«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահ համակարգում քննարկում են ՀՔԾ-ի հնարավոր լուծարման մասին: Մասնավորապես, վարկածներ են առաջ քաշվել ստեղծելու հակակոռուպցիոն մարմին, իսկ Հատուկ քննչական ծառայությունն էլ լուծարել: Այս իրավիճակում հետաքրքիր է` ինչպես են դասակարգելու կոռուպցիոն գործերը, քանի որ կոռուպցիան լայնաշերտ երեւույթ է: Ավելին, իրավապահ համակարգում լուրեր են պտտվում այն մասին, որ չի բացառվում` վերոնշյալ մարմինը ստեղծելուց հետո ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին եւ չդառնա նոր մարմնի ղեկավարը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել էր տեղեկությունը պարզել ՀՔԾ-ից, որտեղից ի պատասխան` հայտնեցին, թե նման տեղեկության իրենք չեն տիրապետում:
ՀՔԾ-ի լուծարումն ու նոր մարմնի ստեղծումը ուշագրավ են այնքանով, որ ՀՔԾ-ն եվրոպական որոշ պարտավորությունների շրջանակներում է մեր երկրում ձեւավորվել, բացի այդ, անհասկանալի է, թե ինչպես են դասակարգվելու կոռուպցիոն գործերը, որոնք պիտի քննվեն նոր մարմնում:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ մասնագիտական մեկնաբանությունների համար զրուցեց Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՌԴ գլխավոր դատախազության համալսարանի դասախոս, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ:
-Պարո՛ն Կոստանյան, Ըստ Ձեզ` արդյոք հնարավո՞ր է ՀՔԾ-ն լուծարել եւ դրա փոխարեն հակակոռուպցիոն հարցերով զբաղվող մարմին ստեղծել:
-Ես հավանականություններով ու կանխատեսումներով, իհարկե, չեմ ցանկանում հիմա ներկայացնել իմ դիրքորոշումը, բայց պետական մարմնի լուծարումը եւ ստեղծումը իր մեջ ունի տրամաբանություն, նպատակներ եւ հիմքեր: ՀՀ Հատուկ քննչական ծառայության դերը միայն հակակոռուպցիոն գործունեությունը չէ: Հատուկ քննչական ծառայությունը ստեղծվել է երեք նպատակների համար.
1. խոշտանգումների դեմ պայքարի արդյունավետության միջոցն է բարձրացնում,
2. կոռուպցիայի դեմ արդյունավետությունը բարձրացնելն է,
3. ընտրական վեճերի կամ ընտրությունների հետ կապված հանցագործությունների քննությունն էր:
Եվ հիմա ՀՔԾ-ն դիտարկել բացառապես կոռուպցիայի դեմ պայքարի կոնտեքստում, ես կարծում եմ, սկզբունքային սխալ է, դա մեկ:
Երկրորդը` ՀՔԾ-ն ստեղծելու ժամանակահատվածում այնպես չի, որ ուղղակի որոշվել էր ու ստեղծվել էր, հիմա էլ պետք է որոշվի ու լուծարվի. բավականին երկար քննարկումներ են տեղի ունեցել միջազգային կառույցների հետ, եվրոպական մեր գործընկերների հետ: Ես էլ, ընդ որում, մասնակից եմ եղել դրան խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հետ: Այսինքն` այնպես չէ, որ հիմա ստեղծվում է հակակոռուպցիոն մարմին, եւ ՀՔԾ-ն պետք է լուծարվի: Ես չեմ լսել նման մոտեցում. ուղղակի որ Դուք հարցնում եք, ես պատասխանում եմ:
-Ի վերջո, հակակոռուպցիոն մարմինը ո՞ր գործերը պետք է ուսումնասիրի: Կոռուպցիան այնքան լայն հասկացություն է, ինչպե՞ս են դասակարգվելու գործերը:
-Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված մարմին կստեղծվի, թե ոչ, իմ կարծիքով՝ դա որեւէ կապ չունի ՀՔԾ-ի հետ: ՀՔԾ-ի ստեղծվելու առաջնահերթ խնդիրը եղել է այն, որ ունենանք մի մարմին, որը կզբաղվի, օրինակ, անձի այն հայտարարություններով, թե, դիցուք, Քննչական կոմիտեի կամ այլ մարմնի քննիչները իր նկատմամբ խոշտանգում են կիրառել կամ ստիպել են, որ ցուցմունք տա: Այսինքն` մեր նպատակը այնպիսին էր, որ ստեղծենք իրավապահ համակարգում այնպիսի իրավիճակ, որ փոխադարձ հակակշռման մեխանիզմ լինի: Դրա համար էլ քննչական մարմինների տեղաբաշխվածությունը կատարվել է այնպես, որ քննիչների հակակշռման սխեմա լինի առնվազն իրենց կողմից կատարված հանցագործությունների քննության արդյունավետության տեսակետից: ՀՔԾ-ն լուծարելը կամ չլուծարելը որեւէ կապ չունի հակակոռուպցիոն նոր մարմին ձեւավորելու հետ: Այսինքն` ՀՔԾ-ն այլ խնդիրներ ունի, եւ ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարը:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, շատ մոդելներ կան աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված մարմիններ ստեղծման եղանակով կամ ստորաբաժանումներ ստեղծելու եղանակով: Եվրոպայի խորհրդի սահմաններում, իմ խորին համոզմամբ, ես էլ ժամանակի այս մասով քննարկումներ եմ ունեցել. լավագույն օրինակը Ռումինիայի օրինակն էր, որը Եվրոպայի համար մոդելային օրինակ էր համարվում:
-Եվ ի՞նչ է այն ենթադրում:
-Երբ Ռումինիայում ստեղծվեց հակակոռուպցիոն առանձին մարմին, որն իր մեջ պարունակում էր ինչպես կոռուպցիայի դեմ, կոռուպցիայի հետ կապված քննող դատավորներ, այնպես էլ կոռուպցիոն հանցագործություններ քննող քննիչներ, դատախազներ: Սա Եվրոպայի խորհրդի անդամ երկրների համար օրինակելի մոդել էր: Ինչպես գիտեք, Ռումինիայում այն շատ լավ աշխատել է: Ցանկանում եմ ասել, որ մենք ինքներս պետք է որոշենք, թե որ մոդելն է մեզ համար կիրառելի:
Իսկ ՀՔԾ-ն լուծարելու համար դու պետք է ունենաս հիմք, առաջին` փաստարկված ունենաս, որ տվյալ մարմինը արդյունավետորեն չի կատարում իր առջեւ դրված խնդիրները. դա պետք է պատճառ հանդիսանա:
Երկրորդը` արդյոք դու ունե՞ս այնպիսի մոդել իրավապահ համակարգի համագործակցության, որը կլուծի այն խնդիրները, որոնք ՀՔԾ-ն լուծում էր: Այսինքն՝ լավ, ստեղծեցիք հակակոռուպցիոն մի մարմին, շատ լավ, բա ՀՔԾ-ի մյուս խնդիրները ո՞վ պետք է լուծի: Երբ ստեղծվում էր ՀՔԾ-ն, տարբեր մարմինների՝ Եվրոպայի խորհրդի, թե Եվրոպայի խորհրդի ստորաբաժանումների հանձնաժողովների հետ, այսինքն` Վենետիկի հանձնաժողովի հետ էլ ենք քննարկել այս հարցը շատ երկար: Ու իրապես ՀՔԾ-ի ստեղծումը կամայականություն չէր, այլ լրջագույն աշխատանքի արդյունք է:
ԴՐԴԵԼ ԵՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
2017 թվականի նոյեմբերի 11-ին` Ժամը 09:45-ի սահմաններում, մի քաղաքացի Դավիթաշեն կամրջից ինքնասպանություն է գործել` իրեն ցած նետելով: Ըստ մամուլի հրապարակումների` ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել էն, որ մահացածը Երեւանի բնակիչ 39-ամյա Արմեն Հովհաննիսյանն է, որը նախկինում գործարար է եղել եւ ծայրահեղ այդ քայլին դիմել է ֆինանսական խնդիրների պատճառով:
Տպավորությունն այնպիսին է, որ այս ինքնասպանությունը մյուս դեպքերի նման պետք է մնար չբացահայտված, թե ինչու այս կամ այն երիտասարդ անձը ինքնասպան եղավ: Երիտասարդ գործարարի ինքնասպանությունը, սակայն, բավականին խորը արմատներ ունի, քանի որ 39-ամյա երիտասարդին իրականում դրդել են գնալ այդ քայլին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արմեն Հովհաննիսյանի ինքնասպանության գործով երկու անձ հայտնվել են մեղադրյալի աթոռին:
Մասնավորապես, նախաքննական մարմինը Վյաչեսլավ Ասրյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա Միխաիլ Շամիրյանի հետ միասին սպառնալիքի ու անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով Արմեն Հովհաննիսյանին անզգուշությամբ հասցրել է ինքնասպանության. Հովհաննիսյանը 2017թ. նոյեմբերի 11-ին Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջից նետվելու միջոցով ինքնասպան է եղել:
Միխայիլ Շամիրյանին եւս մեղադրանք է առաջադրվել, որ նա Վյաչեսլավ Ասրյանի հետ միասին, սպառնալիքի ու անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով Արմեն Հովհաննիսյանին անզգուշությամբ հասցրել է ինքնասպանության: Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը:
Ի դեպ, այս քրեական գործը քննելու է «Սասնա ծռեր»-ի գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Նյութրը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ԳՅՈՒՂԱՊԵՏԸ` ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ
Արմավիրի մարզի Մրգաստան համայնքի ղեկավարի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` Մրգաստանի գյուղապետը, 2008 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016-2018թթ. ընկած ժամանակահատվածում պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել է համայնքի մի շարք բնակիչներից օրենքով սահմանված կարգով վճարված եւ համայնքի բյուջե մուտքագրման ենթակա խոշոր չափի գումար: Մրգաստան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
ԶԻՆՎՈՐ Է ԶՈՀՎԵԼ
Հունիսի 18-ին` ժամը 07:40-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Արայիկ Էրիկի Բալասանյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` վնասվածքներ ստացած զինծառայողը ժամը 09:00-ի սահմաններում մահացել է հիվանդանոցում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԳՏՆՎՈՒՄ Է ԲԿ-ՈՒՄ
Օրերս կրակել էին Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի ղեկավարի՝ Գրիգոր Սարհատյանի ուղղությամբ։ Սարհատյանը ստացել էր աջ ազդրի ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վիրավորում, բազմաբեկոր բաց կոտրվածք տեղաշարժով, տրավմատիկ շոկ։ Նշենք, որ վերջինս գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում։ ArmLur.am-ի տեղեկություններով` Լուսահովիտ համայնքի ղեկավարի հետ տեղի ունեցածը ֆինանսական խնդիրների հետեւանք է, քանի որ վերջինս բազում պարտքեր է կուտակել եւ հավանաբար չկարողանալով գումարները ճիշտ ժամանակին վերադարձնել` բանը հասել է զենքի գործադրմանը: Հավելենք, որ կրակոցի հետեւանքով Գրիգոր Սարհատյանը կորցրել է ոտքը: Նշենք, որ դեպքի արթիվ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարող անձին հայտնաբերելու եւ նրա գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ: