դրանք չեն բխում այն ամենից, ինչն իրենք դրել էին իրենց առջեւ հեղափոխությունից առաջ: Նշվում է նաեւ, որ այս ամենի շրջանակներում Լենա Նազարյանը չի լինելու առաջիկայում ձեւավորվելիք ՔՊ վարչության կազմում:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ, որը հայտարարել է, թե չգիտի` որտեղից են նման խոսակցությունները հայտնվում: «Նույնիսկ չգիտեմ, թե ինչ պատասխանեմ, ինչ նեղացվածության մասին է խոսքը. բոլոր քննարկումներին մասնակցում եմ, բոլոր նիստերին ներկա եմ, բոլոր գործընկերներիս հետ համագործակցում եմ: Ես երկու անգամ եղել եմ վարչության անդամ, հիմա վարչության անդամի թեկնածություն ներկայացրել է իմ ամուսինը, որ կուսակցության անդամ է: Ես շահերի բախումից հնարավոր խուսափելու համար որոշեցի չառաջադրվել, ինչը չի նշանակում, որ ես հետ եմ պահել կուսակցության հետ կապված տարբեր հարցերի քննարկումներից: Ես ստացել եմ քաղաքացիների ձայնը. ես ի՞նչ իրավունք ունեմ հրաժարվել մանդատից»,- հայտարարեց Լ. Նազարյանը:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ՈՎՔԵՐՈ՞Վ
Երեկ ՀՅԴ Գերագույն մարմինը մայիսի 23-ին հանրահավաք է հրավիրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՅԴ-ականները երեկ իրենց գրասենյակում ծավալուն եւ թեժ քննարկում են ունեցել ստեղծված իրավիճակի շուրջ, ապա որոշել հանրահավաք հրավիրել եւ իրենց անհամաձայնությունը հայտնել։ Եվ չնայած պաշտոնապես արտախորհրդարանական ուժերը չեն հայտնել նրանց սատարելու կամ չսատարելու մասին, սակայն, մեր տեղեկություններով, հանրահավաքին ներկա կլինեն առանձին քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ՀՀԿ-ից, սակայն կներկայացնեն ոչ թե կուսակցությունը, այլ որպես անհատ։ Ընդ որում, ՀՅԴ-ն նախատեսում է այս օրերին քննարկումներ անել լայն սպեկտորների հետ։

 

 

ԴԵՌԵՎՍ ԵՐԿՈՒ ԴԻՄՈՒՄ
Երեկ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է երեկ դատարանների մուտքերն ու ելքերն արգեփակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերեւույթ հանցագործության վերաբերյալ ներկայացված բոլոր հաղորդումները, ահազանգերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն դրանք ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու, համակողմանի այդ իրադարձությունները քրեադատավարական կարգով ստուգելու եւ իրավական գնահատականի արժանացնելու նպատակով: Մեզ հայտնի դարձավ, որ երեվա դրությամբ դեռեւս երկու դիմում է ստացվել, որոնցից մեկը դատավոր Դավիթ Բալայանի հետ տեղի ունեցածն էր, որ նա ցանկացել էր մտնել դատարան, բայց թույլ չէին տվել ու հրել էին:

 

 

ԴԱՏԱՎՈՐ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻ ՆԻՍՏԵՐԸ
Երեկ տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով, երբ մի շարք դատավորներ վախից տանից դուրս չէն եկել , իսկ մի մասն էլ փորձել էր պատուհանից ներս մտնել, դատավոր Զարուհի Նախշքարյանի դեպքում իրավիճակն այլ էր: Ենթադրվում է, որ դատավոր Նախշքարյանը Արաբկիրի դատարանի ներսում նիստեր է կայացրել ու հետաձգել: Սակայն ուշագրավն այն է, որ դատավորը պատահական մարդ չէ. վերջինս Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի դուստրն է: Չի բացառվում, որ փաստաբան հայրն իր երկարամյա փորձով դստերն ասել է, թե իրավիճակից ինչպես դուրս գա, շուտ գնա դատարան, նիստեր կայացնի եւ հետաձգի:

 

 

ԴԻՄՈՒՄՆԵՐ ԿԳՐԵՆ
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ բոլոր այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ, պետք է հրաժարական տան` այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով ՀՀ-ին ու նրա ժողովրդին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատավորներից շատերը կարծիք են հայտնել, որ ազատման դիմումներ կներկայացնեն եւ հանգիստ խղճով կհեռանան համակարգից: Ասել է թե` առաջիկայում դիմումների տեղատարափ կսկսվի: Ոմանք էլ հայտարարել են, որ դիմադրելու են ու չեն հանձնվելու:




Լրահոս