ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում կստեղծվի նոր կոմիտե. ինչպե՞ս է համակարգվելու, եթե ղեկավարը տեղում չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կկատարվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ կստեղծվի օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե»,ինչից հետո կհաստատվի կոմիտեի կանոնադրությունը:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրի հաստատման իրավասությունը կվերապահվի ազգային կոմիտեին: Իսկ օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը կհաստատվի ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականություն մշակող լիազորված մարմնի ղեկավարը ի պաշտոնե կլինի ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի նախագահ: Խոսքը Տաթեւիկ Ռեւազյանի մասին է: Հիշեցնենք, որ Տաթեւիկ Ռեւազյանը ամենաակտիվ ճամփորդող պաշտոնյան է:

Հետաքրքիր է` ինչպես է նրան վստահվելու նման կոմիտե համակարգելը այն դեպքում, երբ նա հեռախոսազանգերի չի պատասխանում, գրեթե միշտ տեղում չէ եւ գրեթե միշտ երկրում չէ:

Այստեղ տեղին է նշել նախորդ տարի թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված աշխատանքային խմբի օրինակը: Այն ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Աշոտ Հակոբյանի կողմից ստեղծված աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրեր հայկական ավիացիայի ոլորտի խնդիրները:

Բայց պարզվում է, որ խմբի մասնակիցները նախորդ տարվա ընթացքում պարբերաբար հավաքվել են եւ քաղավիացիայի խնդիրների շուրջ քննարկումներ անցկացրել, այս տարվա ընթացքում երբեւէ չեն հավաքվել եւ որեւէ քննարկում չի անցկացրել: Ավելին, խումբն էլ լուծարվել է:

Ի դեպ, խմբում ներգրավված են եղել բնականաբար քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը, ոլորտի մասնագետները եւ շահագրգիռ այլ կողմեր, այդ թվում` տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ: Նկատենք, որ այս աշխատանքային խմբում ներգրավված քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն անցած տարվա ընթացքում ընդամենը մեկ անգամ է ներկա գտնվել քննարկմանը:

Այսինքն` Տաթեւիկ Ռեւազյանն արդեն իր փորձով թերեւս ցույց է տվել, որ նման կարեւոր եւ լուրջ աշխատանք իրեն վստահել պետք չէ: Հիմա ի՞նչ երաշխիք կա, որ այս կոմիտեի ստեղծվելուց հետո նա տեղում կլինի եւ կհամակարգի այդ աշխատանքները:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս